Home / Բնապահպանություն / Փաշինյանը խոսել է Բնապահպանական տեսչության ղեկավարի պաշտոնանկության մասին

Փաշինյանը խոսել է Բնապահպանական տեսչության ղեկավարի պաշտոնանկության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում՝ փետրվարի 1-ի առավոտյան այցելել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ հանդիպել է Բունդեսթագի պատգամավորների, ԳԴՀ կանցլերի աշխատակազմի, գերմանական քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետ: Հարցուպատասխանի ժամանակ նա մասնավորապես խոսել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկության մասին։

– Հարցս կապված է Հայաստանի հանքարդյունաբերության քաղաքականության հետ։ Ինչպես գիտենք, հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարեւորագույն ճյուղերից է։ Զանգեզուրի պղնձի եւ մոլիբդենի կոմբինատը, որն ամենամեծն է Հայաստանում, 60 տոկոսով պատկանում է գերմանական «Քրոնիմետ» ընկերությանը։ Այնտեղ տեսչական ստուգումներից հետո Արթուր Գրիգորյանը, ով ղեկավարում էր այդ աշխատանքները, հեռացվել է պաշտոնից։ Հասարակության համար նրա՝ պաշտոնից ազատման հիմքերը դեռ անպատասխան են մնում։ Կուզեի լսել Ձեր կարծիքն այն մասին, թե ինչու է Արթուր Գրիգորյանը աշխատանքից հեռացվել։ Նաև, համառոտ ներկայացրեք հանքարդյունաբերության մասին Ձեր քաղաքականությունը։

Փաշինյան․ – Նախ արդյունաբերական ոլորտի մասին․ առաջին հերթին, երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, մենք նկատի ունենք տնտեսական կառուցվածքի փոփոխությունը, որովհետև, ցավոք սրտի, մեր տնտեսության անկյունաքարերը հանքարդյունաբերությունն է և ավանդական գյուղատնտեսությունը։ Եվ մենք ուզում ենք, որ մեր տնտեսության կառուցվածքում տեղնոլոգիական արդյունաբերությունը և տեխնոլոգիական ոլորտը մեծ տեղ զբաղեցնի և, ինչպես իմ ելույթում ասացի, լինի մեր տնտեսության լոկոմոտիվը։ Իսկ ընդհանուր առմամբ հանքարդյունաբերության ոլորտում մեր պատկերացումը հետևյալն է․ հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է բավարարի բարձր բնապահպանական չափանիշներին։ Սա մեր կառավարության առաջնահերթություններից է։ Վերջերս հանդիպել եմ, ընդունել եմ նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերին, և այս խնդիրը շատ հստակ ձևակերպել եմ․ հանքարդյունաբերության ոլորտը պետք է համապատասխանի նույն չափանիշներին, ինչ չափանիշներ գործում են Եվրոպայում։ Այս առումով կարևոր է նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը։ Նույն մոտեցումը մենք ունենք նաև հայտնի «Ամուլսարի» ծրագրի շրջանակներում, որտեղ մենք միջազգային փորձաքննություն ենք նշանակել ստանալու համար մեզ համար կարևոր հարցերի պատասխանները։

Ինչ վերաբերում է բնապահպանական տեսչության ղեկավարի պաշտոնանկությանը․ իմ կառավարությունում ցանկացած պաշտոնյայի պաշտոնանկություն պիտի կապված լինի նրա աշխատանքի արդյունավետության հետ։ Եթե արդյունավետությունը ինձ գոհացնում է, պաշտոնյան շարունակում է պաշտոնավարել։ Եթե չի գոհացնում, նա չի շարունակում պաշտոնավարել։ Եվ ես այս առումով վերջին ամիսների մեր աշխատանքը՝ նաև բնապահպանական տեսչության աշխատանքը, մեր հռչակած քաղաքական սկզբունքների տրամաբանության մեջ, որ հանքարդյունաբերությունը․․․ և ընդհանրապես մենք գնում ենք․․․ էկո-Հայաստանի ռազմավարությամբ և պիտի ամենաբարձր բնապահպանական չափանիշներին համապատասխանեցնել մեր միջավայրը, այդ թվում հանքարդյունաբերության։ Եվ այս առումով ես բնապահպանական տեսչության աշխատանքը բավարար և արդյունավետ չեմ գնահատել։ Եվ բոլոր գործընթացները պետք է այդ ուղղությամբ գնան, որպեսզի աշխատանքը լինի առավել արդյունավետ։

ձայնագրությունը Epress.am-ին տրամադրել է հանդիպման մասնակիցներից մեկը