Home / Առողջապահություն / Գերմանացիներն իրենց երկրում սա կհանդուրժեի՞ն

Գերմանացիներն իրենց երկրում սա կհանդուրժեի՞ն

Բնապահպանության և ընդերքի տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը Գերմանիայում՝ «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամում, Արծվանիկի պոչամբարի մասին պատմող տեսանյութ է ցուցադրել և գերմանացիներին խնդրել է պատասխանել՝ գերմանացիներն իրենց երկրում դա կհանդուրժեի՞ն։ Հայաստանի հեղափոխությունից մեկ տարի անց գերմանական հիմնադրամը օրերս Բեռլինում հանդիպում էր կազմակերպել հայաստանյան քաղաքական գործիչների և ակտիվիստների հետ։

«Սա մետաղական հանքավայր է, որտեղ արդյունահանում են պղինձ և մոլիբդեն։ Հիմա դուք տեսնում եք պոչամբար, որտեղ լցվում են հանքարդյունաբերական թափոնները, սրանք շատ վտանգավոր և թունավոր նյութեր են։ Թափոնները եվրոպական ստանդարտների համաձայն լցվում են մեր գետերը։ Կուզեի հասկանալ, թե որքանո՞վ է ձեր գնահատմամբ այդ գործունեությունը եվրոպական կամ գերմանական ստանդարտներին համապատասխան»-հարց է բարձրացրել Գրիգորյանը։

Տեսանյութում երևում է, որ Արծվանիկի պոչամբարի թափոններն ուժեղ հոսքով լցվում են Նորաշենիկ գետ. «Գերմանացիներն իրենց երկրում սա կհանդուրժեի՞ն»։

Քաջարանի հանքավայրը շահագործում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը, որի 60 տոկոսը պատականում է գերմանական «Քրոնիմետ մայնինգ» հանքարդյունաբերական ընկերությանը։

«Չմոռանանք, որ վարչապետը նշել էր, որ Հայաստանում կարող է իրականացվել այնպիսի հանքարդյունաբերություն, որը կհամապատասխանի գերմանական և եվրոպական ստանդարտներին։ Դուք ինքներդ կգնահատեք։

Կոչ եմ անում՝ փորձեք ձեր կառավարությանը հասցնել, որ հարիր չէ, որ գերմանական մասնակցություն ունեցող ընկերությունն այսպես վարվի մեկ այլ երկրի՝ Հայաստանի բնության հետ։ Եթե մեր կառավարությունը, մեր իշխանությունները պատրաստ չեն լուծել, ես չգիտեմ, թե ինչու չեն ուզում, չեն կարող, գուցե կոռուպցիոն խնդիրներ կան, չեմ կարող ասել, բայց խնդիրը չի լուծվում։

Երբ ես Բնապահպանության և ընդերքի տեսչության ղեկավար էի, մենք այնտեղ ստուգում ենք արել, ես չեմ կարող հիմա դրանց արդյունքները ներկայացնել, քանի որ դրանք համարվում են առևտրային գաղտնիք, բայց նշեմ, որ ստուգման վերջին օրը, երբ ես դեռ չէի հասցրել ամփոփել արդյունքները, առանց որևէ բացատրության ազատվեցի աշխատանքից։

Գործող իշխանությունը պետք է հիմնավորի, որ այս գործունեությունը համապատասխանում է գերմանական չափանիշներին կամ պետք է բացատրի, թե ինչ է պատրաստվում անել, եթե չի համապատասխանում։ Քանի որ արդեն երկար ժամանակ է ինչ ստուգման արդյունքները հրապարակվել են, և, ըստ էության, չկա որևէ մեսիջ կառավարության կողմից, որ նա պատրաստվում է ինչ-որ բան փոխել, կարելի է ենթադրել, որ նրանք համաձայն են, որ սա եվրոպական ստանդարտ է։

Քանի որ մեր կառավարությունը, ըստ ամենայնի, չի պատարաստվում որևէ քայլ ձեռնարկել, ես ձեզ եմ խնդրում, որպես Գերմանիայի քաղաքացիներ, ինքներդ փորձեք ձեր կառավարությանը ստիպել, որ խելքի բերեն իրենց ընկերությանը, որ չի կարելի բարեկամ երկրում այսպես վարվել շրջակա միջավայրի հետ», -ասել է Գրիգորյանը։

Հանդիպման ամբողջական տեսագրությունը, Արթուր Գրիգորյանի խոսքը՝ 46-րդ րոպեից սկսած։