Հայաստանի վարչապետը, որ ժողովրդի ձեռքերի վրա հեղափոխությամբ եկավ իշխանության, իր հետ փողոցից կառավարություն եկած մի խումբ քաղաքական գործիչների հետ ներկա է գտնվել Հայաստանի քրեաօլիգարխիայի երկու խոշոր ընտանիքի (մեծահարուստներ Խաչատուր Սուքիասյանի՝ Գռզոյի, որդու և Գագիկ Ծառուկյանի՝ Դոդի Գագոյի, դստեր – խմբ․) հարսանիքին: Այն քրեաօլիգարխիայի, որ հարստացել է թալանելով, սպանելով ու ունեզրկելով Հայաստանի բնակիչներին:
Իհարկե, տհաճ պատկեր է: Բայց մի՞թե Նիկոլ Փաշինյանը, որ ամբողջ կյանքը ելույթ է ունեցել քրեաօլիգարխիայի դեմ, այսքան հեշտ մոռացավ իր անցյալը: Կարծում եմ՝ ոչ: Երբ նա չի իրականացնում հեղափոխություն, նա պարզապես այլընտրանք չունի, քան համագործակցել քրեաօլիգարխիայի հետ: Իսկ նա հեղափոխություն չի անում, նա լուծում է իշխանության հարց: Հայաստանը պատերազմող երկիր է՝ գետտոյացված: Հասարակությունը փախուստ է տալիս պատերազմից՝ կամ արտագաղթելով, կամ առերեսումից խուսափելով: Փաշինյանը լավ է հասկանում սա, դրա համար էլ շարունակում է սովորական դարձած պատերազմի հռետորաբանությունը՝ վախենալով այլ դիսկուրս մտցնելու դեպքում չհասկացվել և կորցնել էլեկտորատ:
Քանի Հայաստանը պատերազմում է, և հասարակությունը չունի պատերազմն ավարտելու պահանջ, Հայաստանի տնտեսությունը օլիգարխական է լինելու: Եվ Հայաստանի բոլոր ղեկավարները պիտի գնան ու չոքեն օլիգարխիայի փողի առաջ: Քանի պատերազմի և խաղաղության մեջ Հայաստանը անկայուն ճոճվում է, հայկական հեղափոխությունների մաքսիմալ արդյունքը սա կարող է լինել՝ փչացածներին փոխարինել չփչացածներով, հետո նույնը՝ նորից:
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