Home / Մարզեր / Վրաստանում չի հաջողվում ընտրական համակարգի շուրջ համաձայնության գալ

Վրաստանում չի հաջողվում ընտրական համակարգի շուրջ համաձայնության գալ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ, որտեղ կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի մասնակցությամբ խորհրդարանական մեծամասնության նիստն էր ընթանում, բողոքի ակցիաներ են։ Ցույցերին մասնակցում են «Ամոթ է» շարժման մասնակիցները, ընդդիմադիր պատգամավորներ, ակտիվիստներ։ Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում տուժել է ցույցի մասնակիցներից մեկը և օպերատորը, ով ձեռքի կոտրվածք ունի։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14֊ին չընդունեց խորհրդարանական մեծամասնության առաջարկած օրենսդրական նախագիծը սահմանադրական փոփոխությունների մասին, որոնցով նախատեսվում էր անցում կատարել ընտրությունների համամասնական համակարգի։ Խորհրդարանը տապալեց այդ քվեարկությունը հենց «Վրացական երազանքի» որոշ պատգամավորների պատճառով, ովքեր մեծամասնական համակարգով էին ընտրվել։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի իշխանություններին և ընդդիմությանը հորդորել է ընդհանուր լեզու գտնել և զերծ մնալ իրավիճակի էլ ավելի սրացումից։ Նախագահը նշել է, որ ժողովրդավարության մակարդակը կախված չէ երկրում ընդունված ընտրական համակարգից՝ համամասնական, մեծամասնական, թե խառը։ Նա կողմերին կոչ է արել օգտագործել բոլոր ռեսուրսները երկխոսության կայացման համար։

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, ով ևս մասնակցում էր նոյեմբերի 15-ի նիստին, սահմանադրական փոփոխության ձախողման մասին ասել է․ «Համամասնական ընտրական համակարգը դեպի առաջ քայլ է մեր ժողովրդավարացման տեսանկյունից։ Կարծում եմ համամասնական ընտրական համակարգը կարող է որակապես փոխել քաղաքական մշակույթը մեր երկրում։ Դա որոշում է, որը մենք ընդունել էինք և ցանկանում էինք իրագործել։  Ուզում եմ ընդգծել, որ այդ խոստման իրականացումն ամրագրված է Սահմանադրությամբ։ Մենք խոսում ենք 2020 թվականի մասին, բայց պետք է հիշենք, որ մեր Սահմանադրության մեջ արդեն նշված է 2024 թվականը»։

Մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ հանդիպումից հետո «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ընդդիմության շրջանում ընտրական համակարգի հետ կապված կոնսենսուս կա․ ընտրությունները պետք է անց կացվեն այսպես կոչված գերմանական մոդելով։

«Գրեթե համաձայնության ենք եկել, և հավանաբար այդ համաձայնությունը կներկայացնենք նաև գրավոր տեսքով, որ ստեղծված իրավիճակում, երբ իշխանությունները և մասնավորապես առաջին դեմքը խարդախությունների են դիմում, մենք կարծում ենք, որ սահմանադրական֊իրավական տեսանկյունից ամենաճիշտ ելքը գերմանական մոդելն է, որը սահմանադրական փոփոխություններ չի ենթադրում, պետք են խորհրդարանական մեծամասնության 30 պատգամավորներ։ «Ազատ Վրաստանն» առավել հետաքրքրված է իրավիճակի սահմանադրական և ոչ հեղափոխական սցենարով զարգացմամբ։ Մենք Իվանիշվիլիի ռեժիմին ևս մեկ շանս ենք տալիս․․․ Գերմանական մոդելը համամասնական համակարգի տարատեսակներից է, որը սակայն սահմանադրական փոփոխություններ չի պահանջում», – հայտարարել է Կախա Կուկավան։

Tekali Taxi