Home / Հայաստան / 80-ամյակն առանց Պուտինի, համաժողովն՝ առանց Փաշինյանի

80-ամյակն առանց Պուտինի, համաժողովն՝ առանց Փաշինյանի

Լեհաստանում սեպտեմբերի 1-ին մեկնարկեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները։

Դրանց մասնակցում են եվրոպական մի շարք պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ամերիակյի Միացյալ Նահանգները Վարշավայում ներկայացնում է փոխնախագահ Մայք Փենսը: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով, ըստ նախատեսվածի, պետք է գլխավորեր ամերիկյան պատվիրակությունը, վերջին պահին չեղարկեց այցը Լեհաստան։ Միջոցառմանը չմասնակցելու իր որոշումը Թրամփը պատճառաբանեց «Դորիան» փոթորկի շուրջ Ամերիկայում ստեղծված «արտակարգ» իրավիճակով։

Հիշատակի արարողություններին, ինչպես ավելի վաղ հայտնել էին Լեհաստանի իշխանությունները, մասնակցելու են 40 երկրների 250 պաշտոնյաներ, այդ թվում՝ 20 նախագահ, 4 վարչապետ և 6 խորհրդարանի խոսնակ։

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին չէր հրավիրվել։ 

Լեհաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շիմոն Շինկովսկին Պուտինին չհրավիրելու որոշումը բացատրել էր «Ռուսաստանի՝ պատմական ճշմարտությամբ հետաքրքրված չլինելու» հանգամանքով, իսկ Լեհաստանի փոխվարչապետ Յացեկ Սասինը դեռևս հուլիսին՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահի մասնակցության հարցին, ասել, որ «անպատեհ կլիներ նշել Լեհաստանի դեմ ռազմական ագրեսիայի տարելիցը մի առաջնորդի մասնակցությամբ, ով հարևանների հետ այսօր նույն կերպ է վարվում»։

Ի համերաշխություն Պուտինի, օգոստոսի 27-ին միջոցառումներին մասնակցելու հրավերից հրաժարվել էր նաև Բելարուսի նախագահ Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնել էր վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, Երկրորդ համաշխարհայինի մեկնարկի տարելիցին նվիրված միջոցառումներին չէր հրավիրվել։ Սակայն հրավիրվել էր սեպտեմբերի 3-5-ը Լեհաստանի Կրինիցա Զրդույ քաղաքում կայանալիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին։

Օգոստոսի 28-ին, սակայն, հայտնի դարձավ, որ Փաշինյանը չի մեկնելու Լեհաստան։ Մամուլում տարածված մեկնաբանությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանը Լեհաստան կատարելիք իր այցը չեղարկել է ի համերաշխություն Վլադիմիր Պուտինի՝ Բելարուսի նախագահ Լուկաշենկոյի օրինակով։ 

Oգոստոսի 29-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Փաշինյանի՝ Լեհաստան չմեկնելու մասին հարցին, հայտարարեց, որ միջազգային տնտեսական համաժողովին չմասնակցելը ինքնիշխանության արտահայտում է։ «Վարչապետն ունի իր այցերի ծրագիրը, որը և իրականացնում է, և նաև ունի ներքին քաղաքականության իր գերակայությունները»,- ասաց Մնացականյանը։

Tekali Taxi