Home / Բանակ / Վրաստանի նախագահի ԿԳԲ-ական խորհրդականը Սահակաշվիլիի գեներալներից էր

Վրաստանի նախագահի ԿԳԲ-ական խորհրդականը Սահակաշվիլիի գեներալներից էր

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անվտանգության և պաշտպանության հարցերով  խորհրդական է նշանակել խորհրդային КГБ-ի` Պետական անվտանգության կոմիտեի նախկին սպա Դմիտրի Լեժավային: Այդ մասին հայտնի է դարձել «Վրացական երազանք» իշխող կուսակցության և նախագահական աշխատակազմի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում:

Ըստ վրացական մամուլի, Լեժավան ԿԳԲ-ում աշխատել է 1983 թվականից, երբ ԽՍՀՄ-ը ղեկավարում էր Կոմիտեի նախկին ղեկավար Յուրի Անդրոպովը, մինչև Խորհրդային Միության փլուզումը:

Պաշտպանության և անվտանգության հարցերով քաղաքացիական խորհրդի անդամ Թեոնա Ակուբարդիան «Էխո Կավկազա» ռադիոկայանի հետ զրույցում քննադատել է նախագահի որոշումը․ «Անհասկանալի է, թե ինչու նախագահը չի ընտրում երիտասարդ, Արևմուտքում փայլուն կրթություն ստացած սպաների, փոխարենը նախապատվությունը տալիս է Խորհրդային Միության հատուկ ծառայությունների նախկին ներկայացուցչին»:

Ակուբարդիան նշել է, թե անվանգության ոլորտի մասնագետների տեսանկյունից Վրաստանում կադրերի պակաս չկա, ինչ վերաբերում է Լեժավայի փորձառությանը, որ նա ստացել է Խորհրդային Միությունում, այն բացասական է: «Հարց է ծագում` երբ խորհրդային ԿԳԲ-ից խորհրդականի ես բերում, ի՞նչ օգուտներ պետք է նախագահը քաղի այդ անձից, մանավանդ որ այդ անձն է նախագահին ներկայացնում Ազգային անվտանգության խորհրդում»։

«Նա զինվորական չէ, և տարօրինակ է ԿԳԲ-ի սպայի նշանակումը նախագահի խորհրդականի պաշտոնում: Կարծես հատուկ քաղաքականություն է իրականացվում ՝ Խորհրդային Միության հետ կապ ունեցող հին կադրերին պաշտոնները վերադարձնելու», – ասել է անվտանգության հարցերով փորձագետ Պաատա Գիգաուրին:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներն ավելի կոշտ են արտահայտվում՝ հիշեցնելով, որ «նախկին ԿԳԲ-ականներ չեն լինում»։ Իրենք սակայն չեն նշում, որ Լեժավայի կարիերան ճգնաժամ չէր ապրում Սահակաշվիլիի օրոք․ 2005 թվականին, օրինակ, նա, լինելով բրիգադի գեներալ, ղեկավարում էր Վրաստանի պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչությունը։

Tekali Taxi