Գլխավոր / Առողջապահություն / Զոհված զինծառայողների ընտանիքներին հասանելիք վճարների մասին որոշումն ընդունվել է

Զոհված զինծառայողների ընտանիքներին հասանելիք վճարների մասին որոշումն ընդունվել է

«Երեկ շատ կարևոր որոշում է կայացվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում։ Ըստ այդ որոշման, 2020 թվականի հունվարի 1֊ից աջակցություն կստանան նաև 1998 թվականի հունվարի 1֊ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները և առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները», – կառավարության այսօրվա նիստին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարզաբանեց․ «Որպես օրինակ ասեմ․ եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից կստանա ամսվա մեջ հավելյալ ևս 240 հազար դրամ։ Այս թիվը փոփոխության է ենթարկվում՝ կախված կոչումից, նաև ընտանիքի անդամների քանակից, 300 հազարը՝ որպես միջինացված օրինակ»։

Սա արդեն երրորդ այսպիսի որոշումն է՝ ընդունված 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Նախորդ կառավարության օրոք ստեղծված հիմնադրամը իշխանափոխությունից առաջ ֆինանսական աջակցություն էր տրամադրում բացառապես վերջին երեք տարվա ընթացքում, այսինքն՝ 2017 թվականի հունվարի մեկից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին և առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին։ Իշխանափոխությունից հետո այս ժամկետը, նախ, «հետ էր տրվել» մինչև 2014, ապա՝ մինչև 2008 թվականը։

«Երբ մենք սկեսեցինք այս պրոցեսը՝ հետ գնալու պրոցեսը, մենք ամեն որոշմամբ մի ինչ֊որ կետի կանգնում ենք և, ցավոք սրտի և հասկանալիորեն, մեր մի շարք հայրենակիցներ այդ սահմանից դուրս են մնում, համոզված եմ՝ ժամանակավոր։ Իմ կոչն է կրկին՝ ըմբռնումով մոտենալ և արձանագրել, որ մեկուկես տարվա ընթացքում մենք պրոցեսը 19 տարով արդեն հետ ենք տարել։ Մեր գերնպատակը այն է, որ մենք այս պրոցեսը ետ տանենք մինչև Հայաստանի անկախության մեկնարկը։ Եվ խնդրում եմ մեր սիրելի հայրենակիցներից համբերություն, որպեսզի առավել հանդարտ պայմաններում մենք կարողանանք այս աշխատանքը կատարել», – ամփոփեց վարչապետ Փաշինյանը։

Վերջին կոչն ու խնդրանքը, ըստ էության, հղվում է սեպտեմբերի 19֊ին տեղի ունեցած բողոքի ցույցին, երբ մինչև 2008 թվականը բանակում զոհված և անհետ կորած ազատամարտիկների և զինծառայողների մայրերը, նաև՝ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների հարազատները՝ Մարգարիտա Խաչատրյանի (հայտնի որպես Մառոզ — խմբ․) հետ միասին եկել էին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հիմնադրամի ներկա շահառուների հետ հավասար փոխհատուցում։ Նրանց հետ հանդիպման իջած վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ ևս հիշեցրեց՝ կառավարությունը ընդամենը մեկ տարվա մեջ 9 տարով հետ է տվել այդ ժամկետը, և շարունակում է աշխատել՝ հիմնադրամի շահառուների շրջանակը հնարավորինս ընդլայնելու համար։

Tekali Taxi