Home / Բանակ / Մեղադրյալ Ռազգիլդեևին ռուսական 102-րդ ռազմաբազայում պահելը խոշտանգում է

Մեղադրյալ Ռազգիլդեևին ռուսական 102-րդ ռազմաբազայում պահելը խոշտանգում է

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Ջուլիետա Ղուկասյանի մահվան դեպքով սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել դեռևս 2018թ․ դեկտեմբերին, սակայն մինչ օրս չի հանդիպել մեղադրյալ Անդրեյ Ռազգիլդեևին, չի դիտարկել նրա պահման պայմանները։

Այս հարցով Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը Մարդու իրավունքների պաշտպանին էին դիմել դեռևս 2019թ․ հունվարի 21-ին։ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացրել էին, որ դիմումն ուսումնասիրվում է, և որ Մարդու իրավունքների պաշտպանը 2018թ. դեկտեմբերի 14-ին իր նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել և համապատասխան քրեական հետապնդման մարմնից անհրաժեշտ պարզաբանումներ պահանջել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումով առաջարկել էին պարզել՝ արդյոք չեն խախտվում ՀՀ քրեակատարողական հիմնարկ չհանդիսացող 102-րդ ռուսական ռազմաբազայում պահվող Ռազգիլդեևի իրավունքները, այց կատարել՝ նրա պահման պայմաններին ծանոթանալու համար և միջոցներ ձեռնարկել՝ նրան ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու ուղղությամբ:

Սաքունցը, Զալյանն ու Հակոբյանը նշել էին, որ Ռազգիլդեևին ռուսական 102-րդ ռազմաբազայում պահելը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների լույսի ներքո խոշտանգում է, և ընդգծել էին, որ քրեական գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ է, որ բացառվի մեղադրյալի իրավունքների ցանկացած խախտում:

Այդ ուղղությամբ ՄԻՊ աշխատակազմի ձեռնարկած գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները 2019թ․ ապրիլի 19-ին կրկին դիմել են Պաշտպանին։

2019թ․ մայիսի 30-ին թվագրված գրությամբ օմբուդսմեն Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Ջուլիետա Ղուկասյանի մահվան դեպքի քննարկման ընթացակարգը շարունակվում է, գրություններ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազին ու քննչական կոմիտեի նախագահին։

Պաշտպանը հայտնել է նաև, որ աշխատանքներ են տարվում առաջիկայում Ռազգիլդեևին այցելելու, նրա հետ առանձնազրույց ունենալու և պահման պայմանները դիտարկելու համար, բայց թե երբ դա տեղի կունենա, պատասխանի մեջ նշված չէ, հայտնում է ՀՔԱՎ-ը։