Գլխավոր / Կանանց իրավունքներ / Քույրերը Սաուդյան Արաբիայից փախել են Վրաստան

Քույրերը Սաուդյան Արաբիայից փախել են Վրաստան

Սաուդյան Արաբիայից փախած քույրերը, որոնք Թբիլիսիում թաքնվում են իրենց ընտանիքի անդամներից, ապաստան կխնդրեն Վրաստանից։ Մախա և Վաֆա Ալ-Սուբայնեն Twitter- ում տեսանյութ են հրապարկել՝ ասելով, որ իրենց կյանքը վտանգված է, և իրենք փախել են ընտանեկան բռնությունից։

Քույրերը պատմում են, որ իրենց հրաշքով է հաջողվել փրկվել և փախչել երկրից։ Ըստ օրենքի՝ Սաուդյան Արաբիայում կանանց արգելվում է առանց տղամարդկանց՝ ամուսնու, եղբոր կամ հոր,  համաձայնության ճանապարհորդել։ Քույրերը Սաուդյան Արաբիայից նախ մեկնել են Ստամբուլ, այնտեղից՝ Տրապիզոն, հետո՝ Բաթումի և  ի վերջո Թբիլիսի։

«Մեր արածը մեր երկրում շատ լուրջ բան է։ Սաուդյան Արաբիայից Վրաստան կարելի է առանց վիզա հասնել։ Ամեն րոպե մեր եղբայրները և հայրը կարող են գալ այստեղ։ Մենք առանց թույլտվության ենք այստեղ եկել, մեր դեմքերն ենք ցույց տալիս, մեզ հետ պատահածի մասին հանրայնորեն խոսում ենք։ Մեր մասին գրում  են նաև մեր երկրի թերթը…», -կանանց խոսքերն է մեջբերում ekhokavkaza.com-ը։

Թե ինչ կլինի, եթե ընտանիքի անդամները հայտնաբերեն նրանց, աղջիկներն առանց երկմտելու ասել են. «Մեզ կսպանեն»։

«Ահավոր է Սաուդյան Արաբիայում։ Այնտեղ չկան կանանց իրավունքներ։ Ոչ մի բան էլ չկա։ Մենք ուղղակի ուզում ենք նորմալ կյանքով ապրել։ Մենք ուզում ենք՝ ինքներս մեզ համար որոշումներ կայացնել, ոչ թե ամեն ինչ մեր փոխարեն մեր եղբայրները կամ հայրը որոշեն։ Ուղղակի նորմալ կյանք ենք ուզում»։

Քույրերն ուզում են ապաստան ստանալ մի երկրում, որտեղ կարող են իրենց անվտանգ զգալ։ Թե որ, իրենք էլ դեռ կոնկրետ չգիտեն։ Աղջիկների խոսքով՝ իրենք  փորձել են մեկնել Հոլանդիա, տոմսեր են գնել, սակայն օդանավակայանում պարզել են, որ իրենց անձնագրերն անվավեր են։

Հարավային Կովկասում Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչի խոսքով՝ քույրերը Թբիլիսիում փաստաբան ունեն, որը նրանց որոշակի հարցերով օգնում է. «Սաուդիան Արաբիայում կանայք անգամ անձնագիր չեն կարող ունենալ, եթե ընտանիքի տղամարդը համաձայնություն չի տալիս։ Բնականաբար, հազարից մի կին է կարողանաում այնտեղից փախչել։ Որպես կանոն դա լինում է, երբ ճանապարհորդում են, կամ էլ, երբ գնում են ուսում ստանալու կամ էլ այլ ճանապարհներով։ Հայրենիք վերադարձի դեպքում՝ չափազանց մեծ է հավանականությունը, որ նրանց կարող են վնասել։ Հետևաբար, Վրաստանի ստանձնած պարտականություններից է ապահովել, որ նրանք չտեղափոխվեն Սաուդյան Արաբիա: Վրաստանը, ինչպես գիտեք, ՄԱԿ-ի փախստականների մասին կոնվենցիայի անդամ երկրներից է, հետևաբար, եթե քույրերն իշխանություններին դիմել են ապաստան ստանալու համար, նրանք պարտավոր են այդ հարցը քննարկել և որոշակի որոշում կայացնել»։

Քույրերին արդեն հանդիպել են Ներքին գործերի նախարարության Միգրացիայի դեպարտամենտի ներկայացուցիչները, որոնք, ինչպես նշված է նախարարության հայտարարության մեջ,  օգնություն են առաջարկել։  Նրանք քույրերին ծանոթացրել են նաև ապաստան հայցողի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ ընթացակարգերին: Դրանից հետո քույրերը  համաձայնել են գնալ «Փախստականների գրասենյակ»՝ համապատասխան ընթացակարգեր անցնելու համար։