Home / Դատարան / «Նրանք օգտվեցին Նիկոլ Փաշինյանի մարդասիրական վերաբերմունքից»

«Նրանք օգտվեցին Նիկոլ Փաշինյանի մարդասիրական վերաբերմունքից»

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը անակնկալի է բերել Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների զոհերի հարազատներին և տուժողներին։ Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը «խայտառակ» է որակում դատարանի այս որոշումը:

«Դատավորը թույլ է տվել շատ կոպիտ սխալ։ Մենք որպես տուժողի իրավահաջորդ ծանուցագիր է ուղարկել, մեր իրավունքները, մենք իրավունք ունենք մեղադրյալին հարցեր տալու և նա իրավունք չուներ առանց մեզ տեղյակ պահելու գործը ուղարկել ՍԴ։ Դա կարելի է անվանել գողություն», – «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Քլոյանը: – «Մենք կպայքարենք, ինչի՞ ա դատավորը էսպիսի խայտառակ որոշում կայացրել՝ առանց մեզ տեղեկացնելու։ Կաշառել են դատավորին, համոզված եմ՝ մեկ մեշոկ դոլար են տվել, փողերը չի պակասի, միլիարդատեր մարդ ա։ Մենք էստեղ մի փոքր վատ կասկած ունենք, որ ՍԴ-ում ով ա դատարանի նախագահը, Հրայր Թովմասյանը, ես մի քիչ կասկածում եմ՝ ինչպիսի վճիռ կկայացնի»:

Սարգիս Քլոյանն ասում է՝ որոշման մասին տեղեկացել են երեկ, միայն մամուլից․ – «Դատական նիստի վերջին օրը ես ներկա եմ եղել։ Նա ուղղակի ասաց, որ Քոչարյանը մինչև բուն դատական նիստի ավարտը պետք է մնա ազատության մեջ։ Դրանից հետո մենք շատ վատ զգացինք, մանավանդ էն ժամանակ, երբ նրա կողմնակիցները դրսում պարում էին, թռչկոտում։ Առանց հաշվի առնելու՝ էդտեղ կանգնածները զոհերի հարազատներն էին։ Գոնե սպասեին՝ մենք գնայինք, նոր պարեին»:

Քլոյանը կարծում է՝ դատական համակարգը ոտքից գլուխ փոխել է պետք․ – «Մոտ 200-300 դատավոր պետք է գործից ազատվեն, նրանք էն դատավորներն են որ էդ տարիներին դատեցին անմեղ մարդկանց»:

Սամվել Հարությունյանը առաջիններից էր, ում Մարտի 1-ի արևածագին ոստիկանները Ազատության հրապարակից բռնի ուժով հեռացրին:

«Լխկում էին դաժանաբար։ Օպերայի շենքի մեքենաների մուտքի մոտ սպայակազմ էր, ինձ որ քարշ տալով տանում էին, դրանցից մեկը վազեց իմ կողմ, մտածեցի՝ հեսա կասի, ինչ եք անում, չթողի․․․ էն էլ եկավ՝ բալոնչիկով բան փչեց աչքերիս, ընդհանրապես դրանից հետո ես չեմ կարացել տեսնեմ», – պատմում է նա:

Հարությունյանը վստահ է՝ անցումային արդարադատություն ներդնելու կարիք կա: – «Դաժե ուշացվումա, շատա ուշացվում: էտի վաղուց պետքա արվեր», – ասում է նա:

Խաչիկ Գասպարյանը միայն 11 տարի անց է տուժող ճանաչվել Մարտի 1-ի գործով: – «Մի մարդու վրա 15-30 հոգի հարձակվեն՝ ոտի տակ տան: Իմ թևս կոտրվել էր, ունքերս, քիթս, կողքերս, մատներս: Դրանից հետո նորից տանում են Կենտրոնի քաղմաս, նորից հարձակվում են գազանաբար», – պատմում է Գասպարյանը:

Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշմանը, նկատում է՝ դատական համակարգը չի փոխվել․ – «Նրանք օգտվեցին Նիկոլ Փաշինյանի մարդասիրական վերաբերմունքից։ Իմ կարծիքով՝ նա թողեց դատարաններին, որ հետդարձի գան, բայց փաստորեն չփոխվեց, որովհետև սովոր են մարդիկ, չէ՞»:

Tekali Taxi