Home / Բնապահպանություն / «Չկայացավ ժողովրդի ընդվզման պատճառով»․ ծովինարցիները մերժեցին հանքերևակման հայտը

«Չկայացավ ժողովրդի ընդվզման պատճառով»․ ծովինարցիները մերժեցին հանքերևակման հայտը

Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում մերժեցին Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրությունների հայտը և բոյկոտեցին «Գեոմայնինգ» ՍՊԸ-ի լսումները:

Ինչպես հայտնում է «Մարտունի Ինֆոտունը»՝ հանրային լսումներ անցկացնելու նպատակով համայնք էին ժամանել «Գեոմայնինգ» ՍՊԸ-ի, Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները, սակայն տեղացիները թույլ չեն տվել լսումներ անցկացնել: Նրանք պնդում էին՝ դեմ ենք ցանկացած քննարկմանը, որը վերաբերելու է հանքի շահագործմանը։

Տեղում կազմվել է արձանագրություն, որում նշվել է. «Հանրային լսումը՝ նվիրված Ծովինար համայնքի վարչական տարածքում գտնվող սարերում հետազոտություններ անելու համար հանքարդյունաբերության թեմայով չկայացավ ժողովրդի ընդվզման և անհամաձայնության պատճառով»: Հավաքված բնակիչները ստորագրել են արձանագրության տակ, համայնքապետարանը կնքել է այն: Արձանագրությունը հանձնվել է Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցչին։

Ինֆոլուրը հայտնում է, որ«Գեոմայնինգ» ընկերությունը, որը Վարդենիսի հանքերևակման տարածքում մետաղներ որոնելու հայտ ներկայացրել էր նաև 2015 և 2017 թթ-ին, նախատեսում է ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ, կապար և մոլիբդեն որոնել Վայոց ձորի մարզի Եղեգիս, Մալիշկա և Գեղարքունիքի մարզի Ծովինար, Արծվանիստ, Կարճաղբյուր համայնքների վարչական տարածքներում: Ընկերության հիմնական բաժնետերը «Դանդի Փրիշս Մեթալս» կանադական ընկերությունն է, որը նախկինում շահագործում էր Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

Այսօր՝ ժամը 16:00-ին, «Գեոմայնինգ»-ի նույն հայտի շրջանակներում լսումներ են նշանակված նաև Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:

Tekali Taxi