հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Վերլուծություն / Ինչ կարծիքի են Չինաստանում Հոնկոնգի ցույցերի մասին

Ինչ կարծիքի են Չինաստանում Հոնկոնգի ցույցերի մասին

Չինական ԶԼՄ֊ները նրանց ջարդերի մասնակիցներ են անվանում, սակայն բողոքի ցույցերի մասնակիցներն իրենք իրենց Պեկինի՝ Հոնկոնգի ադմինիստրացիայի վրա ազդեցության աճով պայմանավորված պարզապես դժգոհ քաղաքացիներ են համարում։

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Հոնկոնգում բազմահազարանոց բողոքի ցույցեր են ընթանում՝ չինական իշխանության ազդեցության աճի հետ կապված։ Բրիտանական նախկին գաղութը Չինաստանի ժողովրդական հանրապետության մասն է կազմում 1997 թվականից․ նրան հատուկ վարչական շրջանի կարգավիճակ են տվել, և մինչև 2047 թվականը երաշխավորվել են լայն իրավունքներ, ինչպիսիք են մամուլի, հավաքների և կարծիք արտահայտելու ազատությունները։

Մինչև վերջին ժամանակները Հոնկոնգի իշխանությունները հրաժարվում էին իրենց քաղաքացիներին հանձնել մայրցամաքային Չինաստանին՝ իրավական համակարգի թափանցիկ չլինելու և մահապատժի լայն կիրառման պատճառով։ Սակայն 2019 թվականի սկզբին քաղաքի կառավարությունը հայտարարել էր, որ թույլ կտա իրավախախտների արտահանձնումը մայրցամաքին՝ դեպի Մակաո և Թայվան։ Դա էլ մասայական բողոքի ցույցերի բերեց։ Հետագայում ցույցերի մասնակիցներն սկսեցին ժողովրդավարական բարեփոխումներ պահանջել, ինչպես նաև պահանջում էին ընդհանուր ընտրական իրավունք ներդնել և Հոնկոնգի կառավարության ղեկավար՝ Քերի Լամի հրաժարականը։

«Հոնկոնգում մարդիկ պարզապես պետք է աշխատեն»

Ինչպես Հոնկոնգը երկրի հարավում, Չինաստանի արևելյան ափին գտնվող Շանհայը ևս մեծ առևտրա-ֆինանսական կենտրոն է հանդիսանում․ այստեղ մոտ 23 միլիոն մարդ է բնակվում։ Սակայն Հոնկոնգից 1200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շանհայի բազմաթիվ բնակիչներ ցույցերին ըմբռնումով չեն մոտենում։

«Դա ի՞նչ կտա։ Ինչի՞ էին իրենք այդքան ամբարտավան», – տարակուսում է 30-ամյա մի տղամարդ։ Ըստ նրա՝ Հոնկոնգում մարդիկ պետք է «ուղղակի աշխատեն և խաղաղ կյանքով ապրեն»։ Շանհայցու կարծիքով՝ ցույցերը ոչնչի չեն բերի։

Շանհայում Հոնկոնգի ցույցերը չեն ողջունում

Լրագրող Խոսե Ցյանի մոտ, ով ապրում է Շանհայում և գրում միջազգային ԶԼՄ֊ների համար, տպավորություն է ստեղծվել, որ նման կարծիքի են մայրցամաքային Չինաստանի բնակչության մեծ մասը։ Իր գնահատականներով՝ հայրենակիցների 90 տոկոսը քննադատաբար են վերաբերվում Հոնկոնգի ցույցերին։ «Ըստ ամենայնի՝ իրենք հստակ չգիտեն՝ ինչն էր ցույցերի պատճառը, երբ էին դրանք սկսվել և ինչ են պահանջում ցուցարարները», – պարզաբանում է լրագրողը։

Նման դիրքորոշման հիմքում հաճախ Հոնկոնգում բռնության հնարավոր էսկալացիայի հետ կապված վախն է ընկած։ «Ես սատարում եմ Հոնկոնգի ոստիկանությանը», ֊ ասում է 4 տարի տվյալ քաղաքի ֆինանսական սեկտորում աշխատած մի կին։

Այն պահից, երբ մեգապոլիսը Չինաստանի մաս կազմեց, տարածաշրջանում բարելավվեց տնտեսական իրավիճակը։ Ըստ Շանհայի բնակչի՝ դա տեղի ունեցավ, այդ թվում, մայրցամաքային Չինաստանի օգնությամբ․ «Այդ պատճառով էլ սխալ եմ համարում արմատական գործողությունները, նույնիսկ եթե ինքս այնտեղ չեմ գտնվում»։

Տեղեկատվության միակ աղբյուրը չինական ԶԼՄ֊ներն են

Այսպիսի ռեակցիան լրագրող Ցյանն առաջին հերթին բացատրում է նրանով, որ Շանհայի բնակչության մեծամասնության համար տեղեկատվության հիմնական աղբյուրը չինական պետական ԶԼՄ֊ներն են, որոնք Հոնկոնգի իրադարձությունները լուսաբանում են բացառապես պաշտոնական Պեկինին շահավետ ձևով։

«Դուք դա կարող եք անվանել պրոպագանդա կամ պաշտոնական քարոզարշավ ԶԼՄ֊ներով, բայց այստեղ պատմության մի տարբերակ կա», – ընգծում է Ցյանը։ Իշխանական լրատվամիջոցները չեն խոսում Հոնկոնգի բողոքի ցույցերի պատճառների ու ակունքների մասին, փոխարենը մեծ ուշադրություն են դարձնում բռնության էսկալացիային։

Չինական մայրցամաքի բնակչության մեծ մասի համար տեղեկատվության այլընտրանքային աղբյուրները հասանելի չեն։ Զարմանալի չէ, որ մարդիկ հիմնականում պաշտոնական Պեկինի դիրքորոշմանն են հետևում, նույնիսկ երբ ցուցարարներին հավասարեցնում են ահաբեկիչների հետ։

Այս մասին վկայում է Շանհայի փողոցներում հանդիպող մարդկանց ռեակցիան։ 70-ամյա թոշակառուն, ով հիմնականում չինական իշխանական CCTV հեռուստաալիքի լրատվական թողարկումներին է հետևում և Չինաստանի ազգային ռադիո է լսում, կարծում է, որ Հոնգկոնգում ցուցարարների պահվածքը ճիշտ չէ։ Նա նշում է, որ Հոնկոնգը միշտ էլ մեծ քաղաք է եղել և կարևորագույն ֆինանսական կենտրոն։ «Այդ ամբոխը դեռ մի լավ բան չի արել, միայն վատը», – վստահ է Շանհայի բնակիչը։

Հոնկոնգը կկորցնի իր հատուկ իրավունքները 2047 թվականից հետո

Իսկ Հոնկոնգում ցուցարարներին չեն վախեցնում ոչ նման հայտարարությունները, ոչ էլ Չինական զորքերի ներխուժման իրական վտանգը։ Նրանք պատրաստվում են շարունակել դուրս գալ փողոց։ «Մենք գիտենք, որ մեր ինքնավարության ժամկետն ավարտվում է (2047 թվականին, խմբ․)։ Բայց առնվազն մինչ այդ մենք պետք է պայքարենք մեր հիմնարար իրավունքների համար ու ցույց տանք աշխարհին, որ ունենք խոսքի ու հավաքների ազատություն», – հայտարարեց ցուցարարներից մեկը։

Թե ինչ կլինի Հոնկոնգի հետ 2047-ից հետո, դեռևս պարզ չէ։