Home / Բանակ / ՊԲ՝ դիվերսիա, Բաքու՝ սպանվածը մոլորվել էր․ մի քիչ էլ Շամշյան

ՊԲ՝ դիվերսիա, Բաքու՝ սպանվածը մոլորվել էր․ մի քիչ էլ Շամշյան

Սեպտեմբերի 22-ին Ղարաբաղի հյուսիս-արևելյան հատվածի մարտական դիրքերից մեկում, դեռևս անհայտ պայմաններում, առավոտյան 06:00-ից 06:30-ն ընկած ժամանակահատվածում որովայնի մասում հրազենային վնասվածքնեով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևան քաղաքի Նորագյուղի թաղամասի բնակիչ Հայկ Խաչատրյանը, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ըստ վերջինիս, Խաչատրյանը զորակոչվել է մի քանի ամիս առաջ, ունեցել է տեսողական խնդիրներ։

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ Ֆեյսբուքի իր էջում հաստատել է Շամշյանի հրապարակած տեղեկությունը։

«Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան։ Ի դեպ, վստահաբար Բաքվից ջերմ ողջույններ ստանալուց Շամշյանը միայնակ չի լինի, տարատեսակ ինֆորմատորներով կմիանաք նրան»։

Հովհաննիսյանը չէր պարզաբանել՝ ինչ է ակնարկում վերջին նախադասությամբ։ Epress.am-ի հարցին ի պատասխան ՊՆ խոսնակն ասաց՝ վիրավորների մասին տեղեկությունները մենք չենք հրապարակում, երբ դրանք հակառակորդի կողմից սխալ մեկնաբանվելու վտանգ ունեն․

«Դուք ինքներդ տեսաք, որ նույն օրվա մեջ մենք նաև դիվերսիայի մասին նյութ ենք տվել։ Ձեր լոգիկան հիմա ի՞նչ է ասում։ Իմ լոգիկան պետք չէ հասկանալ, իմը՝ լոգիկա չէ, պայմաններ է, պահանջներ է, կանոններ է», – ասաց Հովհաննիսյանը։

Նշենք, որ ավելի վաղ Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ։ Հակառակորդը, ՊԲ-ի փոխանցմամաբ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքել է դիվերսիայի մասին տեղեկությունները։ Ըստ ադրբեջանական կողմի, զինծառայող Ռամին Աբդուլրախմանովը մոլորվել է և սպանվել «հայկական և ադրբեջանական դիրքերի միջև գտնվող տարածքում»։ Մարմնի էվակուացման համար ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր խաչ։

Tekali Taxi