Գլխավոր / Բանակ / Հեղափոխությունից հետո բանակը նույն անմխիթար վիճակում է

Հեղափոխությունից հետո բանակը նույն անմխիթար վիճակում է

Այս տարվա հունվարից մինչև սեպտեմբեր ամիսներին իրավապաշտպանական կազմակերպությունների ամփոփած տվյալներով բանակում գրանցվել է մահվան 34 դեպք, որոնցից միյան 8-ն են սահմանային։

Հենց հեղափոխության ընթացքում և հետո տեղի են ունեցել զինծառայողների մահվան դեպքեր, որոնք բոլորը որակված են որպես ինքնասպանություններ, հոկտեմբերի 23-ի ասուլիսին ասել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը։

«Մայիսից հետո 8 դեպք է, որոնք հարուցված են ինքնասպանության հասցնելու հոդվածներով։ Ապրիլ ամսին կա դիտավորյալ սպանության մի դեպք։ Բոլորը միասին 9 դեպք է։ Մարդիկ աջակցել են, որ հեղափոխություն տեղի ունենա, այդ հեղափոխությանը մասնակցել է ամբողջ ժողովուրդը և արդարացիորեն ունի իրավունք պահանջելու իրենց խնդիրների լուծումները, հատկապես, որոնք վերաբերում են բանակին։ Ես չգիտեմ՝ պաշտպանության համակարգում ինչ է փոխվել հիմա, որ էս դեպքերը գրանցվել են», — ասել է Ալեքսանյանը՝ նշելով, որ իրեն շատ է զարմացնում այն փաստը, որ բանակում գրանցված մահվան դեպքերը նոր իշխանությունների ուշադրության կենտրոնում չեն հայտնվել։

«Փորձը ցույց է տալիս, որ քննչական մարմինները շատ վատ քննություն են կատարում։ Իհարկե, ես հույս ունեմ, որ հիմա՝ այս հեղափոխությունից հետո, հնարավոր է փոխվի ինչ-որ բան, բայց քանի որ մենք մասնակցում ենք 5 գործի քննության և չենք տեսնում այդ փոփոխությունները, ես ինձ թույլ եմ տալիս ասելու, որ այդտեղ էլ չկա որևէ փոփոխություն։ Այսինքն իրավապահ մարմինները կամ դատական համակարգը դեռ քայլեր առաջ չեն գնացել․ այստեղ էլ մի հեղափոխություն է պետք», — ասել է Ալեքսանյանը։

Նույն կազմակերպության փաստաբանՀայարփի Սարգսյանի կարծիքով, քննչական մարմինների ոչ լիարժեք աշխատանքը իր պատճառներն ունի․ «Քննչական մարմինը պատշաճ քննություն չի իրականացնում։ Չնայած մի կողմից իրենց հետաքրքրվածությանը, որ ցանկանում են ինչ-որ գործ իրականացնել, ինչ-որ բացահայտումներ կատարել, այնուամենայնիվ, շարունակվում է այն նույն ձեռագիրը, որով իրենք գործեր են քննել։ Պետք է համակարգը փոխվի։ Եթե պաշտոններ են փոխվում, որոնք պետք է վերահսկեն այդ համակարգի գործունեությունը, չի նշանակում, որ համակարգը ամբողջովին միանգամից կարելի է փոխել։ Հիմա չեն կարող ասել՝ գիտեք, մենք հանցագործություն ենք կատարել, հետք ենք վերացրել, հիմա խոստովանում ենք այդ մասին»։

Փաստաբանը նաև զինվորների՝ ինքնասպանություն որակված մահվան դեպքերի կոնկրետ օրինակներ է ներկայացրել, որոնցում, ըստ նրա, շատ հակասական ու խնդրահարույց կետեր կան․ «Զինվորական այն գործերով, որոնցով ձևակերպվում է ինքնասպանություն, այն զենքը, որով ինքնասպանություն է իրականացվել, հիմնականում իր վրա չի ունենում որևէ մատնահետք։ Այսինքն ստացվում է, որ անձը ինքն իրեն սպանել է, այնուհետև վերակենդանացել է, մատնահետքերը մաքրել է զենքի վրայից, հետո նորից մահացել։ Այսպիսի աբսուրդային իրավիճակներ կան, և դա մեկ դեպք չի, երկու չի»։

