Home / Հայաստան / Չոր Բրեքսիթ՝ առանց հանրային աջակցության

Չոր Բրեքսիթ՝ առանց հանրային աջակցության

Եվրոպական միության հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը մերժել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Բրեքսիթ) շուջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ: Յունկերն ասել է, որ համաձայնագրի ներկայիս տարբերակը լավագույնն է ու միակ հնարավորը: Այսինքն, Մեծ Բրիտանիան պետք է լքի Եվրամիությունը մինչև հոկտեմբերի 31-ը:

Նորընտիր վարչապետն ակնհայտորեն չէր սպասում նման կտրուկ պատասխան Եվրահանձնաժողովի նախագահի կողմից: Ջոնսոնն իր նախընտրական քարոզչությունը մեծապես կառուցել էր Բրեքսիթի և դրա իրականցման հետ կապված խոստումների վրա. որպես Բրիտանիայի անհետաձգելի ապահարզանի կողմնակից, Ջոնսոնն այնուամենայնիվ վստահ էր, որ դիվանագիտության և բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի առավել շահավետ պայմաններ ստեղծել Եվրամիությունից դուրս գալու համար: 

Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնը վարչապետի պաշտոնը ստանձնել է հուլիսի 23-ին: 

Բրիտանական օրենսդրության համաձայն, վարչապետ է դառնում խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթած կուսակցության առաջնորդը: Այս պահին և մինչև 2022 թվականի հերթական ընտրությունները դա պահպանողականների կուսակցությունն է, չնայած, ինչպես հայտնում է The Guardian պարբերականը, ըստ հարցումների, եթե ընտրություններն անցկացվեին հիմա, ապա կուսակցությունը միանշանակ կպարտվեր (Բրեքսիթի հանրաքվեից ի վեր պահպանողականների վարկանիշը կտրուկ անկում է ապրել):

Թերեզա Մեյի հրաժարականից հետո 11 թեկնածու հայտնել էր Պահպանողական կուսակցության առաջնորդի և վարչապետի ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին: 

Խմբակցության ներսում կայացած ընտրական մի քանի փուլերից հետո քվեարկության եզրափակիչ փուլ անցան առաջադրված թեկնածուներից երկուսը. Բորիս Ջոնսոնը, ով Բրեքսիթի հարցում չոր քաղաքականության կողմնակից է, ու Ջերեմի Հանթը, ով իր մոտեցումներում ավելի չափավոր էր: Պահպանողական կուսակցության անդամների համընդհանուր քվեարկությամբ հուլիսի 23-ին ձայների գրեթե կրկնակի առավելությամբ հաղթեց Ջոնսոնը, ով պնդում էր (և սա նրա հիմնական նախընտրական խոստումն էր), որ Brexit-ը պետք է իրագործվի ոչ ավելի, քան երկու տարի անցումային շրջանով, առանց ԵՄ-ի կողմից առաջարկվող նոր կարգավորումների և առանց վճարների, այսինքն՝ առանց նոր հետաձգումների և համաձայնագրի այժմյան տարբերակի վերանման պայմաններում: Վերանայման անհնարինության դեպքում Ջոսնոնը հավանական էր համարում Բրեքսիթն առանց համաձայնագրի: Ներկայիս համաձայնագիրը նրա համար անընդունելի էր (2018 թվականի հունիսին նա հրաժարական է ներկայացրել արտգործնախարարի պաշտոնից համաձայնագրի այժմյան տարբերակի հետ սկզբունային անհամաձայնությունների պատճառով): ԵՄ-ի այսօրվա պատասխանը, եթե Ջոնսոնը հետևողական լինի իր խոսքերում, ենթադրում է Բրեքսիթ առանց համաձայնագրի (չոր Բրեքսիթ), ինչը, նույնիսկ պահպանողականների կողմից դիտարկվում էր որպես վատագույն տարբերակ:

Չնայած կուսակցության անդամների միջև տարաձայնություններին, մի բանում պահպանողականները համակարծիք են. բոլորը բառացիորեն համակված են Բրեքսիթով: Նրանց 68 տոկոսը կողմ է Բրիտանիայի հեռացմանը Եվրոպական Միությունից ցանկացած գնով ու ցանկացած պայմանով (թերևս սա է Ջոնսոնի հաղթանակի գրավականը), ընդհուպ մինչև «տնտեսական իրավիճակի զգալի վատթարացում», երկրի փլուզում, Շոտլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի կորուստ (վերջին վտանգն այդքան էլ վերացական չէ. վերջերս անցկացված հարցման համաձայն շոտլանդացիների 52 տոկոսը Ջոնսոնի ընտրվելու պարագայում կողմ կլինի Բրիտանիայից առանձնացմանը):

Սակայն պահպանողականների քաղաքականությունը, կարծես, այևս չի արտացոլում բնակչության մեծամասնության դիրքորոշումը: Վերջին երկու տարիների ընթացքում պահպանողականների հանրային աջակցությունը 42 տոկոսից հասել է 17-ի, իսկ մայիսին կայացած Եվրոխորհրդարանի ընտրություններում կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների ընդհամենը 9 տոկոսը:

Tekali Taxi