Գլխավոր / Հայաստան / Փաշինյանը մեկնաբանեց Իջևանի դեպքերը․ ապօրինի պայմաններին՝ ամենակոշտ հակազդեցություն

Փաշինյանը մեկնաբանեց Իջևանի դեպքերը․ ապօրինի պայմաններին՝ ամենակոշտ հակազդեցություն

Հուլիսի 18-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր երել Իջևանում տեղի ունեցած բողոքի ցույցին և դրան հաջորդած իրադարձություններին։ Ինպես տեղեկացրեց բնապահպանության նախարարը, ամբողջ ակցիայի նպատակը՝ հնարավորություն ստանալ տեղափոխել վառելափայտը և փայտն ընդհանրապես, իսկ ոստիկանության ու տեսչական մարմնի կողմից դրված պահակակետերը խոչընդոտ են հանդիսանում այդ գործընթացի համար։

«Երեկ Իջևան քաղաքում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել․ ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին, 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք, բարեբախտաբար, ոչ շատ ծանր։ Երկու քաղաքացի է մարմնական վնասվածք ստացել, այսպիսով, ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը։ Միանգամից ասեմ, որ կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»։

ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Վլադիմիր Մովսիսյան․ «Ապօրինի ծառահատման կանխման շրջանակներում միջոցառումներ էին իրականացվում Լոռու և Տավուշի մարզերի տարածքում։ Տեղավորվել էին անշարժ պահակակետեր այն կարևոր ուղիներով, որոնցով կարող էին արտահանվել այդ ապօրինի ծառահատված քանակները, ինչը դժգոհություն էր առաջացրել ապօրինի ծառահատումներով զբաղվողների մոտ, և նրանք փողոց փակելու միջոցով ուզում էին իրենց հարցերը կարգավորել։ Այդ կապակցությամբ հուլիսի 17-ին Իջևան քաղաքում մի քանի անգամ փակվեց և բացվեց Իջևան֊Վրաստան մայրուղին և Իջևանի Երևանյան փողոցը․ մոտ 500 հոգու կողմից պահանջ էր դրվում կառավարությանը, որպեսզի հանեն այդ պահակակետերը և թույլ տան իրանց այդ ապօրինի ծառահատված քանակն արտահանել մարզերից, բնակաբանար, վաճառքի նպատակով, երևի։ 18։00-ի շրջանակներում, չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին և փակելով արդեն բավականին մեծ քանակով՝ մոտ 500 հոգով, մայրուղին, ոստիկանությունն օրենքի շրջանակներում, պատնեշ էր կազմել, ուզում էինք բացել փողոցներն, այդտեղ տեղի ունեցավ բախում։ Եվ էդ հատվածը՝ բողոքավոր, քարերով, փայտերով, մահակներով վնասվածքներ պատճառեցին մեր ոստիկաններին։ Ինչպես նշեցիք, 12 հոգի և երկու քաղաքացի տեղափոխվել էին Իջևանի բժշկական կենտրոն։ Փառք Աստծո, վնասվածքները լուրջ չեն, վտանգավոր չեն։ 8 հոգի այժմ հոսպիտալացված են, վիճակը բավարար է․ 2-ը կմնան, 6-ը կգնան ամբուլատոր հսկողության տակ։ Այդ պարագայում ոստիկանության պետը որոշում կայացրեց ավելի ուժեղացված ծառայություն իրականացնել տեղում, որի կապակցությամբ ինքն անձամբ այնտեղ է գտնվում, և ոստիկանության զորքերից մի մասը մենք տեղափոխել ենք Իջևան։

Բանակցություններ վարվեցին ակտիվիստների հետ, որի ընթացքում նույն ձևով ներկայացվում էր պահանջ, որ հանեն պահակակետերը։

Ոստիկանապետը բացառեց հարցի անօրինական որևէ լուծում և հորդորեց բացել փողոցները։ Համագործակցելով նաև մնացած իրավապահ մարմինների հետ, իրավիճակը տվյալ պահին վերահսկվում է, մայրուղիները բաց են, պարոն վարչապետ, ոստիկանության պետը գտնվում է այնտեղ։ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ 258-րդ հոդվածի՝ խուլիգանություն, և 316-րդ հոդվածի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, հատկանիշներով։

Բերման է ենթարկվել 19 անձ, որոնցից 13 ձերբակալված են, մնացածին բաց են թողել՝ ստորագրությամբ։

