Գլխավոր / Հայաստան / Կրեմլը մեծ էներգիա է ծախսում՝ Արցախը Հայաստանից պոկելու համար

Կրեմլը մեծ էներգիա է ծախսում՝ Արցախը Հայաստանից պոկելու համար

Այն, ինչ անում է Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, հետևանքն է՝ Արցախի հարցի հետ կապված Հայաստանի իշխանությունների կողմից ընտրված սխալ մարտավարության։ Հայաստանում 2018-ին տեղի ունեցած փոփոխությունները պետք է հասնեին նաև Ստեփանակերտ։ «Խոսքը վերաբերում է նախորդ ռեժիմի մնացորդ հանցագործ խմբակին, որը երկար տարիներ ղեկավարել է Արցախը և որը նշանակված էր եղել ոճրագործ համակարգի պարագլխի կողմից, նրանք օր առաջ պետք է հեռացվեին ասպարեզից։ Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպիսի մոտեցում չցուցաբերեց և մինչ այսօր էլ այդ իմաստով ոչ հստակ քաղաքականություն է վարում», ֊ a1plus-ին տված հարցազրույցում հայտարարել է «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։

Նշելով, որ Արցախը ոչ միայն փաստացի, այլև դե֊յուրե Հայաստանի Հանրապետության մաս է կազմում, օրինակ, Արցախի բոլոր նախագահներն, արտերկիր գնալու համար Երևանում են մուտքի արտոնագիր ստանում, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարն ընդգծել է, որ երկար տարիների ընթացքում արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծվել իրավական ակտերի և արհեստական հաստատությունների միջոցով։

«Երբ որ մենք խոսում ենք միացումից, նկատի ունենք էդ խոչընդոտները վերացնելը։ Այդ մասին մենք չէինք խոսում քոչարյանների և սերժերի ժամանակ, որովհետև էդ մարդիկ, ըստ էության, հանձնարարություն են կատարել՝ Արցախը Հայաստանից տարանջատելու՝ հայտնի աշխարհաքաղաքական ուժի պատվերով։ Երկու դարից ավել Այսրկովկասում Ռուսաստանն ունի իր շահերը, և արցախյան խնդիրը դարձել է այդ կայսրության ձեռքի խաղալիքը, իրենց ասելով, Անդրկովկասում իրենց վերահսկողությունը պահպանելու նպատակով»։

Բալասանյանի և արցախյան այլ գործիչների՝ ՀՀ իշխանությունների դեմ մղվող պայքարը Սեֆիլյանը բացատրում է նրանով, որ 2018-ի գործողությունների արդյունքը պետք է լիներ ոչ թե «Նիկոլ Փաշինյան՝ վարչապետ», այլ «Կարեն Կարապետյան՝ վարչապետ», սակայն «ժողովրդի աննախադեպ ակտիվության շնորհիվ, բոլորի խաղաքարտերը խառնվեցին»։ Այս համատեքստում նա նաև համոզմունք հայտնեց, որ նախկին իշխանության մեջ Սերժ Սարգսյանի վարչապետությանը դեմ զանգված գոյություն ուներ, որը պայքարում էր նրա հրաժարականի համար։

«Ասեմ ձեզ, որ 2016-ի ՊՊԾ գնդի գործողությունից հետո Մոսկվայում՝ Կրեմլում, որոշում են ընդունել, որ այլևս իմաստ չունի Սերժ Սարգսյանին պահպանել որպես ադմինիստրացիայի նշանակված ղեկավարի, հասկացան, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ատում է․․․ Ուստի ընդամենը մեկուկես ամիս անց Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, սկսվեց նրա փիարի աշխատանքը և զուգահեռաբար Երևանում պարբերաբար լինում էին մոսկովյան պատվիրակություններ՝ համոզելու Սերժ Սարգսյանին, որ նրա ժամանակն ավարտվել է՝ «ճիշտ կլինի դու գնաս»։ Երբ այդ հորդորները տեղ չհասան, ստիպված եղան Տաշիր սամոների միջոցով գործի անցնել Հայաստանում։ Բայց Նիկոլ Փաշինյանի հմտության և, ինչու չէ, նաև սլացության շնորհիվ, վերջապես, մեզ հաջողվեց ձերբազատվել էդ հանցագործ ռեժիմի պարագլխից և ինչ֊որ չափով իր շրջապատից», ֊ ասել է Ժիրայր Սեֆիլյանը։

Կրեմլը, համաձայն չլինելով Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուն, ստիպված էր համաձայնվել, ինչն, ըստ նրա, կապված էր ժողովրդի մոբիլիզացիայի հետ։ Սակայն Ռուսաստանի իշխանությունները ցայսօր ՀՀ վարչապետի հեռացման խնդիր ունեն․ «Մեկուկես տարվա աշխատանք կա՝ վիժեցնելու գործող իշխանությունների գործունեությունը և, դրա արդյունքում ռեյթինգի անկումն ապահովելուց հետո, Նիկոլին հանել այդ պաշտոնից։ Սա ծրագիր է, որը շարունակվում է»։ Ըստ Սեֆիլյանի՝ հենց այս համատեքստում է պետք դիտարկել «վիտալիբալասանյանների և 5-րդ շարասյան ամբողջ գործունեությունը»։

Ըստ Սեֆիլյանի՝ թավշյա հեղափոխություններ չեն լինում, և հեղափոխությունն՝ անցումային ժամանակահատվածում կոշտ քայլեր է պահանջում, իսկ նախկին իշխանություններն էլ, օգտվելով «թավիշից» և առիթավորվելով, ռևանշի փորձեր են սկսել։

«Այս կոնտեքստում պետք է դիտարկել ոչ միայն Վիտալի Բալասանյանի հայտարարությունները, այլ և՛ վանեցյանների, և՛ սերժերի, և՛ մնացած բոլորի գործունեությունը մեր երկրում», ֊ նշել է Սեֆիլյանը։

Կրկնելով Արցախի՝ Հայաստանին միացվելու անհրաժեշտության մասին իր համոզմունքը և նշելով, որ «տունը երկու մասից որ լինում է, թույլ է լինում», նա հավելել է․

«Այսօր, երբ Կրեմլը կորցրել է Երևանը, նրանք մեծ էներգիա են ծախսում Ստեփանակերտում՝ և՛ դե֊յուրե, և՛ փաստացի Արցախը Հայաստանից պոկելու»։

Մանրամասն՝ «Ա1+»֊ի տեսանյութում

Tekali Taxi