Home / Առողջապահություն / Թբիլիսիում «Համերաշխություն՝ աշխատավորներին» ակցիան ավարտվել է 6 անձի ձերբակալությամ

Թբիլիսիում «Համերաշխություն՝ աշխատավորներին» ակցիան ավարտվել է 6 անձի ձերբակալությամ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ աշխատողների իրավունքների ապահովման համար անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ 6 անձ ձերբակալվել է։

Ավելի քան 100 մարդ ապրիլի 1-ի երեկոյան հավաքվել էր Ճավճավաձե փողոցում, որտեղ նախօրեին շինհրապարակում հատակի փլուզում հետևանքով 2 աշխատող մահացել էր։ «Համերաշխություն՝ աշխատավորներին» կարգախոսով ակցիան կազմակերպել էին մի քանի հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական ակտիվիստներ և իրավապաշտպան ոլորտում աշխատողներ։

Newsgeorgia.ge-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները հանդիպում էին պահանջել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, ինչպես Տնտեսական զարգացման նախարար Գեորգի Կոբուլյայի, Առողջապահության նախարար Դավիթ Սերգենկոյի և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ:

Նրանք հայտարարել էին, որ իշխանությունները իրենց պետք է հանդիպեն մինչև երկուշաբթի 23։00-ն, որպեսզի աշխատանքային անվտանգության քաղաքականության վերանայման շուրջ երկխոսություն սկսեն։

Երբ վերջնաժամկետն ավարտվել էր, ցուցարարները սկսել էին դուրս գնալ ճանապարհի երթևեկելի մասը՝ կաթվածահար անելով  երթևեկությունը։

Ոստիկանները փորձել էին հանրահավաքի մասնակիցներին վերադարձնել մայթ, որը հանգեցրել էր բախման։ Ձերբակալվել էր 6 հոգի՝ այդ թվում «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ» Վախուշթի Մանաբդեն, «Սպիտակ աղմուկ» շարժման ակտիվիստ Դավիթ Սուբելիանին, ինչպես նաև «Մարդու իրավունքների ուսումնասիրության և մոնիտորինգի կենտրոն»-ի ներկայացուցիչներ:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բոլոր վեցը ձերբակալվել են ոստիկանության օրինական պահանջները չկատարելու համար:

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ Կախա Կալաձեն պատրաստակամություն էր հայտնել առաջիկա օրերին հանդիպել ցուցարարների հետ և ներկայացնել այն գործողությունները, որոնք քաղաքային իշխանություններն իրականացնում են աշխատանքի անվտանգության պայմանների պահպանման համար:

Առաջարկվող ձևաչափը, սակայն անընդունելի է եղել ցուցարարների համար, և  նրանք ուղևորվել են դեպի ողբերգության վայրից մի քանի կիլոմետր հեռու ընկած քաղաքապետի տուն։  Ցուցարարները հայտարարել են, որ պատրաստ են շարունակել և ընդլայնել բողոքի գործողությունները:

Կալաձեի տան մոտից ցուցարարների մի փոքր խումբը մեկնել է Վակե-Սաբուրթալոյի ոստիկանության կայարան, որտեղ  տեղափոխել էին ակցիայի ժամանակ ձերբակալվածներին:

Վրաստանի արհմիությունների միության տվյալներով՝ 2018 թվականին Վրաստանում աշխատատեղերում 39 մարդ է զոհվել, իսկ 37-ը՝ լուրջ վնասվածքներ ստացել:

Մարտի 2018-ի սկզբին Վրաստանի խորհրդարանը հավանություն էր տվել «Աշխատանքի անվտանգության մասին» օրենքին, որը ենթադրում է աշխատանքի անվտանգության ստանդարտների սահմանում, ինչպես նաև վերահսկողական համակարգի ստեղծում, որպեսզի բոլորն ապահով լինեն աշխատավայրում: Այն նաև անվտանգության նորմերին չհամապատասխանելու համար տուգանք է նախատեսում: Բացի դրանից, 2019 թվականի հունվարի 1-ից Վրաստանում գործատուները պարտավոր էին իրենց աշխատողներին ապահովագրել դժբախտ պատահարներից:

Իրավապաշտպաններից շատերը կարծում են, որ վրացական իշխանությունները չեն կարող արդյունավետ կերպով վերահսկել օրենքի նոր պահանջները, և աշխատավայրում շարունակում են մարդիկ մահանել:

Tekali Taxi