Home / Առողջապահություն / Բոլորը կրթության կարիք ունեն՝ սկսած պետից, և ամենակարևորը՝ դատապարտյալները. համաժողովից

Բոլորը կրթության կարիք ունեն՝ սկսած պետից, և ամենակարևորը՝ դատապարտյալները. համաժողովից

Մեջբերումներ նոյեմբերի 15-ին Երևանի Մարիոթ հյուրանոցում մեկնարկած «Մարտահրավերներ և բարեփոխումներ․ մարդու իրավունքները փակ հաստատություններում» համաժողովում հնչած ելույթներից:

«Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահ, Hetq.am լրատվական կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյան

– Այս համակարգում Հայաստանում տասնամյակից ավելի շարունակվում են բարեփոխումները։ Միջազգային կառույցները ծրագրեր են ֆինանսավորում, փոքր փոփոխություններ, իհարկե, նկատելի են․ դիտորդական խմբերն են մուտք գործել բանտեր, բայց իրականում այս հաստատությունները շարունակում են մնալ փակ, չենք կարողանում բացել, չենք կարողանում խնդիրները ներկայացնել՝ հաշվի չառնելով նրանց վնաս չտալու հարցը։

Համակարգում կան բազմաթիվ խնդիրներ։ Պետական կառույցները չէին ցանկանում, որ այդ խնդիրները վեր հանվեն։ Իշխանափոխությունից հետո նոր հնարավորություն է, որ այս խնդիրները վեր հանած դնենք իրենց առաջ, ստիպենք, որ բարեփոխումներ կատարվեն։ Կառավարությունն առաջինը պետք է մտածի կրթական ծրագրերի մասին․ բոլորը կրթության կարիք ունեն՝ սկսած պետից, և ամենակարևորը՝ դատապարտյալները։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունց․

– Պարզ է, որ մեկուկես տարվա ընթացքում այնպիսի կոնսերվատիվ համակարգում, ինչպիսին բանտերը, հոգեբուժական հաստատությունները, ոստիկանության բաժանմունքները, մարդու ազատությունից զրկելու իստիտուտներն են, չէին կարող միանգամից փոխվել, քանի որ չեն փոխվել մարդիկ, որոնք տարիներ շարունակ աշխատել են ոչ թե այն տրամաբանությամբ, որ ազատազրկված անձի նկատմամբ պետության պարտավորությունների կատարումը շատ ավելի մեծ պահանջներ է ներկայացնում, այլ նրանք գործել են պահելու համար, շատ դեպքերում փակ հաստատությունները եղել են հետապնդման ինստիտուտներ։ Նոր կառավարության օրակարգում կան կարևոր նախաձեռնություններ։

Հիմնական ջանքը, որ պետությունը պետք է կատարի՝ չկիրառի վախի գործիքը, պետք է հասկանալ, որ ազատազրկումն արդեն ամենամեծ պատիժն է, ու ազատազրկված մարդը չպետք է ենթարկվի այլ պատիժների։

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին․

– Բավարար չէ միայն օրենք փոխել, անհրաժեշտ է նաև մտածելակերպ փոխել, մարդու իրավունքների հարգանքի արդյունքում է դա հնարավոր։ Հանրությունն իրավունք ունի տեղեկատվություն ստանալ, թե ինչ է տեղի ունենում բանտերի, հոգեբուժարանների պատերի ետևում։

Եվրամիությունը շարունակում է աջակցել խոսքի ազատության, տեղեկատվություն ստանալու իրավունքին։ Այս ծրագիրը չափազանց կարևոր է, այն իրականացնում ենք Հայաստանի պատմության մեջ նոր խաչմերուկում գտնվելով։

Այս ծրագիրը փաստում է նաև լրագրողների խիզախության մասին։ Տարիներ առաջ դա հնարավոր չէր լինի, հիմա հաճելի է, որ երկրում այսքան լրագրող նվիրել է իր ժամանակը փակ հաստատություններում հոդվածներ պատրաստելուն։

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյան

– Այսօր հիանալի հնարավորություն ունենք փակ հաստատություններում տարիներ շարունակ արմատած խնդիրները լուծելու։ Գոնե այսօր կամ վերջին երեք տարիների ընթացքում խոշտանգումների մասին խոսելը ժամանակավրեպ է, պատժի կրման վատ պայմանների մասին խոսելը ճիշտ է այսօր, բայց մենք շարունակական քայլերի միջոցով գնում ենք բարելավման։ Ռազմավարության շրջանակում նախատեսվում է հիմնանորոգում կատարել մի շարք ՔԿՀ-ներում, ինչպես նաև կառուցել նոր ՔԿՀ-ներ, որոնք ունակ կլինեն ապահովել պատժի կրման արժանապատիվ պայմաններ։ Քայլեր ունենք կատարելու դատապարտյալների, կալանավորվածների բժշկական պատշաճ սպասարկում ստանալու, նրանց վերասոցիալականացման առումով։ Մի շարք ծրագրեր ունենք համատեղ լրագրողների, ՀԿ-ների հետ իրականացնելու։ Լիահույս եմ, որ մոտ ապագայում լրագրողների հոդվածներում կլինեն ոչ թե խնդիրները, այլ հաջողության պատմությունները։

Tekali Taxi