Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում մահացած (ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպան եղած) ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը», մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հաղորդում է Քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «սպանության փորձ» և «ինքնասպանության հասցնելը» հատկանիշներով:
«2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով: Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել է վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը,» — ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Դիրքի ավագն ձերբակալվել էր դեռևս հուլիսի 25-ին: