Home / Հայաստան / Ոչ բոլոր կուսակիցներն են կիսում Փաշինյանի լավատեսությունը հանքի վերաբերյալ

Ոչ բոլոր կուսակիցներն են կիսում Փաշինյանի լավատեսությունը հանքի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հանքի շահագործման շուրջ (ջերմուկցիների և բնապահպանների, ավելի ուշ՝ նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ) հանդիպումներից հետո այսօր հանդես եկավ հայտարարությամբ։ Մեկ ժամից ավել տևած ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում նա ներկայացրեց Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի նախապատմությունը, իրեն ներկայացված փաստերն ու գնահատականները, հավաստիացրեց, որ կառավարությունը կառող է ստիպել շահագործող ընկերությանը չեզոքացնել վտանգները և վերջում հայտարարեց, որ նպատակահարմար է համարում թույլատրել Ամուլսարի հանքի շահագործումը:

«Մեր կառավարության, պետության, ժողովրդի, երկրի շահերից է, որ մենք լեգիտիմ, մեր կողմից առաջադրված պայմանը և ժողովրդի վստահության քվեն ստացած պայմանը բավարարենք, այսինքն՝ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի», – ասաց Փաշինյանը։  Այս հայտարարությունը, թերևս, կարելի է համարել 1 ժամ 17 րոպե տևած ելույթի ամփոփում։

Փաշինյանի հետ փակ հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկան նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը, Վարազդատ Կարապետյանը և Մերի Գալստյանը, ովքեր չեն կիսում վարչապետի լավատեսությունը հանքի շահագործման հետևանքների վերաբերյալ և վստահությունը՝ «ներկայացված փաստերի» նկատմամբ։

Վարազդատ Կարապետյան․ ― Անհավատալի է, որ մենք կկառավարենք ռիսկեր, որոնք մեր այսօրվա քայլերի արդյունքում մեր սերունդները կժառանգեն թթվային դրենաժների, թունաբեր անձրևների, պղծված աղբյուրների ու գետերի տեսքով։

Մեր դեմ է աշխատում համաշխարհային հանքարդյունահանող հսկա հրեշը՝ իրեն ծառայող մարդկանցով, ինստիտուտներով, ֆինանսներով, փորձագետներով…

Ու հիմա մենք կանգնած ենք ընտրության առջև՝ հետևենք հանքահենների կողմից մեզ պարտադրված մեր իսկ երկրում գործող օրենքներին և թույլ տանք հերթական երախը բացել մեր սարերում, կամ ջարդենք ընդունված կարգն ու հայտարարենք, որ մեր երկրի տերը մենք ենք։

Էական չէ, թե ինչ ուժեր են ում սատարում, ինչ խարդավանքներ են նյութում միմյանց ու մեր դեմ։ Էականը մեր արժեքն է՝ ազատ, ինքնիշխան, անարատ երկրի ներկան։

Բնական բարոյականության օրենքը վեր է սահմանադրությունից էլ, օրենքներից էլ։ Ամուլսարի պաշարների նկատմամբ հավակնություն ունեցող ընկերությունը ազնիվ չէ մեր ու մեր երկրի հանդեպ։Որևէ անկախ փորձաքննություն չի կարող հերքել հարյուրավոր վտանգների ու կենսական սպառնալիքի առկայությունը:

Մերի Գալստյանը. ― Էլարդ [Քննչական կոմիտեի պատվիրած փորձաքննությունն իրականացնող ընկերություն․-խմբ] կազմակերպության փորձաքննության գնահատականների վերաբերյալ մնում եմ նույն կարծիքին. Լիդիան ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ում (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) առկա են լուրջ բացեր և թերացումներ, որոնք առհասարակ հարցականի տակ են դնում եղած եզրահանգումների և գնահատականների վստահելիությունը:

Բայց կուզենայի հատկապես շեշտել մտահոգությունս հետևյալի շուրջ. Էլարդ ընկերությանը ներկայացված տեխնիկական առաջադրանքի պայմաններում (ToR) տրվել են հարցեր, որոնց Էլարդը չէր կարող և իրավունք էլ չուներ պատասխանելու, մասնավորապես` հանքի շահագործումը ազդելու է Սևանա լճի վրա, թե ոչ, ազդելու է  Ջերմուկի ջրերի վրա, թե ոչ, ազդելու է ջրային համակարգի վրա, թե ոչ:

Այս հարցերին հստակ պատասխան տալու համար Էլարդը պետք է նոր ՇՄԱԳ աներ, այլ ոչ թե արված ՇՄԱԳ-ը և մի շարք այլ փաստաթղթեր ուսումնասիրեր: Ըստ էության, Էլարդը կատարել է մեր Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական ՊՈԱԿ-ի գործառույթներից մեկը` այն է ուսումնասիրել ՇՄԱԳ-ը, բացահայտել թերությունները և բացերը: Ինչն էլ կազմակերպությունն արել է և զեկույցի 1-3-րդ գլուխներում հստակ մատնանշել զգալի բացեր ու թերացումներ` թե ելակետային տվյալների և թե դրանց գնահատման մեթոդաբանական հիմքերի և շատ այլ կետերով, որոնք բերում են սխալ հաշվարկների, գնահատումների և անորոշությունների հանքի շահագործման ռիսկերի առումով: Կարդալով վերոնշյալ գլուխներն ամբողջությամբ`որևէ վստահություն չունեմ, որ հանքի շահագործումն անվտանգ է: Այս մասին հայտնել եմ վարչապետին “Իմ քայլը” խմբակցության հետ ունեցած հանդիպման ընթացքում և շարունակում եմ մնալ նույն կարծիքին:

Լենա Նազարյանը. ― Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով, որի ընթացքում հայտնեցի իմ դիրքորոշումը և մտահոգությունները Էլարդ կազմակերպության փորձաքննության Ամփոփում, եզրակացություններ և տվյալների բացեր հատվածի վերաբերյալ:

Ինձ համար դժվար է հավատալ, որ ես ընթերցել եմ նույն զեկույցը, որն ընթերցել է Քննչական կոմիտեն և միանշանակ եկել այն եզրակացության, որ ռիսկերը կառավարելի են: Կարդալիս ես ունեի այն զգացողությունը, որը ես միշտ ունենում էի միջազգային հետընըտրական զեկույցներ ուսումնասիրելիս. երբ նախ կարդում ես բոլոր ընտրախախտումների վերաբերյալ փաստերի արձանագրումը, և վերջում կարդում ես մի ամփոփում, որտեղ եզրահանգվում է, որ թեև եղել են գործընթացի որոշակի խախտումներ, բայց ընդհանուր առմամբ, ընտրությունները մեկ քայլ առաջ էին:

Նույն կերպ Էլարդի փորձագետները զեկույցում տրամադրում են հանքի շահագործման թույլտվության հիմքում ընկած ՇՄԱԳ-ի արժանահավատությունը կասկածի տակ դնող գնահատականներ և եզրահանգումներ, սակայն վերջնական ամփոփման մեջ հանգում են այլ եզրակացության: Զեկույցի հետ կապված իմ մտահոգությունները չփարատվեցին և ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար»։

Tekali Taxi