Home / Առողջապահություն / ՀՔԾ-ն չի գտնում ոստիկաններին, ովքեր խոշտանգել են Էդգար Ծատինյանին

ՀՔԾ-ն չի գտնում ոստիկաններին, ովքեր խոշտանգել են Էդգար Ծատինյանին

 

«Մամ, ինձ մենակ չթողնեք, սրանք խոսում էին, որ ինձ պիտի սպանեն»: Սա մահացած Էդգար Ծատինյանի վերջին բառերն են, տղան զգացել էր, որ իրեն ուզում են սպանել «Արմենիա» բժշկական կենտրոնում։

Հանրությանը Էդգար Ծատինյանի մահվան մանրամասները հայտնի դարձան, երբ նրա քույրը 2019 թ ապրիլի 13-ին ֆեյսբուքում գրառում կատարեց։ Սահմռկեցուցիչ մահվան լուրը շատ արագ տարածվեց համացանցում։ Հայտնի դարձավ, որ Նոր Նորքի ոստիկանությունում Էդգարի Ծատինյանին դաժան ծեծի են ենթարկել։ Բռնության ենթարկելուց հետո ոստիկանները նրան տարել են սկզբից Նոր Նորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ Ծատինյանին չեն ընդունել, իսկ հետո տարել են «Արմենիա» հիվանդանոց։

Լրատվամիջոցներին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից փոխանցել էին, որ շտապ բժշկական միջամտության կարիք չկար, այդ իսկ պատճառով էլ չեն ընդունել։

Էդգարի հարազատները պատմում են, թե ինչպիսի դաժանությամբ են խոշտանգման ենթարկել տղային, փորձել են ստիպել, որ ցուցմունք գրի իր հարևանների վրա՝ տատիկի սպանության գործով, որից հետո էդգարը 3 գրամ թմրամիջոց է ընդունել։ Հիվանդանոցում պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել, ինչն էլ հանգեցրել է մահվան։

Այժմ կա հարուցված երկու քրեական գործ։ 2019թ․ ապրիլի 15-ին Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել խոշտանգման հիմքով քրեական օրենսգրքի 309․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետով։ Մյուս քրեական գործը վերաբերվում է սույն թվականի ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելուն։ Քրեական գործը քննվում է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։ Երկու քրեական գործերն էլ նախաքննության փուլում են։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կատարվածի առնչությամբ մի քանի կարևոր հարց է բարձրացնում․

– Ո՞րտեղից 3 գրամ թմրանյութ հայտնվեց ոստիկանության Նոր Նորքի բաժնում, երբ Էդգար Ծատինյանին բերման ենթարկելիս նրա մոտ ոչինչ չէր հայտնաբերվել։ Անհասկանալի է, թե ինչ հիմքով են մերժում երկու քրեական գործերը մեկում միավորելու միջնորդությունը։

Ոստիկանության բաժնում առկա է էդգար Ծատինյանի նկատմամբ բռնությունների փաստը, ինչը, ըստ իրավապաշտպանի, լուրջ մեղադրանք է արդեն ոստիկանության աշխատակիցների նկատմամբ: Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ Էդգար Ծատինյանին խոշտանգել են։ Արթուր Սաքունցը նկատում է, որ պետությունն ունի պոզիտիվ պարտականություն բացահայտելու Էդգար Ծատինյանի նկատմամբ խոշտագման դեպքը, քանի որ քաղաքացու հետ տեղի ունեցած բոլոր գործողությունների համար պատասխանատվություն է կրում ոստիկանությունն ու«Արմենիա» ԲԿ-ն։

Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ քրեական գործի շրջանակներում իրականացվել են քննչական և այլ դատավարական գործողություններ, նշանակվել մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատաբժշկական, դատակենսաբանական: ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ քրեական գործով որևէ անձ դեռևս մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական կարգավիճակ չունի: Չանայած որ Էդգար Ծատինյանը հասցրել է անուններ տալ․ իր մարը՝ Լարիսա Եթարյանը ամեն հարցազրույցին հնչեցնում է այդ անունները, սակայն Հատուկ քննչական ծառայությունում դեռևս չկան մեղադրյալներ։

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրեցին նաև, որ այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել` ելնելով նախաքննության շահերից և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված` նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից:

Tekali Taxi