Home / Բնապահպանություն / Կառավարությունը շուտով կարտահայտվի Ամուլսարի մասին

Կառավարությունը շուտով կարտահայտվի Ամուլսարի մասին

Ամուլսարում ոսկու հանքի շահագործման հավանականության մասին Հայաստանի կառավության դիրքորոշումը կհրապարակվի մայիսի վերջին։ Այդ մասին այսօրվա կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Պաշտոնյայի խոսքով, մայիսի վերջին Քննչական կոմիտեին կհանձնվեն «Էլվարդ» ընկերության կողմից իրականացված հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները և, ըստ այդ հետազոտության արդյունքների, հարուցված քրեական գործը կհանգուցալուծվի կամ կշարունակվի, իսկ կառավարությունը կհայտնի համապատասխան իր դիրքորոշումը։

«Մայիսի վերջին արդեն նախնական պատկերը հստակ կլինի», – ասաց փոխվարչապետը:

Արձագանքելով լրագրողների կրկնվող հարցերին, որոնք վերաբերում էին ներդրողների և ապագա ներդրողների անհանգստություններին կամ ծրագրի հանգուցալուծման ազդեցությանը ներդրումների վրա, փոխվարչապետն ասաց․

«Մի քանի անգամ այս ընթացքում բոլոր հնարավոր հարթակներից արդեն հնչեցրել ենք, որ որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա և չի կարող լինել։ Հետևապես, եթե [ծրագիրը] բնապահպանական որևէ խնդիրներ չի առաջացնում կամ այն խնդիրները, որոնք առաջացնում են, ընկերության և մեր համար վերահսկելի են, ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը։

Ինձ թվում է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջին հերթին առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերով։ Բոլոր այն ռիսկերը, որ կան, մեզ համար բացահայտված չեն ու հուսով ենք, որ հետազոտությունը բոլոր ռիսկերի պատասխանները կտա»։

Ավինյանի խոսքով՝ յուրաքանչյուր որոշում, յուրաքանչյուր եզրակացություն իր հետևանքներն է ունենալու, ցանկացած դեպքում լինելու են կողմ ու դեմ խմբեր:

Tekali Taxi