Գլխավոր / մարտի-1 / Քոչարյանի աջակիցներն ինքնալյուստրացիա են անում

Քոչարյանի աջակիցներն ինքնալյուստրացիա են անում

Հոկտեմբերի 7-ին մեկնարկել է Մարտի 1-ի գործով նախկին նախագահի և ևս երեք պաշտոնյաների դատաքննությունը: Քոչարյանի աջակիցները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ազատել նախկին նախագահին: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։ Պաշտպանի կարծիքով՝ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։ Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը։

Մեկնաբանելով Քոչարյանի աջակիցների հայտարարությունը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի կողմից կազմակերպված քննարկմանն ասել է, որ գոնե վերջին 20 տարիներին Հայաստանում բնակված մարդու ձեռքը չպետք է կարողանար նմանատիպ «թուղթ» գրել և ստորագրել:

«Այդ ցուցակում տեսա անձանց, որոնք Քոչարյանի մասին հակառակ կարծիքն են ունեցել, անձանց, որոնք անտարբեր են եղել, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում չեն ունեցել, և այդ ցանկում է նաև Զորի Բալայանը, նրա հետ կապված կարող եմ ասել, որ ներքաղաքական հարցերում ինչին դեմ է Բալայանը, ես կողմ եմ ապրիորի», – նշեց քաղաքագետը:

Վերլուծաբան Գոռ Մադոյանի գնահատմամբ՝ այս փաստաթուղթն ավելի շատ նախերգանքի նման է, Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարել է, որ դիմելու է ՄԻԵԴ, երևի թե փորձ է արվում որոշակի ֆոն ստեղծել, որ ամբաստանյալ Քոչարյանը հանրային աջակցություն ունի․ «Կարդալով ստորագրողների ցանկը՝ կարելի է տեսնել, որ խնամի-ծանոթ-բարեկամներ են: Այս խմբակն իրականությունից կտրված է և չի փորձում առերեսվել իրականության հետ»:

Արդյո՞ք այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ ինչ-որ նոր զարագացման հետ գործ ունենք: Այս հարցին ի պատասխան «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Երբ որ իշխանության է գալիս ժողովուրդը, սկսում է նախկինում մեղք գործած մարդկանց ի հայտ բերել և թույլ չտալ, որ պետական ապարատում ծառայեն: Հայաստանում ինքնալյուստրացիա է կատարվում, վաղը հանգիստ կարելի է ասել, որ ովքեր այդ ստորագրողների ցուցակում են, այլևս իրավունք չունեն պետական ապարատում ծառայել»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վերոնշյալ հայտարարության մեջ նշված է. «Եթե չսթափվեք, հայկական երկու պետությունների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է հայտնվելու», Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց. «Իրական սպառնալիքն այն է, որ դեռևս չկա Քոչարյանի դատավճիռը: Երկրի սպառնալիքները չեզոքացնելու կարևորագույն միջոցառումներից մեկը սահմանադրական կարգը տապալած խմբավորմանը և նրա ղեկավարին քրեական պատասխանատվության ենթարկելն է»:

Գոռ Մադոյանը հավելեց, որ Քոչարյանն իրեն միշտ նույնացրել է պետության հետ և դրանով է նաև պայմանավորված, որ նա չի ընդունում, թե սահմանադրական կարգ է տապալել՝ «ինչպես կարող եմ ես ինձ տապալել» տրամաբանությամբ. «Այդ նյութի հեղինակները նույն տրամաբանությամբ Քոչարյանին նույնացրել են հայկական երկու պետականությունների հետ»։ Վերլուծաբանի կարծիքով՝ Քոչարյանի աջակիցների կողմից անօրինական քարոզչություն է ընթանում, «որը բնում պետք է խեղդվի»:

Մանրամասն՝ 1in.am-ում

Tekali Taxi