Home / Վերլուծություն / Հայաստանի արտաքին քաղաքականությունը տևական ժամանակ ածանցված բնույթ ուներ

Հայաստանի արտաքին քաղաքականությունը տևական ժամանակ ածանցված բնույթ ուներ

2019 թ. սկզբից մինչև հիմա բանակում զոհվել է 39 մարդ: Անցած տարի՝ 50-ը: Բանակցային գործընթացը փակուղում է, ինչը հղի է պատերազմի սպառնալիքով: Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները նույնաբովանդակ հայտարարություններ են արել` բեկանելով դրան նախորդած փոքր ավելի չափավոր տրամադրությունները: Տարածաշրջանում լայնածավալ պատերազմական գործողություններ են սկսված Թուրքիայի կատարմամբ, որ չունի դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ և Ադրբեջանի մերձավորագույն դաշնակիցն է:

Հայաստանի ԱԳՆ կոշտ արձագանքեց Թուրքիայի պատերազմական գործողություններին՝ դրանք որակելով որպես «ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ»: Ռուսաստանի մի քանի վերլուծաբաններ դատապարտեցին Հայաստանի այս հայտարարությունը, բայց պաշտոնական Մոսկվան բան չի ասել:

Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները այսօր հանդիպել ու Ղարաբաղի հարցն են քննարկել: ԵԱՀԿ-ականները եկել են Հայաստան: Երկրի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումներ են եղել, ինչպես միշտ առարկայական բան չի ասվում բովանդակության մասին՝ «հույս հայտնեցին», «ջանքեր», «լարվածության թուլացում», «տարածաշրջանի»…. Ընդհանրապես, Հայաստանում արտաքին երևույթների վերլուծություն քիչ կա, ավելի շատ՝ դրվագային արձագանքներ են:

Տարածաշրջանում բարդ վիճակ է: Հայաստանում նոր է հեղափոխություն եղել, դեռևս չեն ձևավորվել նոր մոտեցումներ, չկա գաղափարական ընդդիմություն: Արտաքին քաղաքականության հիմնական դեմքը այս պահին վարչապետն է: Նրա շուրջ ձևավորված քաղաքական մեծ թիմ կա, որի անդամները բնականաբար հանրային հարթակներում հանդես են գալիս նրա բոլոր արտաքին ձեռնարկումներին կողմ: Թե ինչ են անում այդ մարդիկ ներքին հարթակներում, պարզ չէ, տպավորություն կա, որ բան չեն անում կամ քիչ են անում: Ուղղակի հետահայաց մեկնաբանում են:

Հասարակության լայն շրջանները հետևում են գործընթացին և շատ էմոցիոնալ օրեր ապրեցին. նրանց սկզբում հուզախռով ուժեղ ալիքի մեջ գցեց Փաշինյանի և Ալիևի բախումը Աշխաբադում, հետո էլ Էրդողանը: Կան վերլուծական փշրանքներ, բայց ավելի շատ լժեվերլուծություն ունենք, որի առանցքը կարելի է համարել պսեվդոհայրենասիրությունը: Արտաքին հայացքից հայապաշտպան բնույթ ունեն, բայց տակը դանայան դատարկություն է տիրում, ռեալպոլիտիկից և տրամաբանությունից զուրկ:

Ընդհանրապես, անգիտությունը վտանգավոր է, նույնիսկ եթե դրա նպատակը ազգային շահերն են: Հայաստանի արտաքին քաղաքականությունը տևական ժամանակ ածանցված բնույթ ուներ, դժվար է այն կոչել պետական լիարժեք քաղաքականություն: Կարելի է դանդաղ շտկել իրավիճակը, թե չէ բարդ այս շրջանում մեկ քարով խաղալը շատ վտանգավոր է, սխալների և հետո դրանք նույն գրիչով սրբագրելու հավանականությունը՝ մեծ ու լավ տեղ չտանող:

Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ

Tekali Taxi