Գլխավոր / Ապատեղեկատվություն / «Կարծիքի ազատությունը սուտ խոսելը չէ»․ «Սորոսի» դեմ ակցիաների մասին

«Կարծիքի ազատությունը սուտ խոսելը չէ»․ «Սորոսի» դեմ ակցիաների մասին

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ղեկավար Լարիսա Մինասյանը և կազմակերպության փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը «Ազատություն» TV-ի հետ զրույցում անդրադարձել են վերջին օրերին իրենց գրասենյակի հարևանությամբ անցկացվող ակցիաներին, որոնք առաջնորդվում են ակտիվիստ, ոստիկանության նախկին աշխատակից Նարեկ Մալյանի կողմից։ «Երբ մեր գործունեության մասին սուտ լուրեր են տարածում, պարտավոր ենք արձագանքել», – նշել է Մինասյանը։

Երկրորդ շաբաթն ընթացող ակցիաների ընթացքում, ըստ գործադիր տնօրենի, վիրավորական հայտարարություններ շատ են արվում։ Բացի դա, խոչընդոտվում է հիմնադրամի աշխատանքը․ «Իհարկե, մենք ընդհանրապես բաց ենք բոլորի համար և ամբողջ օրվա ընթացքում, սակայն հիմա ես ստիպված էի դիմել ոստիկանություն՝ պաշտպանություն խնդրելու և ոչ թե, իհարկե, քրեական գործ հարուցելու, ինչպես ասվում է։ Պաշտպանություն, քանի որ եղել են սպառնալիքներ հիմնադրամի և աշխատողների հանդեպ»։

Ըստ Դավիթ Ամիրյանի՝ իրադարձությունները ցույց են տվել, որ անհրաժեշտ է տարբերություն դնել խաղաղ ցույցի, կարծիքի արտահայտման, խոսքի ազատության և կոչերի ու գործողությունների միջև։

«Մեր հիմնադրամը 20 տարուց ավել Հայաստանում գործում է, և մեր ամենամեծ առաքելություններից մեկը խոսքի արտահայտման, հավաքների ազատության պաշտպանությունն է։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ մեր երկրում այսօր դրա հնարավորությունը կա՝ առանց որևիցե բռնության և խոչընդոտելու, բայց դա չի նշանակում, որ, օրինակ, բռնության կամ հակաօրինական արարքի կամ սպառնալիքի կոչերը կարող են դասվել ազատության շարքին», – ասել է փոխտնօրենը։

«Մենք պատրաստ ենք անել գործողություններ, որոնց համար, շատ լավ գիտակցում ենք, կարող ենք ենթարկվել քրեական պատասխանատվության», ֊ նման հայտարարություն հնչեց առաջին ակցիայից առաջ, որը և ոստիկանություն դիմելու պատճառ դարձավ։

«Կոչերը մի կողմ, բայց, և դա հայաստանյան պռոբլեմ չի, դա մեծ պռոբլեմ է ամբողջ աշխարհում, կարծիքի ազատությունը՝ սուտ խոսելու, սուտ տարածելու, մանիպուլյացիայի արդարացում է դառնում։ Կարծիքը կարող է լինել տարբեր, բայց սուտը տեղ չունի բանական և բարոյական դիսկուրսում», ֊ նկատել է Լարիսա Մինասյանը։ Ստերը բազմաթիվ են, ասում է կազմակերպության ղեկավարը․ «Օրինակ, դեռ ամիսներ առաջ տարածվում էր, որ մենք թիրախավորել ենք Երևանի պետական համալսարանը և ուզում ենք, իրենց գռեհիկ բառերն եմ ասում, դնել մեր մարդուն՝ համալսարանի ռեկտոր, «իսկ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե դնեն, կարող են փակել միջուկային ֆիզիկայի ամբիոնը և թողնել մեր ատոմակայանն առանց մասնագետների»։

Ակնհայտ սուտ է, որ Ջորջ Սորոսը [ամերիկացի ներդրող, բիզնես-մագնատ, բարերար, քաղաքական ակտիվիստ և հեղինակ, աշխարհի ամենահաջողակ ներդրողներից մեկը] 50 միլիոն է վերցրել Ալիևից՝ 25֊ը պահել իրեն և 25֊ը տվել ինձ՝ անձնապես։ Չգիտեմ, որ մասն է ավելի ծիծաղելի՝ իրեն պահելը, թե ինձ տալը։ Երևի թե, վերցնելն, ամեն դեպքում։ Նաև հարց է՝ հիմնադրամն Ադրբեջանում փակելուց հետո՞, թե՞ առաջ»։

Որպես պահանջ ակցիաների մասնակիցները նշում են կազմակերպությունը փակելը։

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գործում է 1997 թվականից։ Այդ թվից ի վեր 53 միլիոն դոլարի ներդրում է արվել հայաստանյան տարբեր կազմակերպություններում ու ծրագրերում՝ առողջապահականից մինչև կրթական, քրեակատարողականից մինչև խնամքի տներ․ «Հիմնադրամը կատարում է, կատարել է ծրագրեր, հեղափոխությունից առաջ, հեղափոխությունից հետո, արդարադատություն ջատագովելով, հաշվետվողականություն և թափանցիկություն։ Հիմնադրամը սատարում է կրթական ծրագրերին, կրթության բնագավառին, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների պաշտպանության և իրականացման, մամուլի ազատության»։ Ըստ Մինասյանի՝ հիմնադրամը բարեգործությամբ չի զբաղվում․ դա արվել էր միայն 2009-2011թթ․, երբ Հայաստանը մեծ անկում ապրեց ճգնաժամի տարիներին․ «Այդ ընթացքում մենք ոչ թե որպես հիմնադրամ, բայց, ըստ Ջորջ Սորոսի անձնական նվիրատվության, այնպիսի երկրներում, որոնք մեծ տնտեսական կորուստ էին կրել, հնարավորություն ընձեռնվեց բարեգործությամբ զբաղվել և 4․7 միլիոն ԱՄՆ դոլար, ընդհանուր 65 հազար մարդու հասնելով, կարողացանք ծրագրեր կատարել»։

Ավելի վաղ շուրջ 70 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում իրենց մտահոգությունն են հայտնում գրասենյակի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ:

«Մենք, ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, մեր աջակցությունն ենք հայտնում 1997թ.-ից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի գործունեությանը:

Մշտապես հանդես գալով բազմակարծության, խոսքի ազատության և մարդու իրավունքների սկզբունքների պաշտպանությամբ, ողջունում ենք 2018 թվականի Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կարծիքի ազատ արտահայտման իրավունքի անհրաժեշտ միջավայրի ստեղծումը:

Վերջին օրերին, սակայն, քաղաքացիների մի խմբի կողմից «Բաց Հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» գրասենյակի մոտ իրականացված ցույցերի թիրախավորված բնույթը, հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկաննների նկատմամբ սադրանքները, Հիմնադրամի աշխատակիցների նկատմամբ սպառնալիքները, ազգային շահերի անվան տակ բռնության, ատելության խոսքի տարածման դրսևորումներն անընդունելի են հենց մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Խեղաթյուրված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների, մտացածին ենթադրությունների և դրանց հիման վրա գնահատականների տարածումը, ապարդյուն փորձ է նսեմացնելու մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու և թափանցիկ կառավարման ձեւավորման գործում քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը, որի աջակցման գործում իր ներդրումն ունի «Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան»֊ը։

Ավելին՝ բողոքի ակցիաների իրականցման նման գործողությունները հանգեցնում են միավորումների ազատության իրավունքի սահմանափակմանը, որը հակասում է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին:

Անհրաժեշտ է նշել ՀՀ ոստիկանության կողմից այդ ցույցերի ընթացքում դրսևորվող բացառիկ զուսպ պահվածքը ցույց անող քաղաքացիների նկատմամբ: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ արդեն մի քանի օր է, ինչ չի ապահովվում Հիմնադրամի բնականոն գործունեության հնարավորությունը:

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել հասարակական կարգը պահպանելու, աշխատակիցների և այցելուների անարգել ու անվտանգ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև կանխել հնարավոր ոտնձգությունները մարդկանց կյանքի, առողջության ու գույքի նկատմամբ», ֊ նշում են հեղինակները։

Հայտարարության տակ ստորագրածների թվում են, մասնավորապես, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ, «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» ՀԿ, «Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ, «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ, «Հանրային օրակարգ» ՀԿ, «Կանանց աջակցության կենտրոն» ՀԿ, «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ, «Երանի մամուլի ակումբ» ՀԿ, «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ, «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն, «Տաթեւիկ» ՀԿ, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ, Արմավիրի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն, «Երիտասարդական ավանգարդ» հանրային շահերի աջակցման ՀԿ, «Փինք» ՀԿ, «Մարդու իրավունքների տուն» Երևան, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ,«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ, «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, «Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ, «Ֆեմիդա» ՀԿ, «Նոր Սերունդ» ՀԿ, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ, «Հայստանի Հելսինկյան Կոմիտե» ՀԿ, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ։

Tekali Taxi