Home / Բնապահպանություն / Մինչև հավատանք բնապահպաններին՝ ուշ կլինի

Մինչև հավատանք բնապահպաններին՝ ուշ կլինի

Հատված «Disorder under Heaven» (Խառնաշփոթ երկնքի տակ) քննարկումից, որում Սլավոյ Ժիժեկը խոսում է բնապահպանական վտանգների, Գրետա Թունբերգի ու պայքարի տարբեր մոտեցումների մասին։

Հարց․ Մյունխենի անվտանգության գիտաժողովի ժամանակ  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տարօրինակ հայտարարություն արեց։ Նա ասաց, որ Գերմանիան թշնամիներ ունի, օրինակ՝ Ռուսաստանի հիբրիդային պատերազմը․․․ և այս հիբրիդային պատերազմի կողքը դրեց նաև Գրետա Թունբերգին ու Սթիվ Բենոնին։ Հետաքրքրական է, որ բնապահպան աղջիկը հասարակական թշնամի է։ Կարո՞ղ են ապագայի համար պայքարողները (fighters for future) թարմ ուժ համարվել։

Սլավոյ Ժիժեկ․ – Անգելա Մերկելի ասածն ինձ զայրացրեց, քանի որ եթե ես ճիշտ եմ կարդացել ու հասկացել, ապա նա այս պարանոյիկ խաղն է խաղում․ փոքր աղջիկը չի կարող մենակ լինել, ինչ-որ մութ ուժեր կան, երևի, նրա հետևում։

Ես ամբողջությամբ սատարում եմ այս շարժմանը, Գրետային։ Նա ինձ դուր է գալիս։ Բայց սրան մի նայեք հոգեբանական կողմից, զուտ որպես վերաբերմունք։ Աուտիզմը (Թունբերգը Ասպերգերի սինդրոմ ունի – խմբ․) նրա մեսիջի մասն է։ Գիտեք, որոշ իրավիճակներում դոգմատիկ մոտեցումներ են պետք։ Այսօր դոգմատիզմը կարող է շատ լավը լինել։ Ի՞նչ նկատի ունեմ։ Չեմ ուզում էժան ձևերով ձեզ շոկի ենթարկել։

Ո՞վ կուզի ապրել հասարակությունում, որտեղ ստիպված ես ժողովրդավարական ձևերով վիճել մարդկանց հետ այն մասին, թե կանայք պե՞տք է բռնաբարվեն, թե՞ ոչ։ Ոչ։ Ես կուզենայի ապրել հասարակության մեջ, որտեղ, երբ ինչ-որ մեկն ասում է «բայց, գուցե, կանանց դա դուր է գալիս», նա պարզապես ներկայանում է որպես ապուշ։ Այս իմաստով մեր ստանդարտները իջել են վերջին 15-20 տարիների ընթացքում․․․

․․․Ֆրոյդի հոգեվերլուծությունից գիտենք․ կան բաներ, որ շատ լավ հասկանում ենք, բայց միևնույն է չենք ընդունում։ Սա՞ չէ մեր հիմնական վերաբերմունքը բնապահպանական խնդիրների նկատմամբ։ Մենք շատ լավ գիտենք, ու գիտնականներն ու վերլուծաբաններն էլ հաստատում են, որ վտանգավոր վիճակ է, և այնուամենայնիվ մենք լուրջ չենք վերաբերվում։ Պետք է ուշադիր լինել։

Գրետայի ուղերձն իր աութիզմն է։ Մենք այդպիսի մոտեցումների կարիք ունենք: Ինձ համար սա նույն Անտիգոնայի գիծն է։ Նա դոգմատիկ է։ Կրեոնին ասում է «ռադ էղի (ներողություն գռեհկության համար), ես ուզում հուղարկավորել եղբորս»։ Կրեոնն ասում է՝ «գիտեմ, բայց քաղաքական իրավիճակին նայիր»։ Հիշեք, պիեսում Անտիգոնան է դոգմատիկը։ Չգրված օրենքներով նա չի հետաքրքրվում։ Մենք այսպիսի մոտեցման կարիք ունենք։ Այս մոտեցումը չի ասում՝ մենք ամեն ինչ գիտենք։ Ամեն ինչ իմանալը ֆետիշիստական թեմայի է վերածվում, երբ լավ գիտես, հասկանում ես, իսկ հետո արդարացումներ ես գտնում։ Դա այն է, ինչ անում է կեղծ լիբերալ հակառասիստական շարժումը ռասիզմի դեմ պայքարում․ «Այո, սարսափելի է, բայց այնուամենայնիվ բարդ իրավիճակ է, մենք պետք է աստիճանաբար առաջ գնանք և այլն, և այլն»։

Աութիզմ, այսինքն՝ նա չի ուզում խաղալ այս հռետորաբանական խաղերը և հաճախ հիանալի պատասխաններ է տալիս։ Հիշում եմ, Մերկելից բացի մի Բելգիացի քաղաքական գործիչ կար, ով ասում էր, որ դասադուլ անելու փոխարեն լավ կլինի դպրոցում մնալ։ Գրետան կամ շարժման անդամներից մեկն էլ հարցրեց, թե ինչ են դպրոցում սովորելու՝ ավիրել բնությու՞նը։

Նա չի էլ ձևացնում, թե ամեն ինչ կարդացել է ու գիտի։ Նրա ուղերձը պարզ է ու խորը։ Մեզնից շատերը, ես էլ, իսկապես բավականաչափ լուրջ չենք վերաբերվում էկոլոգիական վտանգներին։ Կարծում եմ, այդ վտանգներն իշխանությունների կողմից հաճախ օգտագործվում են, որ մենք մեզ լավ զգանք․ «Այո, վտանգավոր է, մենք կվերամշակենք, այնքան լավ եմ ինձ զգում, ես պարզապես էգոիստ սպառող չեմ, ես Մայր բնության համար ինչ-որ բան եմ անում․․․»։

Կան նաև խելացի թերահավատներ՝ միայն գլոբալ տաքացումը ժխտողները չեն։ Գուցե մենք շատ բան չգիտենք, բայց մի բան գիտենք․ իրավիճակն իրոք լուրջ է։ Գրետայի ուղերձը հենց դա է․ եկեք լուրջ վերաբերվենք, դադարեցրեք այդ երկակի, եռակի խաղերը։ Կարծում եմ՝ այսօրվա բնապահպանական թեմաների գլխավոր խնդիրն այդ ժխտողները չեն, այլ այդ «բանական սկեպտիկները», որ ասում են՝ «դե լավ, գուցե այդքան էլ վատ չի ամեն ինչ, եկեք ուշադիր լինենք, եսիմ»։ Այո՛, մենք չգիտենք, բայց յուրաքանչյուր խելացի բնապահպան կպատմի ձեզ, իսկ երբ ամեն ինչ վստահորեն, հաստատ իմանանք՝ ուշ կլինի։

Tekali Taxi