Հայաստանի գլխավոր դատախազը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել երկու գործով 2008թ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու, փոփոխելու և դրանցով դատապարտված անձանց արդարացնելու վերաբերյալ։
Ըստ դատախազության հոկտեմբերի 28-ի հաղորդագրության, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Դավիթ Մաթևոսյանի և Խաչիկ Գասպարյանի վերաբերյալ 2008թ. ընթացքում կայացված մեղադրական դատավճիռների դեմ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի հունիսին կայացված դատավճռիռներով Դ.Մաթևոսյանը և Խաչիկ Գասպարյանը մեղավոր են ճանաչվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 7-ի սահմաններում, «Ազատության» հրապարակում նշված երկու անձինք, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հրելու և քաշքշելու կամ հարվածելու եղանակով վերջիններիս նկատմամբ գործադրել են կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն՝ կապված նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Վերոնշյալ դատավճիռներով Դ.Մաթևոսյանը դատապարտվել է երեք, իսկ Խ. Գասպարյանը՝ երկու տարի ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով վերջինիս նկատմամբ նշանակված պատիժըn պայամանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով մեկ տարի վեց ամիս ժամկետով փորձաշրջան։
Դատավճիռները պաշտպանության կողմից բողոքարկվել են վերաքննիչ քրեական դատարան, որը 2008թ. սեպտեմբերին կայացրած որոշումներով մերժել է վերաքննիչ բողոքները և Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռները թողել անփոփոխ։ Դ. Մաթևոսյանի վերաբերյալ գործով ներկայացվել է նաև վճռաբեկ բողոք, սակայն 2009թ. հունվարին Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։
Գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել նաև վերոնշյալ երկու գործերը, որոնց արդյունքում պարզվել է, որ դրանցով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը: Մասնավորապես՝ երկու դեպքում էլ խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով երաշխավորված գործի արդարացի քննության իրավունքը:
Վարույթն իրականացնող մարմինը և դատարանները Դ.Մաթևոսյանի և Խ. Գասպարյանի կողմից ոստիկաններին հրելն ու քաշքշելը դիտել են որպես բռնություն, այն դեպքում, երբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման համատեքստում դրանք չեն կարող որպես այդպիսին գնահատվել: Խ. Գասպարյանի պարագայում մեղադրանքում նշված հարվածելու հանգամանքի վերաբերյալ որևէ ապացույց քրեական գործում առկա չէ, դրա վերաբերյալ որևէ հղում չկա դատական ակտերում:
Պարզվել է, որ դատարանները խախտել են նաև ամբաստանյալների՝ ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:
Մասնավորապես՝ դատաքննության ընթացքում առանց որևէ լուրջ հիմնավորման մերժվել են իրադարձություններին և Դ.Մաթևոսյանին ու Խ. Գասպարյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ընթացքին ականատես մի քանի անձանց դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու պաշտպանության կողմի միջնորդությունները: Երկու գործով էլ մեղադրական դատավճռի հիմքում դրվել են բացառապես ոստիկանության աշխատակիցների՝ վարույթի ընթացքում պատշաճ չստուգված ցուցմունքները:
Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, վկայակոչելով նաև Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով կայացված որոշումներ, իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ «…իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին (տե՛ս mutatis mutandis, «Կասպարովը և այլք»՝ վերեւում հիշատակված, § 66)»:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Դավիթ Մաթևոսյանի և Խաչիկ Գասպարյանի վերաբերյալ դատական ակտերը բեկանելու և փոփոխելու պահանջով: