Home / Կանանց իրավունքներ / Մտածում էի, որ երբ էլ չկարողանամ դիմադրել, դանակը կվերցնեմ ու կսպանեմ դրան

Մտածում էի, որ երբ էլ չկարողանամ դիմադրել, դանակը կվերցնեմ ու կսպանեմ դրան

2018 թվականի մարտի 1-ին Չեխիայի քաղաքացի, կամավորական ծրագրով Վանաձորում ժամանակավորապես բնակվող Էվան հեծանիվով Գուգարք գյուղով անցնելիս Արմեն Ֆռանգյանի կողմից ենթարկվել է հարձակման․ Ֆռանգուլյանը փորձել է բռնաբարել նրան, սակայն Էվային հաջողվել է փախչել։ Դեպքի առթիվ Էվայի դիմումով հարուցվել էր քրեական գործ, դատավարությունը սկսվել էր 2018 թվականի մայիսի 17-ին։ Այս տարվա մայիսին դատարանը Ֆռանգյանին դատապարտել է երեք տարվա ազատազրկման։ [Դատական պրոցեսի մասին ավելի մանրամասն՝ այստեղ

Օրերս՝ հունիսի 29-ին, Հետք առցանց թերթը հոդված էր հրապարակել՝ «Մազերն են մեղավոր» վերնագրով, որտեղ առաջին դեմքով Էվան պատմում է տեղի ունեցածի մասին՝ ընգծելով համայնքի բնակիչների անտարբերությունն ու կասկածամտությունը, և բռնարարի հարազատների՝ նրան լռեցնելու և տեղի ունեցածում նրան մեղադրելու շարունակական ջանքերը։

Հետքի հրապարակումը սոցիալական ցանցերում մեծ աղմուկ հարուցեց, որում «ավանդական» արձագանքների պակաս չկար․ մարդիկ շարունակում էին չհավատալ, չվստահել, մեղադրել․ «արտասահմանցի կանայք իրենք են դրդում», «Ինձ թվում է, Էվան շատ բուռն երևակայություն ունի», «Շառ է անում», «Ամեն ինչ բացած ման են գալիս, հետո ասում են բռնաբարեցին» և այլն։

Լրագրող Լյուսի Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել՝ կցելով զոհի մեղադրանքի տարբեր ձևակերպումներով մեկնաբանությունների սքրինշոթերը։ Լյուսիի քննադատական գրառումից հետո նրա ֆեյսբուքի հետևորդներից մեկը անձնական նամակով նրան պատմել էր ժամանակին իր հետ տեղի ունեցած սեռական բռնության մասին, պատմությունը նամակագրի թույլտվությամբ Լյուսին անանուն հրապարակել էր իր էջում։ Հրապարակումը դարձել է մի ամբողջ արշավի մեկնարկ․ մարդիկ՝ ճնշող մեծամասնությամբ կանայք, սկսել են նամակներ ուղարկել Լյուսիին, որտեղ պատմում են իրենց հետ տեղի ունեցած սեռական ոտնձգությունների, բռնաբարությունների և բռնությունների մասին։ Ընդհամենը մեկ օրվա մեջ նամակների թիվը գերազանցել է հարյուրը, Լյուսիի խոսքերով, այժմ դրանք երկու հարյուրից ավել են։ Նամակները Լյուսին հերթով հրապարակում է իր էջում՝ #բռնության_ձայնը հեշթեգով և սեփական հետգրություններով (այս պահի դրությամբ հրապարակված է ավելի քան քսան պատմություն)։  «Բռնության ձայնը» արշավին այսօր միացել են նաև այլ ֆեյսբուքի օգտատերեր, ովքեր արդեն ոչ միջնորդավորված պատմում են իրենց պատմությունները։

Ներկայացնում են պատմություններից մի քանիսը՝ ընտրված գրեթե պատահական սկզբումքով․

***

#բռնության_ձայնը

― 17 տարեկան էի, երբ համալսարան ընդունվեցի ու պիտի տեղափոխվեի Երևան՝ մենակ ապրելու։ Հենց առաջին օրը, երբ պիտի մենակ մնայի, զանգեց մի տղա, ում հետ օնլայն հարթակում ամիսներ շարունակ շփվել էինք, նույնիսկ քննություններին իրար օգնելով պատրաստվել։ Երեկոյան ժամը յոթի կողմերն էր, ու, քանի որ քաղաքին ընդհանրապես ծանոթ չէի, մեր հասցեն ասացի, որ գա ու էս տարածքում զբոսնենք։ Եկավ, չգիտեմ ինչ խոսեց, ոնց համոզեց, ինչ-որ նշանվելու հետ կապված բաներ էր ասում, որ իբր քանի դեռ նշանված չենք մեզ չպետք ա դրսում միասին տեսնեն։ 

