Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանն Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։
Անցած ամռանից Սարգսյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 178 հոդվածի հատկանիշներով՝ խարդախության համար։ Պողոսյանն ասաց, որ խոսքը վերաբերում է Մարտիրոս Սարյանի գծանկարներին։
Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Փաստաբանն առաջադրված մեղադրանքն անհիմն որակեց։
2018-ի հուլիսի 4-ին ԱԱԾ֊ն շուրջ 9 ժամ խուզարկել էր Երևանի Թումանյան 11 հասցեում գտնվող Սարգսյանների բնակարանը, ինչից հետո՝ ուշ երեկոյան, Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ: Ավելի ուշ կառույցը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և նրա հոր բնակարանում խուզարկությամբ հայտնաբերել էր գումար, թմրանյութ և Մարտիրոս Սարյանի նկարներ, որոնք Սարգսյանն, ըստ ԱԱԾ հաղորդագրության, ստացել է Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը չարաշահելով:
62-ամյա Ալեքսանդր Սարգսյանը, ով ավելի հայտնի է Սաշիկ անունով, 2003-2011 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, մամուլը նրա անունը կապում է բազմաթիվ բիզնեսների հետ:
Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանն ասաց, որ չի մեկնաբանում այսօր մամուլում տարածված տեղեկությունը, թե Ալեքսանդր Սարգսյանը 18.5 միլիոն դոլար է փոխանցել պետբյուջե՝ տեղեկատվությունը համարելով նախաքննական գաղտնիք։
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Դավիթաշեն» թաղամասում վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի կարողությանը, հայտարարել էր, որ «Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար»։