Home / Ազգային ժողով / Դավադրությունն ամբողջությամբ բացահայտված է․ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում

Դավադրությունն ամբողջությամբ բացահայտված է․ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում

Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստի ժամանակ քննարկում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրելու հարցը։ Իր ելույթում Փաշինյանն անդրադարձել է մի շարք հարցերի՝ այդ թվում Կապանի ընտրություններին, Ընտրական օրենսգրքին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին և իր՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին որոշմանը։

Ելույթը ներկայացվում է որոշակի կրճատումներով․

Ես «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվել եմ ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ վարչապետ չընտրվելու համար։

Հետևաբար այսօր ԱԺ-ն չպետք է քվեարակի իմ օգտին։ Իսկ առաջադրման իմաստն առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության շուրջ շահարկումների որևէ հնարավորություն չթողնելն է։ Առաջիկա ընտրությունները կասեցնելու որևէ իրավական սողանցք բացառելն է։ Ուզում եմ բացատրել, թե ինչու է  ինձ այսօր առաջադրելու որոշում կայացվել։

Հանրապետության նախագահը չի ստորագրել  ԱԺ կանոնակարգում կատարված տխրահռչակ փոփոխությունները, որը հոկտեմբերի 2-ի ճգնաժամի պատճառ դարձավ։ Օրենքի սահմանադրականության հարցով նախագահը դիմել է Սահմանադրական դատարան։ Ի՞նչ կապ ունի այս իրավիճակի հետ։

Ուրեմն, մենք ստանում ենք հավաստի տեղեկատվություն, որ այդ գործի քննարկման կոնտեքստում ինչ-որ մարդիկ կան, որ ակտիվ բանակցում են, որ Սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որ, եթե վարչապետի թեկնածու չի առաջադրվել և այդ հարցով քվեարկություն չի եղել, ուրեմն, դա չի կարող հիմք դառնալ ԱԺ-ն լուծարելու։ Եվ դրանով ամբողջ արտահերթ ընտրությունները ցանկանում են դնել հարցականի տակ և պրոցեսը մտցնել փակուղի։

Ըստ Սահամանդրության 149-րդ հոդվածի՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն և այլն։ Էս «քվեարկություն» բառի համար է իմ առաջադրվելու ամբողջ իմաստը, որ այսօր տեղի ունենա քվեարկություն, որին դուք մասնակցեք կամ չմասնակցեք։

․․․Միանշանակ է և աներկբա, որ դեկտեմբերին ունենալու ենք խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնք պետք է դառնան Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության վերջնական հաղթանակի վերջնական հանգրվանը։

Ուզում եմ անդրադառնալ հարցին՝ ինչ էր Հայաստանում տեղի ունեցածը․ հեղափոխությո՞ւն, թե պարզապես իշխանափոխություն։ Ինձ համար միանշանակ է, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, քանի որ տեղի է ունեցել հասարակական ֆորմացիայի իրական փոփոխություն։ Իսկ այդ փոփոխության իմաստն այն է, որ մինչև 2018 թվականի ապրիլը Հայաստանում դոմինանտ քաղաքական գործոնը, որոշիչ ուժը քրեական, տնտեսական, քաղաքական էլիտան էր, որին պատկանում էր ողջ իշխանությունը։ Իսկ հիմա որոշիչ քաղաքական ուժը ժողովուրդն է։

Այդ թեման կարևոր է այնքանով, որ որոշ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ պնդում են, որ Հայաստանում տեղի է ունեցել ընդամենն իշխանափոխություն, ոչ թե հեղափոխություն։ Իրականում ճիշտ հակառակն է․ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, բայց իշխանափոխություն դեռ տեղի չի ունեցել։ Համենայն դեպս ամբողջական իշխանափոխություն։

Ժողովուրդը և ժողովրդական կառավարությունը դեռ չունեն իրենց գաղափարները և իդեաները կյանքի կոչելու գործիքը, քանի որ կառավարման համակարգը, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մի զգալի մասով գործում է ոչ միայն դեռ հին տրամաբանությամբ և սովորույթներով, այլև վերադարձի թաքուն հույսը սրտի մեջ պահած։

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարել են, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախադրյալներ չկան և հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2022 թվականին։

Սա արվել է մի քանի նպատակով․ նախ կոնսոլիդացված պահել տարիներ շարունակ պետական կոռումպացված համակարգը, Հայաստանում հաստատված մթնոլորտը դարձնել հնարավորինս նյարդային։ Այսինքն՝ մարդկանց տոկի տալ, որ մարդիկ հանդարտ ապրելու հնարավորություն չունենան, խաթարել տնտեսական և ներդրումային միջավայրը, և մեծ խոչընդոտներ ստեղծել նոր կառավորության համար և սպասել հարմար պահի՝ ռևանշի հասնելու համար։

