Գլխավոր / Շուկա / Նիկոլենց իզմ-ի հետքերով

Նիկոլենց իզմ-ի հետքերով

«Իզմ»երու ժամանակաշրջանը անցած է, յայտարած էր Փաշինեան, ու խուսափած ինքզինք ու իր ղեկավարած ուժը գաղափարական առումով դասակարգելէ։ Անցումային շրջանի շեմին՝ գուցէ կարելի էր ժամանակաւորապէս անտեսել այդ անհեթեթ խուսանաւումը. քաղաքական կեանքի բնականոնացման եւ մօտալուտ ամբողջական իշխանափոխութեան լոյսին տակ, սակայն, էապէս կարեւոր է պարզել առաջատար ուժի գաղափարական ու արժէհամակարգային ընկալումները։

Արդէն քիչ-քիչ կ՚ուրուագծուի նոր կառավարող խումբի իզմ-ը, առնուազն սոցիալ-տնտեսական ոլորտէն ներս։ Անցումային (եւ հաւանական հետագայ) կառավարութեան առանձքային ներկայացուցիչներու հնչեցուցած մտքերն ու դաւանած արժէքները յաճախ կատարելապէս կը տեղաւորուին նոր-ազատական (նէոլիբերալ — neoliberal) տրամաբանութեան եւ արժէհամակարգի մէջ։

Այլ առիթով պէտք է երկար գրել նոր-ազատականութեան մասին։ Առայժմ, սակայն, ամփոփ կերպով համրենք որոշ հիմնական սկզբունքները միայն. Եւ այսպէս, գործնական նախապատւութիւն՝ բիզնեսին, շուկայի ազատականացում ու ազատագրում հանրային վերահսկողութենէ, պետութեան սոցիալական պարտաւորութիւններու կրճատում եւ արդար բաշխում ապահովելու պատասխանատւութեան թօթափում. «ամէն ինչ շուկան թող ընէ»… հոգ չէ թէ փոքրամասնութեան իշխանութեանն է ան ենթակայ, եւ ուրեմն ապաժողովրդավարական է հիմնովին։

Լուսարձակներէ հեռու մնացած հետեւեալ երեք յայտարարութիւնները բաւարար են, կը կարծեմ, արձանագրելու համար թէ նորայայտ քաղաքական վերնախաւը այսպիսի արժէքներու կրողն է։

Առաջինի հեղինակը Փաշինյանն է։ Դեռ Օգոստոսին, սփիւռքահայ պատանիներու հետ հանդիպման ընթացքին, ան փորձած էր սահմանել «սոցիալական արդարութիւն» եզրոյթը, երբ Հայաստանի մէջ արդարութեան հաստատման մասին հարց ուղղուած էր իրեն։

Փաշինեանն ըսած էր. «Տեսեք, պետք է մենք հասկանանք թէ ինչ է նշանակում սոցիալական արդարություն. մենք չենք կարող ակընկալել, որ բոլորը, բոլոր քաղաքացիները բարեկեցության նույն մակարդակը ունենան։ Ընդհանրապես ընդունված է մոդել, որ պետք է մարդկանց սոցիալական օգնություններ տրամադրել, որպեսզի փորձ արվի նրանց բոլորին սոցիալական հավասարության նույն մակարդակի վրա դնել. անկեղծ ասած ես կարծում եմ որ սա անիրականանալի է և ճիշտ չէ։» (տես այստեղ՝ 31:41էն)

Բայց սա «սոցիալական արդարության» ոչ թէ սահմանում, այլ ապասահմանում, նոյնիսկ հակասահմանում է։ «Չենք կարող ակնկալել»-ով Փաշինյան կարծես կը թելադրէ չպահանջել սոցիալական արդարություն, քանի որ «անիրականանալի» է այն… չարժէ ձգտիլը նոյնիսկ։ Աւելին, Փաշինյան անկեղծօրէն կը կարծէ որ ճիշդ չէ պետութեան կողմէ տրամադրելի սոցիալական օգնութիւններով գոնէ փորձել մեղմել գոյացած ու աճող անհաւասարութիւնը։ Ի՞նչ է սա, եթէ ոչ սոցիալական անարդարութեան վաւերականացում (լեգիտիմացում/legitimization) եւ բնականոնացում (normalization)։

Գիտակցելով անշուշտ, որ պէտք է ինչ որ լուծումանման բան առաջարկել, Փաշինյան կը դիմէ Նեոլիբերալիզմի դասական ու մաշած հեքիաթներուն. «Մենք պէտք է մարդկանց համար հնարավորություն ստեղծենք, որ յուրաքանչյուրը ինքը իր աշխատասիրությամբ, իր եռանդի համաձայն գտնի իր սոցիալական նիշան և հնարավորություն ունենա, ինքը իմանա, որ այդ իր նիշան իր համար դատավճիռ չէ։ Եթէ էսօր ինքը այս նիշայում է, ուզում է ավելի բարձր ավելի լավ սոցիալական վիճակում լինել, ինքը կարող է դրան հասնել աշխատանքով։ Մեզ համար ամենակարևոր խնդիրը աշխատանքի համար, աշխատանքով զարգանալու, աշխատանքով առաջընթաց ունենալու, աշխատանքով բարեկեցության հասնելու պայմաններ ստեղծելն է…» (տես դարձեալ այստեղ՝ 32:19)։

Ասոնք նոյն այդ «հնարաւորութիւն»ներն են, երեւի, որոնց շնորհիւ նոյնիսկ զարգացած համարուող երկիրներու մէջ մարդիկ մասսայաբար հասեր են այնքա՜ն բարձր սոցիալական վիճակի, ինչքան ուզեր են. Եւ կանգ են առեր միայն երբ այլեւս չեն ուզեր, կամ երբ ծուլացեր են։ Միլիոնաւոր անտունները, ծայրահեղ աղքատները, աշխատանքային գաղթականները, կամ օրը օրին, պարտքերու տակ հազիւ գոյատեւողները՝ չցանկացող-ծուլացողները ըլլալու են անպայման։ Սա անարգանք է, թէկուզ անգիտակից, նոյն այդ «հաւասար հնարաւորութիւններ» խոստացող հասարակարգերու մէջ գործազրկութենէ մաշող կամ աշխատանքային ծանր պայմաններու մէջ մաշեցուող ու աղքատ բազմահազարներու հանդէպ։

Պետութենէն ակնկալիքները նուազեցնելու եւ փոխարէնը աշխատելու Փաշինյանի այս հռետորաբանութիւնը, վերջերս արդէն հասեր է աղքատներուն ուղղակի կշտամբելու, դատապարտելու, եւ ձրիակերութեան ու ծուլութեան մէջ մեղադրելու աստիճանի (օրինակ՝Հոկտ. 17ին, որուն արձագանք եղաւ Սեւ Բիբարի նախորդ յօդուածով եւ Նոյ. 8ին, որը սոց-ցանցերու վրայ բուռն հակազդեցութիւններու տեղիք տուաւ)։ Բայց անցնինք առաջ։

Յաջորդը, ավտովարկային ընկերության ընդհանուր տնօրէն, Արդշինբանկ դրամատան նախկին բարձրաստիճան պաշտօնյա ու ներկայիս Վարչապետի խորհրդական, Մեսրոպ Առաքելյանի համոզմունքներն են, հնչեցուած նախատեսուող նոր-ազատական ու հակա-սոցիալական համահարթ հարկային համակարգի (flat tax) շուրջ քննարկման ժամանակ (ուր, ի դէպ, Վրացի մասնագէտը կը ներկայացնէ յետ-յեղափոխական Վրաստանի նէօլիբերալ դառը փորձը՝ աճող աղքատութեամբ ու արտագաղթով յատկանշուած — այստեղ)։ Ահա առաջարկուող հարկային տարբերակի արդարացումը, ըստ վարչապետի խորհրդականի.

«…ընդհանրապես եկամտային հարկի դրույքաչափը չի կարելի համարել պետության կողմից քաղաքացուն օժանդակություն եկամտի տեսքով։ Այսինքն այնպես չէ, որ մենք եկամտահարկը իջեցնենք, որ մարդը հազար դրամ ավել ստանա, երբ որ ինքը աշխատում է մասնավոր ոլորտում. դա բացառապես քաղաքացու և գործատուի հարաբերությունն է, և քաղաքացին և գործատուն են որոշում իրենք ինչքան եկամուտ են ստանում, և ոչ թէ պետությունը պետք է եկամտային հարկի 2% դրույքաչափը նվազեցնելով փորձի սոցիալական աջակցություն [ցուցաբերել]» (տես այստեղ՝ 50:49էն)։

