Home / Հայաստան / ՀՔԾ֊ը քրգործ է հարուցել Երվանդ Զախարյանի ապօրինի որոշման հետ կապված

ՀՔԾ֊ը քրգործ է հարուցել Երվանդ Զախարյանի ապօրինի որոշման հետ կապված

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված` Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը Երևանի քաղաքապետ` Երվանդ Զախարյանի 12.03.2008թ. որոշմամբ, «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատճառաբանությամբ թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել հիշյալ զբոսայգու տարածքից։

«Այնուհետև Երևանի քաղաքապետի կողմից ծառայության շահերին հակառակ կայացված մեկ այլ՝ 08.04.2008թ. որոշմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված և օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը կադաստրային արժեքով` 164.760.000 ՀՀ դրամով /այսինքն` 1քմ-ն ընդամենը 16.476 ՀՀ դրամով/, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը:

29.05.2015թ.-ին հիշյալ ընկերությունն այդ հողատարածքի գրավադրմամբ ՀՀ-ում գործող առևտրային բանկերից մեկից ստացել է 2.800.000 ԱՄՆ դոլար վարկ: Հետագայում ընկերության և բանկի միջև կնքված մի շարք համաձայնագրերով վարկային պայմանագրում կատարված փոփոխություններով համագործակցության գումարը հետզհետե ավելացել է՝ հասնելով մինչև 12 միլիարդ ՀՀ դրամի, ինչը շուրջ 70 անգամ գերազանցում է տվյալ հողատարածքի ձեռք բերման արժեքը:

Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներում առերևույթ առկա են Երևանի նախկին քաղաքապետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, որպիսի արարքով էական վնաս է պատճառվել Երևան համայնքի օրինական շահերին, 30.08.2019թ.-ին որոշում է կայացվել վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջ ծավալով բացահայտելու և մեղավորներին ի հայտ բերելու ուղղությամբ», ֊ ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Tekali Taxi