Հայաստանի արդարադատության նախկին նախարար, կասեցված անդամակցությամբ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, որն այժմ հանդես է գալիս «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ի անունից, նախօրեին Վարշավայում խոսել է Հայաստանի դատական համակարգում առկա խնդիրների մասին: Լեհաստանի մայրաքաղաքում այս օրերին ընթանում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովը (HDIM), որի շրջանակներում սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ անդամ երկրների քաղհասարակության անդամները և դիվանագետները ներկայացրել են իրենց երկրներում դատական համակարգում առկա խնդիրները և դրանց լուծման առաջարկներ արել:
Արփինե Հովհաննիսյանը, մասնավորապես, մտահոգիչ է համարել, որ խուզարկություն է իրականացվել «ոչ ցանկալի որոշում» կայացրած դատավորի գրասենյակում, երբ նա արձակուրդում էր: Նա կիսվել է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագծի շուրջ իր մտահոգություններով, ինչպես նաև կասկածի տակ է դրել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ընտրության օրինականությունը:
Այդ ելույթին արձագանքել է համաժողովի հայաստանցի այլ մասնակից, «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը․ «Զավեշտալի է, որ դատական համակարգի խնդիրների մասին է խոսում մի մարդ, որն անձնապես պատասխանատու է եղել դատական համակարգի անկախության երաշխավորման համար, որը փաստացի եղել է լիարժեք զավթված»։
Նա նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները հապաղել են դատական համակարգի բարեփոխումների հարցում: «Վրաստանի, Ուկրաինայի և ժողովրդավարական անցում ապրած այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ դատական ռեֆորմը իրոք ամենադժվարն է: Սակայն ես նաև չեմ կարող չարձանագրել, որ Հայաստանի իշխանությունները բավականին ուշացան դատական ռեֆորմի մեկնարկի հարցում: Այն գործնականում սկսվեց մի քանի ամիս առաջ, այնինչ կարող էր սկսվել դեռևս անցյալ տարի»։ Իոաննիսյանը նկատել է, որ դատական համակարգը պետք է ազատվի թե՛ կոռումպացված իշխանությունների հրահանգները կատարած անձանցից և թե՛ դատական անկախությունը ոտնահարող ավանդույթներից:
«Իրազեկ քաղաքացիների միավորման» փոխանցմամբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը շարունակել է նույն միտքը՝ ընդգծելով,որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո դատական իշխանությունը նույնն է մնացել: Նա նշել է, որ նոր իշխանությունները պարտավոր են իրականացնել համակարգային արմատական օրենսդրական փոփոխություններ՝ իրական անկախ դատական համակարգ ձևավորելու համար: Սաքունցը նաև կոչ է արել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին մշտապես օգնել Հայաստանի իշխանություններին՝ այդ ճանապարհին դժվարությունները հաղթահարելու համար, ինչպես նաև սերտորեն համագործակցել Հայաստանի քաղհասարակության հետ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Մարդկային չափման հարցերով համաժողովը Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու Հյուսիսային Ասիայի ամենածավալուն ամենամյա միջոցառումն է՝ նվիրված մարդու իրավունքներին։