Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ 19-ամյա զինծառայող Վոլոդյա Համլետի Գալոյանը, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «սպանության փորձ» և «ինքնասպանության հասցնելը» հատկանիշներով: Այս մասին ավելի ուշ հայտնել է Քննչական կոմիտեն:
«2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով: Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել է վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը,» –
ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 110-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ «սպանության փորձ» և «ինքնասպանության հասցնելը», հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՊՆ-ն հայտնել էր նաև ժամկետային զինծառայող Համիկ Վարդանյանի մահվան մասին: Պաշտոնական վարկածը՝ կրկին ինքնասպանություն: