«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վ.Պողոսյանը:
Քննչական կոմիտեից ավելի վաղ տեղեկացրել են, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից առերևույթ կատարված մի շարք չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննությամբ պարզվել է, որ հիշյալ չարաշահումները կատարվել են 2014-2018թթ. ընկած ժամանակահատվածում: Տվյալներ են ձեռք բերվել՝ վերոնշյալ չարաշահումների դեպքերին ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի առնչության վերաբերյալ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վ.Պողոսյանը, 2011թ. դեկտեմբերից մինչև 2016թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում «ՄԻՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառում նախարարության աշխատանքները համակարգող տեղակալի պաշտոնը, առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Վերջինս 2019թ. մարտի 7-ին ձերբակալվել է՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:
Դեռևս 2015-ին «Հետքը» գրել է, որ փոխնախարար Վահան Պողոսյանի ընտանիքը առողջապահական համակարգում բիզնես գործունեություն է ծավալում, սակայն չի ցանկանում հրապարակայնացնել և խոսել այդ մասին: Ավելին՝ տարբեր միջոցներով փորձում էր կանխել իրենց բիզնեսին վերաբերող հրապարակումները:
Ինչպես շատ պաշտոնյաներ, այնպես էլ Վահան Պողոսյանը, օգտագործելով անձնական կապերը եւ պաշտոնը, իր ընտանիքի անդամների համար դեպի բիզնես ուղի էր հարթում, սակայն կտրականապես հերքում էր, դառնում էր անտեղյակ, երբ այդ մասին ուղիղ հարց էին տալիս:
Փոխնախարար Վահան Պողոսյանի ընտանիքի անդամներն, օրինակ, համատեղ բիզնես ունեին ԱԺ այդ ժամանակվա նախագահ Գալուստ Սահակյանի հարազատների հետ․ պատրաստի դեղորայքի գնման ու վաճառքի, առողջապահական ծրագրերի իրականացման, հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպման, բժշկական և իրավաբանական գործունեություն իրականացնող «Առողջ Ապագա Բժշկական Կենտրոն» ՍՊԸ-ի բաժնեմասը 50/50 բաշխվել է Գալուստ Սահակյանի կնոջ` Ժաննա Աղաբաբյանի ու փոխնախարարի կնոջ՝ Էջմիածնի պոլիկլինիկայի տնօրեն Լիլիթ Գասպարյանի միջև, իսկ ընկերությունը ղեկավարում է վերջինիս որդին՝ Էդգար Պողոսյանը:
Փոխնախարարի որդի Ռաֆայել Պողոսյանին է պատկանում «ՕԼԵՈՍ-ՄԵԴ»-ի 100% բաժնեմասը: Ընկերությունը հիմնադրվել է 2004թ., սակայն փոխնախարարի որդին ընկերության բաժնետեր է դարձել 2006-ից:
«ՕԼԵՈՍ-ՄԵԴ» ՍՊԸ-ն իրականացնում է համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություններ և տեղակայված է Աբովյան քաղաքի ծննդատան շենքում:
Նրանց ընտանիքին է պատկանում «Վանկա» ՍՊԸ-ն: Ընկերության 100% սեփականատերը փոխնախարարի մայրն է՝ Անահիտ Էլբակյանը: «Վանկա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013թ., և այդ օրվանից ընկերությունը ղեկավարում է փոխնախարարի որդին` Ռաֆայել Պողոսյանը: Ըստ հարկային մարմնում գրանցված տվյալների` «Վանկա» ՍՊԸ-ն զբաղվում է ձկնաբուծությամբ և գրանցված է Էջմիածին քաղաքում:
«Էդգար և Ռաֆայել» բժշկական կենտրոն ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005թ. Վահան Պողոսյանի կնոջ՝ Լիլիթ Գասպարյանի կողմից: 2012թ. նա դուրս է եկել ընկերությունից, և 100% բաժնետեր է դարձել ամուսնու մորաքույրը` Ջուլիետա Էլբակյանը: Հենց նա էլ հանդիսանում է ընկերության տնօրենը: Ըստ հարկային մարմնի` այս ընկերությունը ևս գրանցված է Էջմիածնում և զբաղվում է ձկնաբուծությամբ, գրում էր «Հետքը» 2015-ին։
Վահան Պողոսյանի մորաքույրները` Սիլվա և Ջուլիետա Էլբակյանները, որդին`Ռաֆայել Պողոսյանը, 2013թ. հիմնել են «Առողջապահական համակարգի հաշտարարի գրասենյակ» ՀԿ-ն, որը մի շարք դրամաշնորհային ծրագրերի է մասնակցել:
Սիլվա Էլբակյանի մասնակցությամբ մեկ այլ հասարակական կազմակերպություն հիմնադրվել է 2008-ին: «Առողջապահական և սոցիալական իրավունքների պաշտպանության գիտագործնական կենտրոն» ՀԿ-ում փոխնախարարի մորաքրոջ գործընկերներն են եղել` առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, առողջապահության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայումս արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը և այլք: