2019թ. հուլիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համիկ Եղիայի Վարդանյանը:
Համիկ Վարդանյանը Երեւան քաղաքի Սարի թաղի բնակիչ էր, 6 ամսվա ժամկետային զինծառայող:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ պատասխանելով լրագրողների հարցերին, մեկնաբանել է դեպքի առթիվ ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործի հարուցմունը: «Ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել նախապես բացահայտել զինվորի այդ հոգեվիճակը: Շատ ավելի էր պետք աշխատել: Հանձնարարությունները տրված են,»- ասել է Տոնոյանը՝ հավելելով, որ ավելին ասել չի կարող, քանի որ նախաքննություն է ընթանում: