Home / Առողջապահություն / Ալավերդու պղնձաձուլարանը ևս մեկ տարի կթունավորի միջավայրը, բայց դա 500 աշխատատեղ է

Ալավերդու պղնձաձուլարանը ևս մեկ տարի կթունավորի միջավայրը, բայց դա 500 աշխատատեղ է

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթքացքում չի փակվի: Հոկտեմբերի 22-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու պղնձաձուլարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործարանի վառարանը կրկին կմիացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում գործարանը չի փակվի։

Ալավերդու պղնձաձուլական գործարանի շահագործումը դադարեցվել էր հոկտկեմբերի 19֊ին։ Մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 380 միլիոն դրամով տուգանել էր «Էյ Սի Փի» ընկերությանը՝ մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու, շրջակա միջավայրին հասցված վնասի համար։

Դրանից հետո՝ հոկտեմբերիր 11-ին, ընկերությունը բաց նամակով դիմել էր վարչապետ Փաշինյանին՝ պահանջելով 3 կետերի իրականացումը` նշելով, որ պահանջների չկատարման դեպքում մի քանի օրից կդադարեցնի պղնձաձուլարանի աշխատանքը և ավելի քան 500 աշխատողներ գործազուրկ կդառնան: Պահանջները հետևյալն էին․ թույլ տալ մինչև 6 անգամ գերազանցել արտանետումների՝ դեռևս 2005 թվականին կառավարության որոշմամբ սահմանված նորմերն ու դրա դիմաց տուգանքներ չկիրառել, ՎՏԲ-ի հետ կնքված վարկային պայմանագրի երրորդ կողմ հանդիսացող կառավարությունը արգելափակի բանկի ոտնձգությունները «Արմենիան Փափըր Փրոգրամ» ընկերության և «Վալլեքս» խմբի այլ ձեռնարկությունների առգրավման ուղղությամբ, օրենսդրական նախաձեռնությամբ աջակցել նոր պղնձաձուլարանի կառուցման հայ-չինական ներդրումային ծրագրին:

Այնուամենայնիվ, պղնձաձուլարանը փակվեց, ինչին հաջորդեց Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան։ Հոկտեմբերի 19-ին միջպետական ճանապարհը փակած աշխատակիցները պահանջում էին խնդրի լուծում:

Նույն օրը փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ալավերդիում ակցիա իրականացնող աշխատակիցների պատվիրակությանը հանդիպման էր հրավիրել և 10 հոգանոց պատվիրակությունը, դադարեցնելով բողոքի ակցիան, ուղևորվել էր Երևան:

«Մեզ համար ակնհայտ է, որ պատրաստի լուծում ոչ ոք չունի՝ ոչ կոմպանիան, ոչ կառավարությունը հիմա, ոչ էլ ՎՏԲ բանկը։ Մենք պետք է նկատի ունենանք, որ «Վալեքս» խմբի երկու ընկերությունները անցնում են գործընթաց՝ գույք պարտքի դիմաց, և ամբողջ գույքը հիմա փոխանցում են ռուսական ՎՏԲ բանկին։ Միանշանակ դա ֆինանսական գործընթաց է։ Նույն ժամանակ տեսչությունը ստուգումներ անցկացրեց, մենք գիտենք, որ մեծ աղմուկ եղավ հենց էդ տուգանքների գումարի պատճառով, որովհետև 380 միլիոնը փոքր գումար չէ ո՛չ հարուստ, ո՛չ աղքատ ընկերությունների համար։ Եվ մեծ հարց է առաջանում՝ արդյոք ՎՏԲ բանկը իր վրա կվերցնի սոցիալական և էկոլոգիական ամբողջ պատասխանատվությունը», – անդրադառնալով այս խնդրին երեկ ասել էր «Էկոլուր» կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը։

Նա խոսել էր նաև գործարանի հետ կապված էկոլոգիական խնդիրներից․ «2013 թվականից Բնապահպանության նախարարությունը հաստատել է մոտավորապես 28 հազար տոննա տարեկան միայն ծծմբային անհիդրիդի արտանետում։ Երբ այդ արտանետումները դուրս են գալիս և խառնվում ջրի հետ, իսկ եղանակն այնտեղ կարող է խոնավ լինել, մոտավորապես տալիս է 42 հազար տոննա արդեն ծծմբային թթու։ Ի՞նչ է պահանջում հիմա կոմպանիան, նրանք պահանջում են, որ առանց ավել գումար մուծելու, էլի արտանետեն նույն ձևի քանակ, բայց պարտավորություն ունեին 2013-2017 թվականներին, որ պետք է միջոցառումներ անեին, որպեսզի այդ արտանետումների ծավալը իջեցնեն մինչև նորմատիվը, իսկ դա մինիմում 6 անգամ քիչ է, քան հիմա նրանք արտադրում են»։

Ըստ բանախոսի, այս տարիների ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկվել խնդիրը լուծելու ուղղությամբ․ «Ոչ մի բան արված չի, բացի էդ ծխնելույզի, որը մի քանի տարի առաջ տեղափոխվել է ավելի բարձր տեղ, և եթե առաջ միայն Ալավերդին ու շրջակայքն էին գտնվում այդ ծխնելույզի ազդեցության տակ, հիմա բարձր տեղից ինքը թունավորում է շատ ավելի մեծ շառավիղով տարածք»։

«Էկոլուրի» ղեկավարը ներկայացրել էր խնդրի լուծման իր տարբերակը․ «Մենք ուղղել ենք նամակ և պահանջում ենք կառավարությունից, որպեսզի ֆինանսական աուդիտի հետ կոմպանիան անպայման ներկայացնի նաև սոցիալական և էկոլոգիական աուդիտ։ Վերջը մենք պետք է հասկանանք էդ վնասներիր չափը ոչ թե միայն չափված ստուգումների ժամանակ, որը կատարել է տեսչությունը, այլ նաև պետք է հասկանանք՝ ընդհանրապես նրանք անցնում են էդ պարտավորությունները, չեն անցնում, ինչ գումարով և ինչ հիմք կա, որ էդ պարտավորությունները կատարվեն։ Պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որը պետք է ընդգրկի բոլոր շահագրգիռ կողմերին և իհարկե տեղի բնակչությանը, որովհետև տեղի բնակչությունը ենթարկվում է շատ մեծ մանիպուլացիաների։ Պետք է հասկանանք՝ կոմպանիան ինչն է մեզ պարտք, ինչքան փող է աշխատել այդ տարիների ընթացքում և ինչ պետք է մուծի ըստ մեր օրենքների»։

Tekali Taxi