Home / Հայաստան / «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենին կրկին կալանավորեցին

«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենին կրկին կալանավորեցին

Կալանավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, հայտնել է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նոր մեղադրանք է առաջադրվել՝ յուրացման համար։ Մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը, իր ֆեյսբուքյան էջում գրել է Երվանդ Վարոսյանը։

«Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։

Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նոր մեղադրանք է առաջադրվել, իբր յուրացման համար։ Իրականում մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը, ինչի հետ Արա Վարդանյանը առնչություն ունենալ չէր կարող։ Նախաքննական մարմնի կողմից ևս դատարանին չներկակացվեց որևէ ապացույց, թե Արա Վարդանյանը հնարավոր է առնչություն ունենա ինչ-որ ենթադրյալ յուրացման։ Ամենևին պատահական չենք համարում նաև այն, որ դեռևս դատարանի` խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում, դատարան ժամանեցին Արա Վարդանյանին քրեակատարողական հիմնարկ ուղեկցող աշխատակիցները…

Նման մեղադրանքի առկայությունը, ինչպես նաև այն, որ 1 տարի 3 ամիս ընտրված խափանման միջոց գրավի որևէ պայման չխախտած անձի նկատմամբ այսօր որպես խափանման միջոց է կիրառվում կալանավորումը, ակնհայտ են դարձնում, որ այս ամենի պատճառը Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է։

Բացի այդ, ինչպես այս գործընթացը, այնպես էլ վերջին շրջանում Հայաստան Համահայկական հիմնադրամն անվանարկող տեղեկությունների շրջանառումը այլ քրեական գործերի առնչությամբ (այդ թվում իրեն ամերիկահայ ներկայացնող ադրբեջանցու միջոցով), հիմք են տալիս պնդելու, որ սրա նպատակն է նաևհերթական տարեկան դրամահավաքի նախաշեմին կրկին հարված հասցնել հիմնադրամի համբավին։
Արա Վարդանյանի պաշտպաններ`

Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան»։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստաբանն ասել է, որ «էդ յուրացման մեղադրանքը շատ ավելի ծիծաղելի է, քան նրան նախկինում առաջադրված մեղադրանքները, բայց անգամ եթե այդ մեղադրանքը համարենք, որ ինչ-որ փաստերի վրա հիմնված էլ լիներ, մեկ տարի երեք ամիս ընտրված խափանման միջոցի պայմանները չխախտած, որևէ կերպ խախտելու փորձ անգամ չկատարած անձի նկատմամբ կալանավորումն ընտրելը՝ այսքան տևական ժամանակ հետո, ինքը օրինականության մեջ որևէ կերպ չի կարող տեղավորվել»: Հոկտեմբերի 9-ին Վարդանյանին կալանավորեցին։ Ըստ Վարոսյանի՝ տվյալ որոշումը բողոքարկվելու է։

2018-ի հուլիսին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Վարդանյանին, հայտնելով, թե նա խոստովանել է, որ հիմնադրամի միջոցներն անձնական նպատակներով է օգտագործել, դրանք ուղղելով նաև տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Անցած տարի Վարդանյանը գրավով ազատ էր արձակվել: Օրեր անց հրաժարական ներկայացնելով «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից՝ նա՝ հրապարակված հայտարարության մեջ ներողություն էր խնդրել ժողովրդից, «Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից»: