Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը ապրիլի 1-ին հայտնում է, որ «հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման արդյունքում, տվյալներ են ստացվել առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ»: Պաշտոնյան ձերբակալվել է մարտի 30-ին։
Ըստ հաղորդագրության, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ: «Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո»:
Մարտի 30-ին բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: