Home / Շուկա / Կառավարությանն առաջարկում են՝ ինչպես պաշտպանել աշխատողներին գործատուներից

Կառավարությանն առաջարկում են՝ ինչպես պաշտպանել աշխատողներին գործատուներից

Աշխատանքային իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը առաջարկների փաթեթ է ներկայացնում ՀՀ Կառավարությանը, որոնք ներկայիս ժամանակավոր կառավարությունը կարող է և պետք է իր գործունեության ընթացքում կյանքի կոչի՝ աշխատանքային հարաբերություններում քաղաքացիների առավելագույն պաշտպանվածության համար:

Նախաձեռնությունը առաջնահերթ է համարում նախ և առաջ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի չեղարկումը, որով ստորադասվում է աշխատողների իրավունքները բիզնեսների և ընդհանրապես գործատուների շահերին:

«Այս նախագիծը առաջ էր քաշվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, ով նպատակ էր հետապնդում թեթևացնել փոքր բիզնեսների վարչարարական բեռը: Այդ օրինագիծը առաջարկում էր փոփոխություններ, օրինակ, գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների կողմից ներքին իրավական ակտերի չընդունելը, օրենքով ամրագրված մի շարք կետերի վերացումը և դրանց կարգավորումը գործատուի և աշխատողի բանակցությունների վրա թողնելը, ինչպես օրինակ արտաժամյա աշխատանքի օրենքով սահմանված կարգավորման, արտաժամյա աշխատանքի համար վճարման, լրացուցիչ արձակուրդների տրամադրման, ծանր և վտանգավոր աշխատանքների ցանկի, դրանց համար նախատեսված հավելավճարների, գիշերային հերթափոխի վճարմանը վերաբերող կարգավորմների վերացումը: Ավելին, նախագիծը նաև պարունակում է խտրական տարրեր, քանի որ, եթե օրինակ լրացուցիչ արձակուրդ տրամադրելու, ծանր, վնասակար աշխատանքների, կամ արտաժամյա և գիշերային աշխատանքի համար հավելումներ վճարելու բանակցությունները մասնավոր գործատուի պարագայում թողնվում են գործատուի և աշխատողի վրա, ապա պետական ոլորտում կառավարությունն է որոշելու այս շեմերը: Այսինքն նախագիծը խտրական է աշխատողների հանդեպ՝ կախված թե որ ոլորտում կաշխատի անձը: Մասնագետները մտահոգիչ են համարում այն, որ պետությունը, փաստորեն, հրաժարվում է իր կարգավորիչ գործառույթից, քանի որ կարգավորումը թողնելով կողմերի համաձայնությանը, պետությունը ոչ թե խրախուսում է բանակցային հարաբերությունները գործատու և աշխատողի միջև, այլ աշխատողին անպաշտպան է թողնում անսահմանափակ լիազորություններ ունեցող և աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական հսկողությունից դուրս գտնվող գործատուի առաջ»,֊ օրինագծի չեղարկելու կոչը հիմնավորում է նախաձեռնությունը։

Հաջորդ քայլը, որ Կառավարությունն այս ոլորտում պետք է անի, ըստ նախաձեռնության նամակի, աշխատանքային տեսչության հիմնումն է։

«Աշխատանքային տեսչությունը վերջին տարիներին կցված է եղել ՀՀ Առողջապահության նախարարությանը, այն էլ նվազեցված իրավասություններով և կրճատված ռեսուրսներով, իսկ [դրա] աշխատակիցներն անգամ չեն ունեցել տեսուչի կարգավիճակ: Անհրաժեշտ է աշխատանքի տեսչություն հիմնել մասնավորապես ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում, այն էլ ընդլայնված լիազորություններով, որի արդյունքում այն կիրականացնի մոնիտորինգներ պետական և մասնավոր կառույցներում, հանրային հաշվետվություններ կներկայացնի իր գործունեության վերաբերյալ, խախտումներ թույլ տվող կառույցներում լիազորություն կունենա նկատողություններից զատ կիրառել նաև տուգանքներ, հարուցել վարչական վարույթներ և այլն:

Առաջարկում են նաև հնարավորություններ ստեղծել արմիությունների ստեղծման և ամրապնդման համար․ դրանց հնարավորությունները ներկայումս խիստ սահմանափակ են ինչպես օրենսդրական բացերի, այնպես էլ աշխատանքը կորցնելու վախի արդյունքում աշխատողի դիմադրության գրեթե բացակայության պատճառով․ «Արհմիությունները պետք է ունենան իրավական լծակներ գործատուների վրա ազդելու համար, ինչպես նաև Արհմիությունները և հասարակական կազմակերպությունները պետք է ունենան դատական հայց ներկայացնելու իրավունք առանց աշխատողի լիազորագրի, քանի որ շատ հաճախ նման լիազորագրի տրամադրման անհնարինության պատճառով էլ գործատուն անկաշկանդ է աշխատողին շահագործելու առումով:

Անհրաժեշտ է նաև վերանայել էժան ապահովագրությունները հատկապես այն ոլորտների համար, որոնք ներգրավված են ծանր, վտանգավոր աշխատանքների ցուցակում:

Ակնկալում ենք նաև, որ կնախաձեռնվի պիլոտային ծրագրի իրականացում որոշ հաստատություններում (պետական և մասնավոր)՝ ուղղված աշխատանքային շաբաթը 40-ժամյա գրաֆիկից 35-ժամյա գրաֆիկի անցմանը: Այնուհետ, ակնկալում ենք նման գրաֆիկի կիրառություն բոլոր հաստատություններում»։

Tekali Taxi