Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին միանգամից երեք հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար:
Նախկին ոստիկանապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սարգսյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
«Իսկ ես կապ կարո՞ղ էի ունենալ Մարտի 1-ի հետ, որ մեղադրանքն էլ ընդունեմ։ Ես ընդհանրապես առնչություն չունեմ Մարտի 1-ի հետ, մեղադրանքն էլ ով առաջադրել է, իրանք էլ կորոշեն ինչ անեն», – ասաց Սարգսյանը։
«Ազատության» հարցին՝ իսկ ինչո՞ւ են մեղադրանք առաջադրել այդ դեպքում, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, էդ երևի իրանց կհարցնեք, որովհետև․․․ մնում էր հարցնեինք՝ իսկ ո՞ւմ չեն առաջադրել, էդ պիտի հարցնեինք»։
Նա հայտնեց, որ փաստաբան չունի․ – «Չէ, առայժմ փաստաբանի կարիք չեմ զգում, հետո որ զգամ՝ կասեմ: Առայժմ չեմ զգում, ես պաշտպանվելու կարիք չունեմ էս պահին»:
Ալիկ Սարգսյանը ոստիկանապետ է նշանակվել մարտյան իրադարձություններից հետո՝ 2008-ի մայիսի 29-ին։ Ըստ մեղադրանքի` 2008-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և նպատակ են ունեցել թաքցնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները և հանցագործության հետքերը՝ դրանք են՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում ծավալվող իրադարձությունների ժամանակ ոստիկանության իրականացրած անօրինական գործողությունները և Հայաստանի զինված ուժերի հակասահմանադրական օգտագործումը։
Ըստ ՀՔԾ-ի, այս պաշտոնյաները թաքցրել են զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածը ներկայացրել են որպես իրավաչափ գործողություններ։
ՀՔԾ-ն մանրամասնում է՝ Կոստանյանը և Մհերյանը մի խումբ բարձրաստիճան ոստիկանների, այդ թվում՝ Ալիկ Սարգսյանի և Մարտի 1-ի գործը ժամանակին քննող մարմնի միջոցով պարտակել են առանձնապես ծանր հանցագործությունը։ Այսինքն իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդել են չարաշահել պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիքներ և կեղծել ապացույցները։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը 2008 թվականի մայիսի 29-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում այցելել են Հայաստանի ոստիկանության վարչական շենք և ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հանձնարարությամբ խորհրդակցություն անցկացրել։ Խորհրդակցությանը ներկա են գտնվել Հայաստանի ոստիկանության բոլոր ծառայությունների պետերը, ովքեր առնչություն են ունեցել մարտի 1-ին և 2-ին Երևանում իրականացված արտաքին ծառայությանը: Խորհրդակցության ընթացքում Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը մասնակիցներին են ներկայացրել «Աշխատանքային պլան, պարզաբանման ենթակա հարցեր» վերնագրմամբ, 25 կետից բաղկացած հարցաշար, որում տեղ գտած հարցերը վերաբերել են մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններին ոստիկանության ծառայությունների կողմից իրականացրած գործողություններին: Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով այդ հարցաշարը, պահանջել են հետին ամսաթվերով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր: Խորհրդակցությունից հետո ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը և մի խումբ բարձրաստիճան ոստիկաններ սկսել են կատարել այդ հանձնարարությունները։
Դրանից հետո 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, նրա տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, հետին ամսաթվով ստորագրել են կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթեր։
Հետո այդ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթերը տրամադրվել են Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին, փորձագետների փաստահավաք խմբին, Մարտի 1-ի վարույթն իրականացնող մարմնին։
Բացի այդ, ոստիկանության գործողությունների օրինական լինելու պատրանք ստեղծելու, այդ գործողությունները իբրև իրավաչափ ներկայացնելու նպատակով ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր այն մասին՝ իբրև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին:
Բացի այդ, 2008 թվականի հուլիսի 2-ից հետո նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ապօրինի մասնակցության պարտակումը կազմակերպելու համար ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն են տվել զինված ուժերի ներգրավվածությունը հերքելու, զրուցել ենթակաների հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցով հնարավոր լինի հերքել զինված ուժերի ներգրավվածությունը հիշյալ դեպքերին:
Գեղամ Պետրոսյանին նաև կարգադրել են սերտ համագործակցել քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ և կատարել նրա կողմից տրվող հանձնարարությունները: Դրանից հետո Գեղամ Պետրոսյանը հատուկ քննչական ծառայությունում հաճախակի հանդիպել է Վահագն Հարությունյանի հետ և նրանցից ստացել հանձնարարություններ: Արդյունքում, քրեական գործով 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում Վահագն Հարությունյանը և քննչական խմբի քննիչ Արմեն Հակոբյանը Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել Գեղամ Պետրոսյանին և հայտնել, որ զինված ուժերի մասնակցության ու նրանց կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով:
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ մինչև 2011 թվականը շարունակելով զբաղեցնել ոստիկանապետի պաշտոնը, Ալիկ Սարգսյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ՝ խեղաթյուրել է կատարված հանցագործությունների բացահայտման համար նշանակություն ունեցող հանգամանքները, իր ապօրինի գործողություններով ապահովել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական կարգի տապալման իրական հանգամանքների մասին տվյալներ ձեռք չբերվեն, դրա հետևանքով խախտվել է արդարադատության մարմինների նորմալ գործունեությունը:
Այս գործողություններով, ըստ Հատուկ քննչական ծառայության, Սարգսյանը հեղինակազրկել է ոստիկանությունը, խոչընդոտներ ստեղծել մարդկանց սպանությունների հանգամանքները բացահայտելու համար:
Հատուկ քննչական ծառայության ծավալուն հաղորդագրությունում հիշատակված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը սպանվել է 2009 թվականին, Գևորգ Կոստանյանը 2008-ից մինչև 2018-ի հեղափոխությունը բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ գլխավոր դատախազի ու զինդատախազի, 2017-ին պատգամավոր է ընտրվել Հանրապետականի ցուցակով, քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը մեկ տարի առաջ Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել ապացույցների կեղծման համար և հետախուզվում է, ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանն էլ Մարտի 1-ի գործով մեղադրվում է սպանության համար։ Գործով առանցքային վկա համարվող նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն օրերս, նախնական վարկածով, ինքնասպանություն է գործել։