Home / Մեդիա / Անվերահսկելի մեդիա տարածք, թե վերահսկվող քարոզչություն

Անվերահսկելի մեդիա տարածք, թե վերահսկվող քարոզչություն

Մեդիա ոլորտը կարիք ունի նոր օրենսդրության և կարգավորումների, նոր իրավիճակ է, հին կանոններով։ Այս մասին «Հոդված 3» ակումբում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նա ընդգծեց, որ երբ զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվեց, ֆեյքերը չկային, ուստի այժմ նոր վիճակ է, և դաշտը կանոնակարգելու համար լավագույն լուծումներն են պետք։ Իոաննիսյանը նաև ավելացրել է, որ բոլոր լրատվամիջոցները պարտավոր են հանրայնացնել իրենց ֆինանսական աղբյուրները։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ Հայաստանում գործող բոլոր հեռուստաընկերությունները չեն պատկանում ներկայիս պետական այրերին, սեփականատերերը նախկին ռեժիմին պատկանող անձինք են։

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի խոսքերով, այս մեդիաքարոզչությունը բնական է, քանի որ նախկին ռեժիմը կորցրել է վարչական լծակներն ու պաշտոնները, այժմ օգտագործում է մեդիա տարածքը իր նպատակներին հասնելու համար։ Այն է՝ բերել այս իշխանություններին ճգնաժամի։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռաֆայել Իշխանյանն էլ իրականացրել է նոր հետազոտություն․ հուլիսից դեկտեմբեր իր ուշադրության կենտրոնում է եղել կրոնական և սեռական փոքրամասնությունների նկատմամբ ատելության խոսքի տարածումը և այդ դեպքերի արձանագրումը։ Ֆեյքերի կողմից իրականացվող գործողությունները՝ վիրավորանքը, զրպարտությունը, կեղծ լուրերի տարածումը, մեդիամանիպուլիացիաները, ատելության քարոզը, ենթակա չեն դատապարտման, քանի որ պատասխանող կողմը հայտնի չէ, կա օրենսդրական փոփոխությունների կարիք և ոստիկանության կողմից այս գործողությունները որպես հանցագործություն դիտարկելու մոտիվացիա։ Իոաննիսյանն ավելացրեց, որ միգուցե պետք է ոստիկանությունը բացահայտի նմանատիպ գործողություններ կատարողին և հասցեն տրամադրի նրան, ում արժանապատվության իրավունքը ոտնահարվել է՝ հետագա դատավարական գործողություններ իրականացնելու համար։

Tekali Taxi