Գլխավոր / Մեդիա / ՄԻԵԴ-ի 1.6 մլն երվոյանոց որոշման և «Հետք»-ի հրապարակման հիման վրա հարուցվել է քրգործ

ՄԻԵԴ-ի 1.6 մլն երվոյանոց որոշման և «Հետք»-ի հրապարակման հիման վրա հարուցվել է քրգործ

Կառուցապատում իրականացնելու նպատակով Երևանի Բուզանդի փողոցի՝ հանրային շահ ճանաչված հատվածն իրացնելու գործընթացում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

Յուրի Վարդանյանն ընդդեմ Հայաստանի Մարդու իրավունքների եվրոպական դտարանի վճռի եւ «Հետք» առցանց թերի 2012 թվականին հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածի հիման վրա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը միջնորդել է իրավապահ մարմիններին հրապարակված հոդվածն ընդունել որպես հրապարակային հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը հուլիսի 25-ին Հայաստանի դեմ աննախադեպ վճիռ է կայացրել, որի համաձայն Հայաստանի հանրապետությունը երեք ամսվա ընթացքում պետք է 1 մլն 608 հազար եվրո վճարի քաղաքացի Յուրի Վարդանյանին (փոհատուցման գումարն, ի դեպ, ավելին է, քան մինչ այս Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ բոլոր վճիռների հանրագումարը):

Յուրի Վարդանյանն ապրել է Երևան քաղաքի Բուզանդի 13 հասցեում, որտեղ սեփականության իրավունքով ունեցել է 395.6 քմ մակերեսով տուն, 1,385.6քմ մակերեսով հողատարածք: Վարդանյանի սեփականությունը գերակա շահ է ճանաչվել և անցել պետությանը, ինչի դիմաց պետությունը նրան շուկայականից մի քանի անգամ ցածր արժեքով փոխհատուցում է տրամադրել տան համար, իսկ հողատարածքի համար փոխհատուցում առհասարակ չի տրվել: 

Վարդանյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ը դեռևս 2016թ. հոկտեմբերի 27-ի վճռով ճանաչել էր Վարդանյանի արդար դատաքննության, ինչպես նաև սեփականության իրավունքի խախտումները, իսկ արդարացի փոխհատուցման հարցի վերաբերյալ վճիռը կայացրել էր այս տարվա հուլիսի 25-ին։

2012թ. «Հետքը» Յուրի Վարդանյանի ունեզրկման վերաբերյալ հոդված էր հրապարակել, որում ամերիկահայ Պավել Անդերսոնը փաստեր էր ներկայացնում, թե ինչպես է Բուզանդի փողոցի կառուցապատման ծրագրին մասնակցելու համար ինքը կաշառել քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին:

Գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Կատարված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որոնցով պարզվել է, որ «Հետք»-ի հրապարակմանը կցված հարցազրույցի տեսաձայնագրությունում Պ. Անդերսոնը հայտնել է, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցին հարող հատվածում կառուցապատում իրականացնելու իրավունքը ՀՀ կառավարության կողմից տրված է եղել իր կողմից հիմնադրված «Վիզկոն» ՍՊԸ-ին և վերջինս ձեռնամուխ է եղել գերակա հանրային շահ ճանաչված՝ ք.Երևան, Բուզանդի 13-21 հասցեների բնակիչներին վտարելու գործընթացին: 

Ըստ հրապարակման՝ կառուցապատման իրավունքը ձեռք բերելու համար Պ. Անդերսոնն անձամբ և իր գործընկերոջ միջոցով Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակազմի պաշտոնատար անձանց տվել է 550.000 ԱՄՆ դոլար և 200.000 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ բնակիչների վտարման դատական գործերով տարբեր ատյանների դատավորներին տվել է 300-5.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք: Պ. Անդերսոնը հայտնել է նաև, որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցումով 100.000 ԱՄՆ դոլար գումար է վճարել «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին՝ ՀՀ վճռաբեկ դատարանում՝ Բուզանդի փ. 13 հասցեի նկատմամբ Յուրի Վարդանյանին սեփականության իրավունքից զրկելու և հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ վճիռ կայացնելու համար:

 Նյութերի նախապատրաստման ընթացքում համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել ՀՀ դատական դեպարտամենտից և «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ից: Պարզվել է, որ Պ. Անդերսոնի անունից 01.08.2006թ. նշված հիմնադրամի հաշվեհամարին իսկապես մուտքագրվել է 100.000 ԱՄՆ դոլար գումար»:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ՝ ծանր հետևանքներ առաջացնելով զուգորդված

պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառքներ պահանջելու և ստանալու, ինչպես նաև պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերի կաշառքներ տալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչությունում Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

 

Tekali Taxi