Դարձեալ՝ նէոլիբերալիզմի դասագրքային ներկայացում, որտեղ կ՚երեւին հետեւեալ միտումները. պետութեան սոցիալական պարտաւորութիւններու աստիճանական յանձնում եւ տնտեսական բեւեռացումը մեղմելու գործիքակազմէ ձերբազատում, պետութեան նահանջ՝ գործատու-աշխատաւոր խիստ անհաւասար յարաբերութիւններէն, այսինքն աշխատաւորի փաստացի լքում ՝ իր շահագործման աստիճանի որոշման գործընթացին մէջ։

Այս մօտեցման համահունչ են, թէեւ աւելի անկաշկանդ ու կոպիտ, փոխվարչապետի պաշտօնակատար եւ Փաշինյանի թիմի տնտեսական հարցերով առաջարատար թերակատարներէն [գործարար] Ավինյանի վերջերս հնչեցուցած մտքերը։ Հանրային հեռուստաընկերության տուած հարցազրոյցէն հատուած մըն է մէջբերուածը։

Հաղորդավար.- …ամեն դեպքում հաջորդ տարվա բյուջեում, կարծեք թե, աշխատավարձերի փոփոխություն նախատեսված չէ։

Ավինյան.- ինձ միշտ հետաքրքրել է, երբ խոսում են աշխատավարձերի բարձրացումից, կոնկրետ ինչ ի նկատի ունեն, որովհետեւ…

Հաղորդավար.- առնվազն նվազագույն աշխատավարձի նվազագույն շեմի բարձրացում…
Ավինյան.- ըմ..լավ… էդ պարագայում մենք..ըհ..ու՞մ ենք օգուտ տալիս։

Ավինյանը աշխատավարձերու նուազագոյն շեմի բարձրացման մէջ ոչ ոքի ոչ մէկ օգուտ չի տեսներ. Աշխատավարձը վճարող գործարարներու հասնելիք վնասն է, հաւանաբար, իր տեսածը։

Շարունակենք.

Ավինյան.- ըմ..լավ… էդ պարագայում մենք..ըհ..ու՞մ ենք օգուտ տալիս։

Հաղորդավար.- դուք պետք է ասեք

Ավինյան.- ես կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք ՀՀում տնտեսական զարգացման համար, որպեսզի շուկան ինքը աստիճանաբար բարձրացնի աշխատավարձերը… պետությունը ինքը ընդհանուր առմամբ նման կարգավորիչ դեր չունի շուկայում, պետությունը երբևէ չի կարող մասնավոր ոլորտում աշխատավարձ բարձրացնի։ (տես այստեղ՝ 16:28էն)

Կարճ ըսած՝ Ավինյանը բաց տեքստով կ՚անտեսէ աննշան աշխատավարձով գոյատեւել փորձող մեծամասնութեան շահը, մասնաւոր ոլորտի աշխատաւորները կը ձգէ իրենց բախտին ու շուկայի քմահաճոյքին։ Նուազագոյն աշխատավարձի շեմը ինչու՞ բարձրացնել. Ինչու՞ նոյնիսկ մտածել այդ մասին, կամ ծրագիր մշակել այդ ուղղութեամբ։ Ազատ շուկան թող ընէ, եթէ, ինչքան, երբ եւ մինչեւ այն ատեն որ շահ-ագրգռուած ըլլայ…

Նոր վերնախաւի իզմ-ը նեոլիբերալիզմն է։

Այն ինքզինք կը մատնէ ոչ միայն յայտարարութիւններու մակարդակով, այլ նաեւ արդէն գործնապէս։ Համահարթ հարկային համակարգի անկոտրում առաջարկը, եւ վերջերս Ծառուկյան խմբակցութեան կողմէ առաջարկուած եւ Փաշինյանի կառավարութեան կողմէ հաւանութիւն ստացած արհեստակցական միութիւններու համակարգը ականապատող օրէնքի փոփոխութիւնը առաջին նախանշանները կարելի է համարել։

Կը մնայ տալ հետեւեալ հարցը.

Ինչքա՞ն աղերս ունի այս «աներեւոյթ» —իզմը յեղափոխութեան յոյսով փողոցները հեղեղած բազմահազարներու պահանջներուն ու շահերուն հետ։

Հռակ Փափազյան,
«Սև բիբար»