Անդրադառնալով Գևորգ Հարոյանի՝ հոկտեմբերի 1֊ին տեղի ունեցած մահվան դեպքին, Ժաննա Ալեքսանյանը նշել է․ «Նրան այնտեղ ճնշել են, նվաստացրել են։ Երբ ծնողները նրան հանդիպել են, աչքի տակ կապտուկ են տեսել։ Եթե զինվորը զորամասում քայլում է, ծառայում է կապտուկներով և որևէ մեկը դա չի նկատում, էդ զորամասի հրամանատարական կազմը ու՞ր է հիմա։ Կանչե՞լ է պաշտպանության նախարարը և ասել՝ դուք ի՞նչ էիք անում, որ չեք տեսնում, որ էդ տղան էդ խնդիրներով է, չկա՞ր հրամանատարական կազմում էնպիսի մարդ, որը պետք է դա տեսներ։ Ամենաարտառոցն այն է, որ դեպքից հետո մենք չենք տեսնում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրապարակային ելույթը, որը ներողություն խնդրի, որ զորամասում էդպիսի դեպք է եղել, որ ինքը պատասխանատու է այդ դեպքերի համար։ Քար լռություն է։ Եվ ծնողները, որ գնում են Պաշտպանության նախարարություն, պատասխան չեն ստանում»։

Ալեքսանյանն ընդգծել է, որ ինքնասպանություն որակված բոլոր դեպքերում մեղադրում են մահացածին կամ նրա ընտանիքին, իսկ Պաշտպանության նախարարությունը մշտապես խուսափում է պատասխանատվությունից․

«Բայց եթե նույնիսկ ինքնասպան է եղել, ինքը պիտի պատասխան տա և վերջ։ Այս 8 դեպքերը համարում եմ արտառոց, որ ինքնասպանություն են որակված։ Թող բանակի ղեկավարությունը մի հատ վերլուծական կենտրոն բացի ու տեսնի, թե ինչու են ինքնասպան լինում զինվորները, եթե դա իրականությանը համապատասխանում է։ Նորմալ պայմաններում զինվորը ինքնասպանություն չի գործի», — ասել է նա։

Զինվորների մահերի շարքում Ալեքսանյանը խոսել է նաև Աղասի Մկրտչայանի դեպքի մասին․ «Տղայի հեռախոսը ձեռքից վերցրել են և հեռախոսի թաղում են կատարել։ Նրա խնդիրները առաջացել է հենց էդ հեռախոսից։ Մենք կապվում ենք Պաշտպանության նախարարության հետ, որպեսզի նրանք ևս հաստատեն այս կամ այն վարկածը։ Հարցրել ենք էդ հեռախոսի թաղման հետ կապված։ Ի դեպ, նշեմ, որ օգոստոս ամսին Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ թույլ է տալիս հեռախոսներով զինվորներին կապի մեջ մտնել, և էս դեպքը եղել է իրենց հայտարարությունից երկու ամիս անց։ Մեր թղթակցի այն հարցին, թե հեռախոսի թաղումը զինվորին պատժելու եղանա՞կ է, որը տարածված է Արցախի որոշ զորամասերում, Արծրուն Հովհաննիսյանը բառացի պատասխանել է՝ «ոչ թե որոշ զորամասերում, այլ բոլոր զորամասերում էլ կատարվում են հեռախոսի թաղումներ։ Երբ հրամանատար էի, ես էլ էի անում ու ճիշտ են անում, որովհետև իրենք իրավունք չունեն հեռախոս ունենալու, որովհետև հեռախոս ունենալը իրենց անվտանգության խնդիրն է»։

Եթե դա նորմալ է, որ Արծրուն Հովհաննիսյանը ասում է, որ լավ են անում, ուրեմն թող կանոնակարգի, որ իմանանք», — նշել է Ալեքսանյանը։

Ամփոփելով խոսքը՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավարը ընդգծել է, որ հարցերը բարձրաձայնելով նպատակ ունեն իշխանությունների ուշադրությունը հրավիրել այն խնդրին, որ հեղափոխությունից հետո բանակը նույն անմխիթար վիճակում է․

«Էդ կամքը, որը պետք է նպաստի ամբողջ իրավիճակը փոխելու, օգնելու այդ քննությանը, չկա դեռևս։ Նախարարը պարտավոր է հանրությանը բացատրություններ տալ։ Ամեն մի զինվորի կյանքի իրավունքի համար ինքն է պատասխանատու, իսկ իրենք ասում են՝ գնացեք քննչական մարմին, բայց քո զորամասում է տեղի ունեցել, ես գնամ քննչական մարմին, ի՞նչ անեմ։

Հույս ունեմ, որ իշխանությունները, պաշտպանության նախարարը իրոք ուշադրություն կդարձնեն այս դեպքերին նաև կհարգեն ծնողներին, որոնք զավակ են կորցնում բանակում և կորցնում են բանակի բարքերի՝ և ոչ թե սահմանին ծառայության հետևանքով»։