Home / Հայաստան / Հայաստանում էքստրեմիստական խմբավորումներ են ստեղծում

Հայաստանում էքստրեմիստական խմբավորումներ են ստեղծում

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն և դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում՝ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական և նորմալ է ժողովրդավարական ցանկացած երկրի համար։ Մեկ տարվա փորձերի և գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկից առաջ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ վերջին շրջանում մենք տեսնում ենք հետևյալ դրսևորումները, որ, ըստ ամենայնի՝ հուսահատ, քաղաքական որևէ աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ։ Նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքն այն է, որ ահա, իրենք պատրաստվում են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել, և այս ասելիքը, հռետորիկան գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում, և նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատված որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, աչքի ընկնել որոշակի լկտի պահվածքով և այսպես շարունակ», – հայտարարել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ մի երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և առկա են բռնության կոչեր, իրավապահ համակարգը չի կարող թավշյա լինել․

«Եվ այս պայմաններում իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին՝ սկսած նրանից, որ, օրինակ, Երևանի Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել, ճռիկներ անել, ավտոմեքենաներ վարել մայթերով։ Եվ սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն կամ երկրում չկա իրավակարգ, կամ իրավակարգը թույլ է։ Նման դեպքերում ՀՀ ոստիկանությունը, իրավապահ համակարգը խնդրին պետք է վերաբերվի ոչ թե որպես երթևեկության կանոնների խախտում, որովհետև սրանք խախտումներ չեն, այլ բացահայտ արհամարհանք են հանրության, օրինականության, պետական կարգի նկատմամբ և բոլոր այսպիսի դեպքերով պետք է զբաղվի ոչ միայն ճանապարհային ոստիկանությունը, այլև հասարակական կարգի և անվտանգությամբ զբաղվող ուժերը։ Նման պահվածքով հանդես եկող ցանկացած անձ պետք է լրջորեն փոշմանի իր կատարած արարքի համար»։ Վարչապետը նաև հայտնեց, որ առավոտյան զրույցել է ոստիկանության պետի հետ։

«Ինչ վերաբերում է այդ սևազգեստ խմբերին՝ նրանց պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան վառ ծաղիկներով կապել և ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանքի։ Պա՞րզ է առաջադրված խնդիրը», – դիմելով ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, ասել է Փաշինյանը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին վարչապետն ասաց, որ ճիշտ կլինի՝ դատախազությունն այս երևույթներին ոչ միայն ուղղակի քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածի առանձին վերցված մեկնաբանության տեսակետից մոտենա, այլ ընդհանրապես հանրային անվտանգության տեսակետից, քանի որ, իր կարծիքով, կոնկրետ գործողություններ են արվում փողոցով քայլող քաղաքացիների շրջանում՝ պաշտպանվածության զգացումը խաթարելու համար։ «Սա հանրային և ազգային անվտանգության խնդիր է, և սրանց մոտենալ զուտ մի հոդվածի շրջանակներում, ես կարծում եմ, այդքան էլ արդարացված չէ։ Եթե անհնարժեշտ է՝ պետք է նախաձեռնել օրենսդրական փոփոխություն՝ բռնության քարոզը խիստ հակազդեցության արժանացնելու համար, ընդ որում՝ կապ չունի, թե իրականացնողները իշխանության համակիր են հանդես գալիս, թե ընդդիմության։

Խոսքը բռնության քարոզի մասին է։ Բերանները բացելուց առաջ պետք է տասն անգամ մտածեն, եթե դրանից հետո գնան դրա նման գործողությունների, ուրեմն տասն անգամ պետք է հակահարված ստանան, և այն չպիտի լինի թավշյա, պետք է լինի երկաթյա», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Օսիպյանի խոսքով՝ առավոտվա զրույցից հետո նա արդեն հանձնարարականներ է տվել։ Իսկ դատախազությունը միայն մեկ հոդվածի շրջանակներում չի դիտարկում վերոնշյալ գործողությունները․ ավտոմեքենաները ոչ երթևեկելի մասով վարելու վերաբերյալ դեպք է գրանցվել, որը դիտարկվում է ոչ միայն որպես երթևեկության կանոնների խախտում, այլ՝ հասարակական կարգի խախտում, խուլիգանություն։

Ավելի ուշ ոստիկանապետ Օսիպյանը, մեկնաբանելով, արդյոք համամի՞տ է, որ ոստիկանությունը հեղափոխությունից հետո թավշյա գործողություններ է անում, ասել է, որ կառույցն ամեն ինչ արել է օրենքի սահմաններում․ «Ես չեմ բացառում, որ մեր գործողությունների մեջ լինեն բացթողումներ, ես չեմ բացառում, որ մեր գործողությունները ենթակա են արժևորման և էլ ավելի այլ քայլերի դիմելու։ Բայց ընդհանուր առմամբ ոստիկանությունն իր առջև դրված պարտականությունները կատարում է»։

Վալերի Օսիպյանը նաև համամիտ է վարչապետի հետ։ Ըստ նրա՝ կան մարդիկ, որոնք փորձում են ինքնահաստատվել և դրանով իսկ ցույց տալ, թե կարող են իրենց ամեն ինչ թույլ տալ։ Դա ընդամենն իրենց կարծիքն է, վստահեցնում է ոստիկանապետը․ «Ես միանում եմ վարչապետի այն կարծիքին, որ բռնությունը և բռնության կոչերն անթույլատրելի են։ Դրանք անողները կարժանանան ոստիկանության և իրավապահ կառույցների կոշտ, օրենքի սահմաններում միջամտությանը։

Որևէ վախենալու մթնոլորտ չկա, մեր քաղաքացիները ապահովված են, ՀՀ-ն ապահով երկրներից մեկն է։ Օպերատիվ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»։