Home / Բանակ / Պաշտպանության նախարար․ Մարտի 1-ին բանակն օգտագործվել է

Պաշտպանության նախարար․ Մարտի 1-ին բանակն օգտագործվել է

«Մարտի 1»-ին Զինված ուժերն օգտագործվել են, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել և կատարել են իրենց պարտականությունը: Քանի որ նախաքննության փուլն ավարտվել է, մտնում ենք դատաքննության փուլ, ես կխուսափեմ որևէ գնահատական տալուց: Բայց որ զինված ուժերը ներկա են եղել և օգտագործվել են, դա փաստ է»։ Ըստ Տոնոյանի՝ «Մարտի 1»-ի քրեական գործը բանակի ավագ կազմի և բարձրագույն սպայական կազմի տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն ունենում է՝ հաշվի առնելով նախաքննության փուլը․ «Անընդհատ հրավերներ ՀՔԾ և այլ վայրեր, դրա համար որոշակի ազդեցություն ունենում է, բայց միանշանակ է, որ զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: Այլևս այդպես շարունակել չի կարելի»։

Պատասխանելով հարցին, թե այսօր կա՞ երաշխիք, որ բանակը այլևս չի խառնվելու քաղաքականությանը, Տոնոյանը պատասխանեց. «Դա երաշխավորված է օրենսդրությամբ, Սահմանադրությամբ: Զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: ԶՈՒ-ն պետք է պահել բոլոր քաղաքական գործընթացներից դուրս և շատ շնորհակալ եմ, որ վարչապետը այդ հարցում ևս ինձ հետ համաձայն է և սկզբունքայնություն է ցուցաբերել: Վերջին ընտրություններն էլ ցույց տվեցին, որ մենք քաղաքական գործընթացներից դուրս մնալու ավանդույթ ենք ձևավորում»։

Tekali Taxi