Ռևանշի հասնելու առաջին փորձը․ փորձեցին կոնսոլիդացվել Ռոբերտ Քոչարյանի շուրջ, որը ձախողվեց ժողովրդի հուժկու մերժման պատճառով։

2-րդ փորձը հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ խորհրդարանական մեծամասնության ձեռքով այնպիսի փոփոխություններ էին ցանկանում անցկացնել ԱԺ կանոնակարգ օրենքում, որ ժողովրդի գործոնը զրոյացվի։ Բայց 2 ժամվա ընթացքում 80 հազար քաղաքացի շրջափակեցին ԱԺ-ն՝ ցույց տալով, որ բոլոր փորձերը կարժանանան հուժկու ժողովրդական դիմադրության։ Ռևանշի հասնելու մյուս քայլն այս շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ ՀՀԿ-ն բոյկոտեց ու տապալեց Ընտրական օրենսգիրքում առաջարկվող փոխությունները։

Սա արվում է նրա համար, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացվեն գործող օրենսգրքով՝ այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով։ Քանի որ ՀՀԿ-ի և նրա հետ ասոցացվող ուժերի մոտ հանկարծակի հույս ծագեց, թե ռեյտինգային ընտրակարգը նրանց կարող է շանս տալ արտահերթ ընտրություններին հասնել ռևանշի։

Իսկ ինչն էր պատճա՞ռը։

Դա պետք է ուղիղ կապել Կապանում տեղի ունեցած ընտրությունների հետ։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Կապանում։ Պարզվում է, որ հին ընտրական մշակույթը Սյունիքի մարզում դեռևս կենսունակության ինչ-որ նշաններ է ցույց տալիս։ Սա նշանակում է, որ Սյունիքի գործող քրեական, տնտեսական և քաղաքական էլիտան իր ձեռքում շարունակելով պահել բավականին շոշափելի լծակներ՝ կարողացել է կոնսոլիդացիա ապահովել և ի վերջո մարդականց որոշակի հատվածի ուղղորդել որոշակի քվեարկության, և հասնել իրենց համար ցանկալի արդյունքի։

ՀՀԿ-ն հույս ունի, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին նրանց կհաջողվի գործարկել կապանյան մոդելը։

Լրագրողները և վերլուծաբանները ճիշտ են, որ այդքան մեծ ուշադրություն են դարձնում Կապանի ընտրություններին, բայց սխալ են, որ դա կապում են Հունան Պողոսյանի նշանակման հետ։

Ընդհակառակը, Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելը կապված է Սյունիքում հին համակարգի գոյության վերաբերյալ Կառավարության համոզմունքի և ստացած տեղեկատվության հետ։

Իմ համոզմունքը հետևյալն է․ Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական և քրեական ուժեր, ովքեր մտածում են, որ իրենք ավելի հզոր են քան ժողովրդական իշխանությունը։

Եվ իմ աներկբա համոզմունքն է, որ այս խնդիրը կկարողանա լուծել միայն ու միայն կառավարման մեծ փորձ, քաղաքական հին համակարգի բոլոր նրբություններին ծանոթ այնպիսի մի մարզպետ, ով կկարողանա կասեցնել նաև իրավապահ համակարգի նկատմամբ տնտեսական և քաղաքական էլիտայի ազդեցությունը։ Սա այն դեպքն է, երբ սեպը սեպով պետք է հանես։ Ահա սա էր ոստիկանության պետի երկարամյա տեղակալին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման պատճառը։

… Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Կապանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն օրինական են։ Բայց քաղաքական և տնտեսական էլիտան անառողջ ազդեցություն են ունեցել արդյունքների վրա։

․․․Եթե ընտրությունները անցնեն անգամ գործող ընտրական օրեnսգրքով միանշանակ ասում եմ, որ կոռուպանցված համակարգը ռևանշի հասնելու հնարավորություն չի ունենա։ Դավադրությունն ամբողջությամբ բացահայտված է։ Նույնիսկ հին ընտրական օրնեսգրքով ժողովրդի հաղթանակն անխուսափելի է։

․․․Նշեմ նաև, որ Ազգային ժողովի պատգամավորներից մեկի նկատմամբ կա գործ, որ արդեն 100 տոկոսով ապացուցված է։ Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ եղած թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում։ Որ օրը եկավ, այդ պատգամավորը կալանավորվելու է։ Դա կաշառքի գործ է։ Կապված է օտարերկյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, և երեք ամիս է այդ թուղթը չի գալիս։ Բայց թուղթը կգա, և այդ պատգամավորը կալանավորվելու է, և դա լինելու է 3-րդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը։

Tekali Taxi