Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում մահացած (ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպան եղած) ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանի գործով ձերբակալվել է դիրքի ավագը, հայտնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Ժամկետային զինծառայող, շարքային Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «սպանության փորձ» և «ինքնասպանության հասցնելը» հատկանիշներով:
«2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով: Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել է վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը,» – ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում: