Home / Վերլուծություն / Ընտրություններ Մոսկվայում․ ամեն գնով բացառել ընդդիմության մասնակցությունը

Ընտրություններ Մոսկվայում․ ամեն գնով բացառել ընդդիմության մասնակցությունը

Մոսկվայի քաղաքային խորհրդարանի ընտրություններին ընդառաջ ընդդիմության անկախ թեկնածուները, որոնք ինքնաառաջադրվելուց հետո օրենքով սահմանված ժամկետներում կարողացել էին հաղթահարել «ստորագրությունների շեմը», միևնույն է սեպտեմբերի 8-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու իրավունք չեն ստանա։ Ըդդիմադիրների դեպքում ընտրական հանձնաժողովը հայտնաբերել է անվավեր ստորագրությունների թուլատրելի շեմի սահմանազանցում․ հանձնաժողովի չհիմնավորված, բայց պաշտոնական եզրակացությունները հիմք են հանդիսանում անկախ թեկնածուներին չգրանցելու համար։ 

Հանձնաժողովի նախնական եզրակացության հանրայնացումից հետո՝ հուլիսի 14-ին, ընդդիմությունը բողոքի ցույց էր իրականացնում Մոսկվայի կենտրոնում․ քաղաքային իշխանությունները մերժել էին հանրահավաքի արտոնումը, ինչի պատճառով այն անցնում էր «ընտրողների հետ հանդիպման» ձևաչափով։ «Ընտրողների հետ հանդիպումը» սկսվել էր Նովոպուշկինսկիյ պուրակում՝ անկախ թեկնածուների կարճ ելույթներով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվայի քաղաքապետարան (ցույցարարները վանկարկում էին՝ «Մենք պարզապես զբոսնում ենք») և ավարտվել Մոսկվայի ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ ոստիկանության կոշտ ձերբակալումներով։ Ցուցարարները՝ շուրջ 2000 հոգի, պահանջում էին անկախ թեկնածուների գրանցում և մրցակցային ընտրություններ։ Արդյուքնում՝ 38 հոգի, այդ թվում չգրանցված թեկնածուներից չորսը, բերման են ենթարկվել։ Շատերը լուրջ մարմնական վնասվածնքեր են ստացել բերման ենթարկվելուց, կան վկայություններ բռնությունների մասին ոստիկանական մեքենաներում և բաժանմունքներում։

Ընդդիմադիր թեկնածուներից մեկը՝ Ալեքսեյ Նավալնիի թիմակից Լյուբով Սոբոլը հայտարարել է անժամկետ հացադուլ։ Ընդդիմադիրները շարունակելու են «ընտրողների հետ հանդիպումները» առնվազն մինչև ընտրական հանձնաժողովի վերջնական որոշման հրապարակում․ մինչ այդ բոլոր թեկնածուները՝ ներառյալ նրանք, ովքեր նախնական մերժում են ստացել, ունեն թեկնածուի կարգավիճակ և ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու օրենքով սահմանված իրավունք։

Այսօր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում Մոսկվայի ընտրական հանձնաժողովի նախագահ Վալենտին Գորբունովը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել անկախ թեկնածուների հետ։ Լյուբով Սոբոլը կոչ է արել բոլորին ժամը 15:00-ին գնալ այդ հանդիպմանը և ընդգծել է, որ Գորբունովի պատրաստակամությունը «երեկ փողոց դուրս եկածների վաստակն է»։ Քիչ առաջ Գորբունովը թեկնածուների հետ կոլեկտիվ հանդիպումից հրաժարվել է։

«Նովայա գազետա» օրաթերթի կարճ ռեպորտաժը հուլիսի 14-ի հանրահավաքի՝ «ընտրողների հետ հանդիպման» մասին

 

Մոսկվայի խորհրդարանական ընտրությունների, նախընտրական զարգացումների հետ կապված որոշ պարզաբանումների համար դիմել էինք քաղաքագետ Իլյա Բուդրայտսկիսին․

epress.am ― Մոսգորդումայի ընտրությունները այստեղ՝ Հայաստանում, առանձնապես, իհարկե, չեն լուսաբանվում։ Ընդհանուր համատեքստը ուրվագծված չէ։ Հիմա կարճ հաղորդումներ են գալիս՝ երեկվա ցույցի, ձերբակալումների մասին։ Լուրերն այսպիսին են․ ընտրական հանձնաժողովը անվավեր է հանում ստորագրությունները, անկախ թեկնածուները, ամենայն հավանականությամբ, ընտրություններին մասնակցելու թույլտվություն չեն ստանա։ Արի մի քիչ հետ գնանք։ Ովքե՞ր են «անկախ թեկնածուները», ի՞նչ է իրենից ներկայացնում «ստորագրությունների շեմը», ի՞նչ դեր ունի [Ալեքսեյ] Նավալնին․․․

Իլյա ԲուդրայտսկիսԵս չէի առանձնացնի/ կենտրոնանա Նավալնու վրա միայն՝ ի վերջո, նրա թիմի (և մյուսների) քարոզարշավն անհնար կլիներ առանց տեղական ակտիվիստների առաջնորդող դերի․ նրանք էին, որ ինքնաառաջադրվում էին որպես թեկնածու, հավաքում էին ստորագրությունները թեկնածուների համար։ 

Ստորագրությունների շեմը բավականին վաղուց գոյություն ունի, բայց երբեք այսչափ չի կարևորվել․ այս ընտրություններում շատ ավելի նշանակալի ջանքեր են գործադրվել աննակադեպ ավելի շատ թեկնածուների կողմից։ Ակնհայտ է, որ ստորագրությունների բարիերը գործում էր ընտրովի։ Կարևոր է ընդգծել, որ իշխող «Եդինայա Ռոսիան» որևէ թեկնածու այս ընտրություններում չի առաջադրել․ բոլոր եդինորոսները, ինչպես նաև անկախ թեկնածուների բացարձակ մեծամասնությունը, այս ընտրություններին մասնակցում էին ինքնաառաջադրվելով։ Սա նոր բան էր և պայմանավորված էր իշխող կուսակցության վարկանիշի անկմամբ՝ հատկապես կենսաթոշակային վերջին բարեփոխումներից հետո։ Ֆորմալ իմաստով նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, իհարկե, բայց այսպես կոչված ինքնաառաջադրվածները, որոնք վայելում են քաղաքապետարանի աջակցությունը, մունիցիպալ շրջանների մեծ մասում ակտիվ հայտ արդեն ներկայացրել են՝ հիմնականում, վարչական ռեսուրսի օգտագործմամբ․ տեղական ԶԼՄ֊ներ, համայնքային տեղեկատվական վահանակներ և այլն: Կան պարզ և ծանրակշիռ ապացույցներ, որ ի տարբերություն անկախ թեկնածուների, նրանց առաջադրման համար անհրաժեշտ ստորագրությունները տրամադրվել են թաղապետարանների կողմից և չեն հավաքագրվել բնակիչներից։ 

Առհասարակ, ամբողջ այս մեխանիզմը՝ և ստորագրությունների շեմը, և դրանց վավերականությունը ստուգելու ընթացակարգը, կառավարելի ժողովրդավարության կարևոր մասնիկ է։ Անկախ թեկնածու այստեղ, փաստացի, դառնում են բոլոր նրանք, ովքեր դուրս են մնում Կրեմլի կողմից հաստատված սցենարից՝ ցածր մասնակցություն, պաշտոնական ընդդիմության (Զյուգանովի կուսակցությունը, Ժիրինովսկին և այլն) ֆիկտիվ ներգրավվում և իշխանական թեկնածուների երաշխավորված հեգեմոնիա (ամենուր)։ Իհարկե, իրենց համար շատ կարևոր է նաև ամեն գնով բացառել Նավալնիի աջակիցների որևէ ներկայացուցչական մարմնում հայտնվելու նախադեպը։

Այս համատեքստում է, որ ձևավորվում է գործնական կոալիցիա, որտեղ քաղաքապետարանի բոլոր ընդդիմախոսներն ու ընդդիմադիրները առաջ են քաշում միասնական պահանջներ, հաճախ՝ գործում միասին։ Որպես օրինակ․ երեկվա հանրահավաքին ներկա էին նաև «Յաբլոկո»-ի թեկնածուները, որոշ կոմունիստներ, անկուսակցական թեկնածուներ, որոնք որևէ կազմակերպչական կապ Նավալնիի հետ չունեն։ Թեկնածուներից իբրև Նավալնիի թիմակից ներկայանում են միայն երկուսը՝ Լյուբով Սոբոլը և Իվան Ժդանովը։ Բայց Նավալնին բազմիցս հայտարեր է, որ աջակցում է և աջակցելու է բոլոր ոչ իշխանական թեկնածուներին։ Այդպես էլ կա [օրինակ, Ալեքսեյ Նավալնիի «խելացի քվեարկություն» արշավը, որը կոչ է անում բոլորին քվեարկել ցանկցացած թեկնածուի օգտին, ով դեմ է «Եդինայա Ռոսիային» կամ, գոնե, «Եդինայա Ռոսիա» չէ՝ անկախ քաղաքական պատկանելիությունից ― խմբգ․]։

epress ․am– Դրսից տպավորություն է ստեղծվում, որ անկախ թեկնածուների քարոզարշավը տեղական ընտրությունների մասշտաբներով բավականին տպավորիչ է (որքանո՞վ է այդ տպավորությունը չափազանցացված)․ կամավորների կազմակերպված և ծավալուն աշխատանքը, մոսկովյան եդինորոսների մասին հակակոռուպցիոն հետաքննությունները, ի վերջո՝ հենց ստորագրությունների հավաքագրումը․ թեկնածուները փաստացի կարողացել են հավաքել շուրջ հինգ հազարական ստորագրություն այն դեպքում, երբ անձամբ ներկայանալը, անձնագրային տվյալների տրամադրումն ու համապատասխան գրանցման առկայությունը նախապայման էին․․․Ընդդիմադիր թեկնածուները, մի խոսքով, անցնում էին պատնեշների վրայով ― ու վերջում, միևնույն է, մերժում։ Ինչո՞ւ էր այս պարագայում երեկվա ցույցը ոչ մարդաշատ։ Որքանո՞վ է Մոսկավայի ընտրությունների թեման քննարկվող, կարելի՞ է արդյոք խոսել մասայական դժգոհության մասին, թե՞ բողոքը շարունակում է մնալ նեղ շրաջանակի օրակարգ։

Իլյա Բուդրայտսկիս Իսկապես, առնվազն վերջին տասնամյակի ընթացքում երբեք Մոսկվայի ընտրություններն այսպիսի ընդդիմացում չեն առաջացրել։ Անհրաժեշտ է, ամեն դեպքում, հասկանալ, որ այս ակտիվությունը այդքան էլ չի արտացոլում հասարակության լայն շերտերի տրամադրվածությունը․ Մոսկվայի բնակչության մեծ մասը այդքան էլ չի հետաքրքրվում քաղաքային իրադարձություններով, երևի հենց դրանով էր պայմանավորված ստորագրությունների հավաքագրման իսկապես դժվար ընթացքը։ Բացի այդ, ընտրական գործընթացները ավանդապես (հասկանալի է, որ այդ ավանդույթը ներդրվել է հենց իշխանությունների կողմից) ընկնում են ամառային արձակուրդների վրա, երբ մարդկանց զգալի մասը բացակայում է քաղաքից։ Այդ պարագայում տեղեկատվության տարածման, քարոզարշավի տեսանկյունից խիստ որոշիչ դեր ունեն սեպտեմբերին 8-ին նախորդող երկու շաբաթները։ Բայց մինչ այդ պահը, ինչպես տեսնում ենք, իսկապես ընդդիմադիր թեկնածուները կարող են չհասնել։

Այսօր երեկոյան ևս մեկ հանրահավաք է լինելու։ Ընդհանուր տրամադրությունը պեսիմիստական է․ երեկ մի երկու հազար մարդ կար ցույցին, ոչ ավել։ Այսինքն՝ Մոսկվայի տեղական ընտրությունները, ցավոք, հետաքրքրում են ոչ բավարար քանակի մարդկանց։

 

Tekali Taxi