Գլխավոր / Կանանց իրավունքներ / Ազգային արժեքներ․ ընտանեկան բռնության և թրաֆիքինգի միջև զուգահեռները

Ազգային արժեքներ․ ընտանեկան բռնության և թրաֆիքինգի միջև զուգահեռները

«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում ու վերաբերում է ընտանեկան բռնության մասին օրենքին, նման է նրան, ինչ կատարվում էր 20 տարի առաջ՝ թրաֆիքինգի հետ կապված․ խոսվում էր արժեքների մասին, նախարարներ ու փոխնախարարներ կային, որոնք ասում էին՝ էդ երևույթը մեզ համար ընդունելի չէ, դա հայկական արժեք չէ»։ Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսին այսպիսի զուգահեռ անցկացրեց «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության հիմնադիր խորհրդի անդամ Գյուլնարա Շահինյանը։

Նա ներկայացրեց մի աղջկա պատմություն, որի մասին Ոստիկանությունում էր իմացել։ Աղջկա հետ զրույցից հետո հասկացել էր, թե ինչպես են ընտանեկան բռնության զոհերը դառնում խոցելի թրաֆիքինգի համար։ Աղջիկը լավ ընտանիքից էր, սակայն ծնողները մահացան ավտովթարից, ինչից հետո աղջկա հորեղբայրն սկսեց ապրել նրանց տանը․ «Նա թմրանյութեր էր օգտագործում, սկզբից տան գույքը վաճառեց, հետո էդ 14 տարեկան աղջկան ուղարկում էր փողոց՝ մուրացկանության կամ մարմնավաճառության համար։ Մի օր նա մի կնոջ է հանդիպում, որն ասում է՝ դու շատ գեղեցիկ ես, դու կարող ես շոուների մասնակցել, արի ես քեզ ուղարկեմ Գերմանիա։ Գերմանիան դառնում է Դուբայ, և աղջիկը վաճառվում է ստրկության Դուբայում։ Էդ աղջիկը մեկ անգամ փորձել էր վերադառնալ։ Հետո արդեն երբ որ ես գնացի Դուբայ՝ ուսումնասիրելու թրաֆիքինգի վիճակը Հայաստանում, ես անընդհատ փնտրում էի նրան, բայց հետո իմացա, որ այդ աղջկան սպանել են»։ Այսպես, Շահինյանը ցույց է տալիս, թե որքանով են այս երկու երևույթները փոխկապակցված։

Չնայած, Հայաստանը մեծ ծավալի աշխատանք է կատարել, դեռ շատ անելիքներ կան այս ուղղությամբ։

Թրաֆիքինգը դինամիկ երևույթ է, ասում է Շահինյանը․ «Դաշտում կա աշխատանքի, աշխատուժի պահանջարկ, և թրաֆիքինգը միանգամից այդ նիշան զբաղեցնում է, եթե չկա պաշտպանական մեխանիզմ, եթե չկան օրենքներ, եթե չկան վերահսկող ինսպեկցիաներ։ Թրաֆիքինգը տարբեր երկրներում փոխվում է էն պահանջարկների նկատմամբ, որոնք շուկայում կան։ Շատ լատինամերիկյան երկրներում երեխաները հանքերում սարսափելի աշխատանք են կատարում, որովհետև երեխաների մարմինը շատ փոքր է և իրենք կարող են գնալ այդտեղ, տեղադրել դինամիտը, որպեսզի հետո կարողանան պայթեցնել այդ տեղը և ոսկու հանքը բացել։ Դա շատ վտանգավոր է»։ Նաև երեխաներին օգտագործում են թմրանյութեր տեղափոխելու համար․ Էկվադորում և Կոլումբիայում նրանք կուլ էին տալիս և այդպես փոխադրում նյութերը։

Նաև գոյություն ունեն մարդկանց առցանց հավաքագրման ձևեր, և կարևոր է, որ պետությունները ոչ թե հետևեն ախտանիշին և արձագանքեն, այլ ունենան այնպիսի պաշտպանողական մեխանիզմներ, որոնք կապահովեն մարդկանց պաշտպանությունը։

Վերջին տվյալներով, աշխարհում թրաֆիքինգի զոհ է դարձել 28 միլիոն մարդ, սակայն «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի հիմնադիր խորհրդի անդամը չի հավատում այս թվերին, քանի որ սրանք միայն արձանագրված դեպքերն են։

«Աշխատանքային թրաֆիքինգի համար տղամարդիկ հիմնականում գնում են Ռուսաստան, հիմնականում շահագործվում են այս երկրում, կանայք՝ աշխատանքի և մարմնավաճառության համար, երեխաները հիմնականում հարկադիր աշխատանքի դաշտում են», – նկատել է Գյուլնարա Շահինյանը։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ անհրաժեշտ է աչալուրջ լինել այն դեպքում, եթե երեխան դպրոց չի հաճախում և հասկանալ՝ որտեղ է նա։ «Աշխատո՞ւմ է դաշտում ծնողների հետ, աղքատությո՞ւն է դա, թե՞ երեխան շահագործվում է։ Կամ կարող է երեխան հատկապես բարձր դասարաններում դպրոց չի հաճախում, երբ հարկադիր ամուսնություն է։ Տարբեր ազգային փոքրամասնությունների մոտ մենք ունենք էդ երևույթները, նաև Հայաստանի գյուղերում ունենք էդ երևույթը։ Կարևոր է ուսումնասիրել այս բոլոր երևույթները, որպեսզի կարողանանք քաղաքականություն մշակել, որն էֆեկտիվ կլինի և կտանի իրոք թրաֆիքինգի դեմ պայքարի»։

Խոսելով լուծումների մասին, նա ասել է, որ նույնիսկ խնդրի հետ առնչվող պետական աշխատողները դժվարությամբ են տարբերում թրաֆիքինգի ձևերը, կան զբոսաշրջության հետ կապված դեռ չուսումնասիրված դեպքեր, ինչպես նաև վիզաների ազատականացման հետ կապված խնդիրներ․ «Երկու դեպք է եղել հնդիկների հետ կապված, երբ իրենք շահագործվել են այլ հնդիկների կողմից, և այստեղ Հայաստանի կառավարությունն աջակցություն է ցուցաբերել իրենց։ Համաշխարյային պրակտիկա կա, երբ օտարերկրացի է գալիս, հիմնում է իր բիզնեսը, նա իր համաերկրացիներին է բերում և աշխատեցնում։ Աշխատանքային ինսպեկցիայի դերը շատ մեծ է»։

Եվրոպայի Խորհրդի կոնվենցիային Հայաստանի միանալը ևս կարևոր է․տարիներ շարունակ ԵԽ֊ում գործող 15 փորձագետներից բաղկացած մոնիթորինգային խմբի փոխնախագահը լինելով, Շահինյանը հասկացել է տարբեր պետությունների հետ երկխոսության կարևորությունը։ «Ես հիշում եմ մեր բանակցությունները, շատ երկրներում իրավիճակը նման էր այսօրվա Հայաստանի իրավիճակին, երբ պետություններն ասում էին՝ էս հոդվածները դեմ են մեր արժեքներին, մենք չենք կարող կատարել։ Հիմա այդ նույն պետությունները, դաշտում աշխատանքներ կատարելով, շատ լավ միանում են այդ հոդվածներին»։

Tekali Taxi