Home / մարտի-1 / Մարտի 1-ին սպանվածների թիվը 10-ից ավել է․ փաստաբան

Մարտի 1-ին սպանվածների թիվը 10-ից ավել է․ փաստաբան

Սպանվածների իրական թիվը դեռ Մարտի 1-ից հետո շատ կասկածահարույց էր, որ 10-ի սահմաններում է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է փաստաբան, Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը:

– Տիկի՛ն Սաֆարյան, Հատուկ քննչական ծառայությունը կարո՞ղ է արդյոք նոր հանգամանքներ, նոր փաստեր առաջիկայում արձանագրել Մարտի մեկի քրեական գործով, որոնք նախկինում հայտնի չեն եղել, և մասնավորապես մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սպանվածների իրական թվի վերբերյալ:

– Սպանվածների իրական թիվը դեռ Մարտի 1-ից հետո շատ կասկածահարույց էր, որ 10-ի սահմաններում է. հիշում եմ՝ Փաստահավաք խմբում մի ցուցմունք կար այն մասին, որ անձին ցույց էին տվել տասը դիակները, և նա հայտարարել էր, որ իր կողմից մատնանշված դիակը, որին ինքը դեպքի վայրում տեսել էր, այդ տասի մեջ չկա, սա խոսում էր այն մասին, որ տասնմեկերորդն էլ կարող էր լինել: Սակայն դրա հետ կապված հարցեր չեն բարձրաձայնվել: Մենք գիտենք, որ 2008-2009թթ., նաև մինչև 2018թ. այնպիսի ժամանակահատված էր, որ մարդիկ ընդհանրապես շատ հարցեր չեն բարձրացրել՝ մտածելով, որ իշխանությունները կամք չունեն ինչ-որ բան բացահայտելու, և ավելորդ քաշքշուկների մեջ չեն ցանկացել ընկնել, որ հետագայում էլ ապացուցման բեռն իրենց վրա չընկնի: Այս տեսանկյունից շատերն են հիմա մոտենում և նոր բաներ են ասում, բայց հիմա քրեական գործով կա քննված մի բժիշկ, որը նկարագրում է մի դրվագ, որը շատ հետաքրքիր է, նա ասում է. «Իմ ընկերն ինձ զանգահարեց և կանչեց Զաքյան փողոց, այնտեղ մեքենա բերեցին և մեքենայի մեջ նստեցրին մի անձի, որի ուղեղը թափվում էր, ձեռքով բռնել էր, որ չթափվի»: Հետագայում դիակների մեջ այդ անձն էլ չի եղել, այդպիսի վնասվածքով մահ չի արձանագրվել: Սա նշանակում է, որ եղել է 11-րդ անձ: Ես այս ամենը ցուցմունքներից եմ մեջբերում, այս բժիշկը, որի ցուցմունքից մեջբերեցի, ներկա պահին էլ աշխատում է: Կարծում եմ՝ մահվան հանգամանքների հետ կապված՝ ՀՔԾ-ն շատ բաներ կարող է բացահայտել: Առաջիկայում ես էլ եմ սպասում, որ կունենանք սպանվածների իրական թիվը, այդ ուղղությամբ, կարծում եմ, աշխատում են, և այդ ցուցմունքները, փաստական տվյալները չեն անտեսվի: Քննության ընթացքում փորձելու են պատկերն ավելի ամբողջականացնել:

– Երբ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ էր, բազմաթիվ էին պնդումները, որ նա կարող է ազդել վկաների, դատավորների վրա, հիմա Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, այդ վտանգը չեզոքացվա՞ծ է:

– Ես այդքան հակված չեմ մտածելու, որ այդ վտանգը չեզոքացված է, ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը միայնակ չէ, և շատերն են այդ օրերին նրա համար եղել որպես «գործընկերներ», բայց, մեծ հաշվով, չեզոքացված է, որովհետև ամեն մարդ ինքն է շահագրգիռ իր անձնական, անմիջական մասնակցությամբ լուծելու իր խնդիրները դրսում, և կարծում եմ, որ այն ջանասիրությունը, որ կարող է մարդը իր գործով դրսևորել, չի կարող մեկ այլ անձ դրսևորել: Եվ հաշվի առնելով Քոչարյանի անձը, նրա կարողությունները և նաև նրա կապերը, այդ կապերի բարձր աստիճանը, կարծում եմ, որ ինքն անփոխարինելի է այդ հարցում, և խափանման միջոցը այս կարգով ընտրելը ճիշտ էր այս գործի համար:

– «2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո Բաղրամյան 26-ում գործող գաղտնի շտաբից բացի, ևս մեկ գաղտնի շտաբ է եղել Հայաստանի Գլխավոր դատախազությունում». այս հայտարարության հեղինակը դուք եք, այս պնդման հիմքը որտեղի՞ց է գալիս:

– Պնդման հիմքը քրեական գործից է գալիս: Ժամանակին մենք հետաքրքիր հայտարարություններ ենք արել դատարաններում, ես, օրինակ, մի քանի անգամ դատարանում հայտարարել եմ, որ ինձ թվում է՝ երբ Մարտի մեկը նախապատրաստելիս են եղել, իշխանությունները և՛ վարույթն իրականացնող մարմնի ղեկավար կազմին, և՛ դատարանի ղեկավար կազմին այս ամենի մասին տեղյակ են պահել, և նրանք պատրաստ են եղել, որ իրենց վերաբերող մասը իրենք քաշեն, տանեն: Ես չեմ մտածել, որ հետագայում դա նաև կփաստաթղթավորվի և կպարզվի, որ, ասենք, կոորդինացրել են դրանք կոնկրետ անձանց մոտ, կոնկրետ անձինք դրա հետ աշխատանքները տարել են, և դա իրականում շտաբի նման բան է եղել:

– Իսկ ավելի կոնկրետ. ցուցմունք կա՞ դրա վերաբերյալ, և ի՞նչ գործառույթ է իրականացրել դատախազության գաղտնի շտաբը:

– Այո՛, կա, և ոչ միայն ցուցմունք կա, այլ նաև դատախազության գաղտնի շտաբը իշխանության առաջ քաշած վարկածը և իշխանության անցանկալի մարդկանց դատապարտման քաղաքականությունն է իրագործել և հաջողված է իրագործել, իր գործով չի զբաղվել, ինչը ցավալի է: Եվ մենք հիմա հասկանում ենք, որ ինչ էլ անեինք, որպես փաստաբաններ, որևէ արդյունք չէր ունենա, որովհետև դատախազությունը արդեն Քրեական դատավարության օրենսգրքով չի աշխատել: Եվ դրանով է բացատրվում նաև այն հանգամանքը, որ պաշտոնատար անձանցից մեկի հարցաքննության ժամանակ քննիչը հենց այդպիսի հարց է տվել՝ դուք, որպես պաշտոնյա, իրավո՞ւնք եք ունեցել դատախազներին ցուցումներ տալու:

– Ու՞մ մասին է խոսքը:

– Անդրանիկ Միրզոյանի մասին է խոսքը, որին այդպիսի հարց է ուղղվել: Սա նշանակում է, որ մարդիկ օժտվել են այսպիսի «լիազորություններով», և իրենք վստահ են եղել, որ խախտել են օրենքը, բայց այդ խախտման համար պատասխանատվություն չեն կրելու:

– Այսինքն՝ հարցաքննության ժամանակ ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը հաստատե՞լ է, որ դատախազությունում գործել է գաղտնի շտաբ:

– Անդրանիկ Միրզոյանը չէր կարող հերքել, որովհետև դա այդպես է եղել, և իր ցուցմունքում էլ է երևում. քննիչն ուղիղ հարց է տալիս, որ այս կարգի իրավիճակ է եղել, և անձանց անուններ է տալիս, ասում է՝ այս անձն էլ եղել է դրա ղեկավարը, և Միրզոյանը նորմալ ընդունում է դա:

– Բաղրամյան 26-ում գործել է գաղտնի շտաբ, այնտեղ գործել են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը, Աղվան Հովսեփյանը, Արմեն Գևորգյանը, Գրիշա Սարկիսովը… Ցանկը մեծ է, իսկ ո՞վ է ներգրավված եղել դատախազության գաղտնի շտաբում:

– Չգիտեմ գաղտնի շտաբ է եղել, թե մեզ համար է գաղտնի, իրենց համար գաղտնի չի եղել, եղել է խումբ, ասենք, ո՞նց է Վահագը որոշել, որ իր վրա պետք է վերցնի, Վահագը և մնացյալը, ովքեր ակտիվ դեր են ունեցել, Քննչական խումբ կոչեցյալը, որն իր գործով չի զբաղվել 2008թ., դրանք շտաբի նման ձևավորված մարմիններ են եղել, Աղվան Հովսեփյանն այդ շտաբի պատվավոր անդամն է եղել… Քննությամբ պետք է առաջ տարվեր վարկած, ըստ որի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների վրա պետք է գցվեր ամբողջ մեղքը. սա նախապես մշակված քաղաքականություն է եղել։

Tekali Taxi