Ինչ-որ հիմարություններով չգիտեմ ոնց համոզեց ու բարձրացանք մեր տուն։ Դրա հաջորդ կադրը մեկ էլ հիշում եմ, որ լաց էի լինում, բայց վախենում էի բարձր ձայն հանել։ 

Պապայիս ընկերը մեր հարևանությամբ էր ապրում, ու ինքնապաշտպանության դիմելու փոխարեն լրիվ ֆիզիկական ցավերս անջատած միայն մտածում էի՝ խայտառակ չլինենք հարևանների մոտ, պապաս գլուխը կախ չքայլի իմ պատճառով, որովհետև ես եմ դուռը բացել էդ մարդու առջև, ես եմ միակ մեղավորը։ 

Ու սկսեց զանգել մի քանի օրից, սիրտը նորից էր ուզել։ էսօրվա պես հիշում եմ տասնութ հատ բաց թողած զանգ էր գրած հեռախոսիս վրա, մեկ էլ հանկարծ պապաս զանգեց, թե բա՝ բալես էսինչ համարից նոր զանգել էին, քեզ էին հարցնում։ Ես էլ շոկի մեջ հետ զանգեցի իրան ու սկսվեցին շանտաժի երեք անվերջանալի թվացող ամիսները։ 

Մերոնց համարները հեռախոսիցս ֆիքսել էր, երևի համ էլ զգացել էր, որ խելոք եմ, մարդու չեմ ասի, մի բան էլ իմ դեմ էր որոշել օգտագործել իմ խելոքությունը։ 

Զանգում էր, ասում, որ մի ժամից պատրաստ լինեմ, ուղիղ մի ժամից գալիս էր, գործն անում, ու կապ չուներ՝ ես ինչ վիճակում էի, դաշտանի օրերիս էլ էր գալիս, լրիվ արյունլվա ու արցունքախեղդ անում ու գնում։ Մինչև որ ուժ գտա իմ մեջ ու իր շանտաժն իր դեմ օգտագործեցի՝ ասելով, որ եթե մերոնք իմանան նախ իրեն ամբողջ ընտանիքով կվառեն, հետո ինձ։ 

Քննություններս սկսեցի ցածր ստանալ, մինչև անգամ զրոներով։ Գյուղում արդեն գիտեին, որ չեմ սովորում, ու սկսվել էին խոսակցություններն էն մասին, որ աղջիկ երեխա ա, եթե գնացել ա ու չի սովորում, ուրեմն ուրիշ բաներ ա անում։ Ծնողներիս հետ հարաբերություններս վատացան մինչ օրս։ 

Յոթ տարի ա անցել էս ամենից, ավելի ճիշտ՝ յոթ տարի ա տևել էս ամենի խորը ազդեցությունը կյանքիս ամեն վայրկյանի վրա։ Արդյունքում ոչ սովորեցի, ոչ նորմալ ընկերներ ունեցա, ոչ ինքս ինձնից բան հասկացա։ Սկսեցի ծխել, դե գյուղում էլ իմացան ու պեչատը դրեցին, որ հաստատ պոռնկությամբ եմ էստեղ զբաղված։ Նոր-նոր սկսել եմ ուշքի գալ ու փորձում եմ ինձ համոզել, որ մեղավորը ես չէի»։

***

#բռնության_ձայնը

― 7 տարեկան էի, պապիկս 80 անց։ Պապս ինձ ձեռքով սիրում, օրգազմի էր հասցնում, ԷՆՔԱՆ ՏԱՐԻ մինչև մահացավ։ Մեծացա, հասկացա. ծանր եմ տարել։ Պապիս մասին մինչև օրս էլ միան դրական բաներ են պատմում. լավ մարդ էր, ափսոս, օղորմի։ Հիմա 43 տարեկան եմ, 16,17 տարեկան երեխաներ ունեմ։ Երբեք սեռական հարաբերությունից հաճույք չեմ ապրել, առաջին ու վերջին հաճույքը մանկության հիշողություն ա։ Որը քիչ էր մնում ինքնասպանության, խելագարության հասցներ, երբ հասկացա։ 

Հիմա էլ հետ եմ նայում ու լիքը հարցեր։ Ինչի՞ ՍԻՐՎԱԾ, ՀԱՐԳՎԱԾ պապի, ինչի՞։ Էդ մասին գիտեմ ես, մահացած պապս ու մեզ բռնացրած 7 տարեկան դասընկերուհիս։ Ու չգիտեմ ինչի պատմեցի քեզ Լուսի»։

***

#բռնության_ձայնը

― Մարզից էի քաղաք եկել, սուպերմարկետներում աշխատելուց հետո վերջապես լավ աշխատանք էի գտել, վարձով էի ապրում։ Աշխատանքից դուրս ձեռագործ իրեր էի պատրաստում։ Մի անգամ ինչ-որ զինվորական, վաճառքի խմբերում աշխատանքներս տեսնելով, իբրև հավանել էր ու գրել, ուզում էր պատվիրել, բայց անվճար, այսինքն՝ ուզում էր նվիրեի։ Իր ասելով Ապրիլյանի մասնակից էր, Արցախում զինվորներ ուներ և այլն։ Համաձայնեցի նվիրել։ Պատրաստելու գործընթացը մոտ մեկ ամիս տևեց, այնինչ մի օրում վերջացնում եմ։ Ֆոտոալբոմ էր՝ զինվորների նկարներով ու ասեղնագործած անուններով։ Մի խոսքով նվիրեցի։ Այդ մարդն էլ իբրև շնորհակալություն ինձ թեյի հրավիրեց, մերժեցի՝ պատճառաբանելով, որ աշխատանքի եմ։

Նոյեմբեր ամիսն էր։ Երեկոյան ժամը 8-ի կողմերը։ Աշխատանքս վերջացրել էի, տուն էի գնում։ Քանի որ աչքս մի ամիս առաջ էի վիրահատել, խուսափում էի ոտքով տուն իջնելուց (Բժշկականի մոտից Սարյան)։ Յանդեքս կանչեցի, սպասում էի։ Տաքսին եկավ, նույն զինվորականն էր վարորդը։ Արձակուրդի մեջ էր, տաքսի էր քշում։ Նստեցի մեքենան։

Մեքենան շարժվեց դեպի վերև, իսկ ես Սարյան փողոց պիտի գնայի։ Մտածեցի՝ ավելի կարճ ճանապարհ կա, դե քաղաքին լավ ծանոթ չեմ։ Երևանը դուրս եկանք։ Ասում էի, որ ես ուրիշ հասցեով եմ գնում։ Ինքն էլ ծիծաղում էր, ասում էր, որ ֆոտոալբոմը շատ է հավանել և ուզում է շնորհակալություն հայտնել, անակնկալ մատուցել։ 

Վախից դողում էի։ Ինքը ոչ ադեկվատ էր, աչքը ու դեմքի որոշ մկաններ նյարդային թրթռում էին։ Ես հոգեբան եմ, պարզ տեսնում էի ինչ տեսակ մարդ է, ու դրանից վախս կրկնապատկվում էր։ Հասանք ինչ-որ գյուղի, գյուղը դուրս եկանք. սարեր էին, մարդկային շունչ չկար։

Արդեն երեկոյան ժամը 9ն էր։ Ասում էր իջնեմ մեքենայից, խարույկ էր վառել։ Դա էր անակնկալը։ Ձեռքերս պինդ սեղմում էր, ստիպում, որ իջնեմ մեքենայից։ Չիջա։ Եկավ նստեց մոտս։ Ձեռքերս բռնել, բաց չէր թողնում, համբուրում էր ձեռքերս, գրկում էր։ Դիմադրում էի, բայց ես նիհարիկ, թուլակազմ աղջիկ էի, երկար չէի կարող դիմադրել։ Գոռում էր, հարցնում ուրիշի՞ եմ սիրում, որ չեմ թողնում։ Վախից դրական պատասխան էի տալիս, որ հավատա իբր ընկեր ունեմ, բաց թողնի։ 25 տարեկան էի, կույս էի։ Ձևացրեցի իբրև աչքս ուժգին ցավում է, ինձ դեղ է պետք, երկար չեմ դիմանա, պիտի տուն գնամ, դեղերս լցնեմ, այնինչ դեղերս պայուսակիս մեջ էին։ 

Բախտս բերեց չստուգեց պայուսակս։ Մեքենայի մեջ շատ մեծ չափերի դանակ ու երկաթե ձողեր կային։ Ասում էր՝ ուշ ժամերի վատ մարդիկ են իր տաքսին նստում ու ինքը պիտի պաշտպանվի։ Մտածում էի, որ երբ էլ չկարողանամ դիմադրել, դանակը կվերցնեմ ու կսպանեմ դրան։ Աչքիս հետվիրահատական ցավերի շնորհիվ ժամանակ շահեցի, հավատում էր, որ ցավին չեմ դիմանում։ Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ այդքան լավ դերասանություն անել։ Միայն բժշկիս խոսքերն էի հիշում, որ ոչ մի դեպքում պիտի չլացեմ, արցունքները հակացուցված էր։ Հազիվ էի ինձ զսպում։ 8 տարի տանջվելուց հետո վերջապես վիրահատել էի, պիտի ամեն ինչ անեի՝ չկրկնվեր։ 

Ես չգիտեմ Յանդեքսի անձնակազմն էր, թե ով, մեքենա էր ուղարկել իմ հետևից։ Այնքան խառնված էի, չհասկացա էլ՝ ոնց եմ իջել դրա մեքենայից ու մյուս մեքենան նստել, չիմացա էլ իր հետ ինչ եղավ։

Այնտեղ ուշքի եկա, երբ վարորդն ասաց, որ Սարյան փողոցում ենք։ 

Ոչ ոքի չպատմեցի, չբողոքեցի։ Վախենում էի։ Դրանից հետո սկսվեցկն սեռական բնույթի զզվելի SMS-ները՝ անձնական հեռախոսահամարիս։ Սպառնում էր, որ մեծ-մեծ չխոսեմ, որ ես ոչինչ անել չեմ կարող։ Վստահ էի, որ ինքն է։ Էլի չբողոքեցի։ Տունը հանձնեցի, տեղափոխվեցի ընեկրուհուս ընտանիքի հետ ապրելու։ 

Երկու շաբաթ անց աշխատանքից էլ դուրս եկա ու հետ եկա գյուղ։ Ձեռագործ իրեր այլևս չեմ պատրաստում։ Քաղաք վերադառնալու ու աշխատելու մասին էլ սարսափով եմ մտածում։ Հիմա գործազուրկ եմ։

***

― Բարև Լուսի, կարդում եմ գրառումները ու աչքերս լցվում են, որոշեցի ես էլ կիսվել իմ պատմությամբ: Երևի 4 տարեկան էի, երբ առաջին անգամ ենթարկվել եմ սեռական բռնության մորաքրոջս տղայի կողմից: Նա մտավոր զարգացման թեթև խնդիր ուներ: Հաճախ էր գալիս մեր տուն, երբ տունը մարդ չէր լինում: Մենք գյուղում էինք ապրում: Ինձ միշտ թվում էր, թե իր գրպանում խնձոր կա։ Դե հիմա եմ հասկանում, որ գրգռված անդամն էր: 

Մի օր ինձ տարավ իրենց տուն, պառկացրեց փորի վրա, ու պառկեց ինձ վրա: Ինձ համար իրականում շատ տարօրինակ էր , թե ինչ է անում: Շարժվում էր հետ ու առաջ, հետո ինձ թվաց, թե ես միզել եմ, այնինչ սերմնահեղուկն էր մարմնիս վրա: Եկա տուն, վախեցած էի: 

Մայրս բարկացավ, ծեծեց ինձ, ու ես էդպես էլ երբեք չպատմեցի , թե ինչ է եղել իմ հետ: Հետո հաճախ էր գալիս, սեռական բնույթի գործողություններ էր անում: Ու էնքան, մինչև ես հասկացա, որ կարող եմ ինձ պաշտպանել։

***

Մնացածը՝  այստեղ:

Tekali Taxi