Նիկոլ Փաշինյան․ Բայց ես գիտեմ, որ պոտենցիալ բերման ենթարկվողների ցանկն ավելի լայն էր, պետք էր շուրջ 36 հոգի՝ կազմակերպիչները, բերման ենթարկվեին։ Տվյալ դեպքում «ակտիվիստ» բառն օգտագործելն այդքան էլ պատեհ չէ, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ։ 36 հոգի պետք է բերման ենթարկվեին, մյուսներն ո՞ւր են։

Միվսիսյան․ Պարոն վարչապետ, գիշերն իրականացվեցին օպերատիվ գործողություններ, բոլորի հասցեներով գնացվել էին խմբեր, որ բերման ենթարկվեին այն անձինք, որոնց ցուցակը մենք ունեինք, որոնց ցուցակի վրա աշխատվել էր։ Նրանք բացակայում էին բնակվայրից, հիմա աշխատանքները շարունակվում են՝ նրանց հայտնաբերելու։

Փաշինյան․ Բացառե՞լ եք նրանց՝ հանրապետության տարածքը լքելը։

Մովսիսյան․ Այո, մենք բացառել ենք նրանց՝ հանրապետության տարածքից դուրս գալու հնարավորությունը, և հիմա էլ միջոցառումներ են իրականացվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Անդրադառնալով ակցիայի մասնակիցների պահանջների արդարացիությանը և հարց բարձրացնելով՝ ինչո՞ւ է այսպիսի իրավիճակ ստեղծվում, վարչապետը դիմել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին և հիշեցրել, որ մեկ տարի առաջ իրենք արդեն զրուցել են տվյալ խնդրի մասին․ «Մենք ասել ենք, որ վճռականորեն պետք է կասեցնենք այդ գործընթացը, բայց ստացվում է, որ երբ մենք ամբիոններից հայտարարություններ էինք անում, ինչ֊որ մարդիկ, մեզ նայելով, քմծիծաղ էին տալիս և մեկ-երկու-երեք օր դադարից հետո իրենց գործողությունները նորից շարունակում։ Ես ուզում եմ էս իրավիճակի առնչությունն օրենքի և օրինականության հետ․․․ խնդրում եմ, ներկայացրեք»։

Նախարարն, իր հերթին, հիշեցրեց, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Ազգային ժողովի կողմից ընդունվեց քրեական և վարչական օրենսգրքերում փոփոխություն կատարելու օրենսդրական փաթեթը։ «Մի քանի էական փոփոխություն նախատեսվեց, և այդ փաթեթի ամբողջ էությունը նրանում էր, որ մինչ այժմ օրենսդրական այն սողանցքները և բաց տարածքները, որոնք կային, որոնց միջոցով հնարավոր էր պարբերաբար հատումներ կատարել և, բռնվելու դեպքում, միայն վարչական վճարներ վճարելով, ազատվել, այս փոփոխություններով սահմանվել են և՛ կազմակերպված գործունեության հետ կապված, և՛ շահադիտական նպատակով, և՛ տեղափոխման հետ կապված հարաբերությունները, որոնք մինչ այժմ կանոնակարգված չէին։

Նաև երեկ այդ ակցիայի ժամանակ բազմաթիվ անգամ մասնակիցները շեշտեցին, որ օրենսդրական փոփոխություններ են եղել, քրեականացվել են արդեն որոշ հարցեր, և իրենց բարձրացված հարցն, ըստ էության, վերաբերում էր թուղթ ունենալուն, որ թղթով ուղղակի տեղափոխել ապօրինի այդ ծավալները դեպի ոչ անտառապատ տարածքներ։ Ուզում եմ նշել, որ տարակարծություն չլինի․ խոսք չի գնում այդ տարածքներում մարդկանց վառելափայտով ապահովելու մասին, որովհետև և՛ տրամադրվում է թափուկ վառելափայտ՝ անվճար, անցյալ տարի շատ մեծ քանակի տրամադրվել է, և՛ այնտեղ կան հնարավորություններ, որպեսզի մարդիկ իրենց վառելիքի հարցը որոշակի չափով կարողանան լուծել։ Ամբողջ ակցիայի նպատակը՝ հնարավորություն ստանալ տեղափոխել վառելափայտը և փայտն ընդհանրապես, և ոստիկանության և տեսչական մարմնի կողմից դրված պահակակետերը խոչընդոտ են հանդիսանում այդ գործընթացի համար»։

Tekali Taxi